Թուրքիան մտադիր է Ս-400 ԶՀՀ-երը ռուս մասնագետների համար անհասանելի դարձնել

Զենիթահրթիռային համակարգերի նկատմամբ հասանելիություն ունենալու են միայն Թուրքիայի ռազմաօդային ուժերը և թուրքական ընկերությունները:

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ ռուս մասնագետները զրկվելու են Թուրքիայի տարածքում տեղակայված Ս-400 (S-400) զենիթահրթիռային համակարգերի հասանելիությունից:

Դեմիրի խոսքով՝ թուրք զինվորականները շարունակում են ծավալել Ռուսաստանից ձեռք բերված հրթիռային համակարգերը, դրանց որոշ տարրեր հանձնվել են շահագործման: Թե շահագործման հանձնված որ համակարգերի մասին է խոսքը, Դեմիրը չի հստակեցրել: Ծավալման վերջնական ժամկետների մասին նույնպես չի նշվել:

Իսմայիլ Դեմիրն ընդգծել է, որ չնայած ռուս-թուրքական համաձայնությանը, որով նախատեսվում է թուրք զինվորականների ուսուցանում, ինչպես նաև տեխնիկական շահագործում և աջակցություն, ռուսաստանցի մասնագետներն Ս-400 զենիթային համակարգերի նկատմամբ ազատ հասանելիություն չեն ունենալու: Նշվում է, որ լիարժեք հասանելիություն ունենալու են միայն թուրքական ընկերություններն ու ռազմաօդային ուժերը:

Ավելի վաղ Անկարան հայտարարել էր 2020թ. ապրիլին Ս-400 ԶՀՀ-երը ծավալելու և մայիս-հունիս ամիսներին լիովին ռազմական պատրաստության բերելու ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 4 դիվիզիոն Ս-400 ԶՀՀ-եր է մատակարարել Թուրքիա: Ներկայումս կողմերը քննարկում են լրացուցիչ զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանները:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին