Վրաստանի կառավարությունը հետհամավարակային հավակնոտ ծրագիր է ներկայացրել

Զբոսաշրջությունը հուլիսի 1-ից կվերաբացվի. զբոսաշրջային ոլորտը լիովին կազատվի գույքահարկի վճարումներից, իսկ եկամտային հարկերը կհետաձգվեն 9 ամսով:

Նոր տեսակի կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումները թուլացվում են, և Վրաստանը սկսում է վերականգնել իր տնտեսությունը: Վարչապետ Գեորգի Գախարիան ներկայացրել է կառավարության ծրագիրը:

Մայիսի 11-ից Վրաստանում վերականգնվելու են բոլոր տեսակի արտադրությունները, վերաբացվելու են ինչպես մանրածախ, այնպես էլ՝ մեծածախ առևտրի կետերը, որոնք ունեն մուտք փողոցից: Սահմանափակումների նվազեցումը չի վերաբերելու միայն հագուստի և կոշիկի խանութներին: Փակ են մնալու նաև խոշոր առևտրային կենտրոնները՝ այսպես կոչված՝ մոլերը:

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ բիզնեսի համար արտոնություններ են սահմանվելու, սակայն չի հստակեցրել, թե՝ ինչպիսի: Գեորգի Գախարիայի խոսքով՝ արտոնությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հաղորդվելու է մոտ օրերը: Կառավարությունը նաև նշելու է այն քայլերը, ըստ որոնց տնտեսությունը սկսելու է աշխատել:

Հունիսի 15-ից Վրաստանը վերաբացելու է ներգնա զբոսաշրջությունը, իսկ հուլիսի 1-ից նախատեսվում է ընդունել օտարերկրյա այցելուներին: Վրացական մամուլն այս որոշումն անվանել է հավակնոտ (ամբիցիոզ):

Այդպիսով՝ Վրաստանը դառնալու է այն երկիրը, որն առաջինը կբացի իր սահմանները և զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ արտերկրից հյուրերի ընդունելու համար:

Գեորգի Գախարիան նշել է, որ այդ նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսվում. ստեղծվելու են այսպես կոչված անվտանգ միջանցքներ՝ ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ հարևան երկրներում: Հաղորդվում է, որ ներկայումս այդ ուղղությամբ հարևան պետությունների հետ բանակցություններ են ընթանում:

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ հյուրանոցները մեկուսացման վայրեր դարձնելը մեծ փորձ է հանդիսացել՝ զբոսաշրջության ոլորտում նոր չափորոշիչների առումով: Նրա խոսքով՝ զբոսաշրջության վերականգման համար կարևոր է սահմանների բացումը՝ ցամաքային և օդային, և ձեռնարկվում են միջոցներ՝ սահմանային վերահսկողությունն այնպես ուժեղացնելու, որ 14-օրյա կամ 24-ժամյա մեկուսացումը փոխարինվի 1-ժամյա հսկողությամբ: Դրա համար անհրաժեշտ հնարավորություններն ու տեխնոլոգիան, Գախարիայի խոսքով, առկա են, և առաջիկայում հարցը կլուծվի: Հաջորդ կարևոր հարցը հյուրանոցների կառավարումն ու չափորոշիչների հաշվառումն է, որոնք կապված են Covid-19-ի հետ: Նույնը վերաբերում է նաև տրանսպորտին:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նաև հայտարարել է, որ 2020թ. երկրի զբոսաշրջային ոլորտը լիովին ազատվելու է գույքահարկի վճարումներից, իսկ եկամտային հարկերը հետաձգվելու են 9 ամսով:

Կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արժանացել է ընդդիմության քննադատությանը՝ համարելով, որ առկա են նաև ճիշտ կետեր:

Եվրոպական Վրաստան կուսակցության առաջնորդներից Դավիդ Բաքրաձեն հայտարարել է, որ չնայած որոշ ճշմարիտ տարրերի` ընդհանուր առմամբ ծրագիրը մասնակի բնույթ է կրում և ուշացած է: Նրա խոսքով` առաջին սխալը տնտեսությունը ոլորտների բաժանելն է, քանի որ ճգնաժամն ազդել է տնտեսական բոլոր ճյուղերի վրա: Բաքրաձեն անհրաժեշտ է համարել կատարել ընդհանուր քայլեր` բոլորին ընդգրկող, որից հետո անցնել հավելյալ արտոնություններին: Հարկային մեղմացումը, ըստ նրա, պետք է վերաբերվի բոլորին, և ոչ միայն` զբոսաշրջությանը:

Ազգային շարժում կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն ծրագիրը համարել է անիրատեսական, քանի որ դրա իրականացման համար անհրաժեշտ բյուջեն բացակայում է:

Այլ ընդդիմադիրներ իշխանությանը մեղադրել են միայն խոստանալու և դրանք չիրականացնելու մեջ:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին