«Օրենքով գողերը»* դատի են տվել Վրաստանի նախագահին

«Քրեական հեղինակությունները» մնացել են առանց քաղաքացիության. այլև չեն կարող վերադառնալ Վրաստան, այլ երկրում ձերբակալվելու դեպքում չեն արտահանձնվելու:

Հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» դատական հայց են ներկայացրել ընդդեմ Վրաստանի նախագահի: Խոսքը Սալոմե Զուրաբիշվիլիի այն որոշմանն է վերաբերում, որի համաձայն «քրեական հեղինակությունները» զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից: Դրանով սահմանափակփել է նրանց տեղաշարժը նաև այլ երկրներում: Բացի այդ` այլ պետությունում ձերբակալվելու դեպքում նրանք չեն արտահանձնվելու Վրաստանին:

Հիմնականում խոսքը վերաբերում է այն «օրենքով գողերին», ովքեր Վրաստանի դատարանների կողմից 2013-2018թթ. արդարացվել են, սակայն արդարացնող վճիռի հրապարակումից հետո ամեն դեպքում ստիպված են եղել լքել երկիրը:

Վերջին 5 տարիներին վրացական իրավապահ համակարգն անմեղ է ճանաչել ու դատարանի դահլիճից ազատ արձակել 30 «օրենքով գողերի», որոնց թվում՝ բավականին ազդեցիկ ու հետխորհրդային երկրներում մեծ «համբավ» ունեցող մարդիկ:

Նրանցից շատերն այլ երկրներում բազմիցս ձերբակալվել են կեղծ փաստաթղթերով, և Վրաստանին այդ տեղեկատվությունը փոխանցելուց հետո նախագահը որոշել է նրանց զրկել քաղաքացիությունից:

Փաստաբան Թամար Աբեսաձեն նշել է, որ քաղաքացիությունից զրկումը տեղի է ունեցել առանց այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը ճշտելու՝ արդյունքում մարդկանց թողնելով առանց քաղաքացիության, ինչն իրավական հիմքեր չունի: Փաստաբանի խոսքով՝ քաղաքացիություն չունեցող անձինք կանգնած են մի շարք խնդիրների առաջ:

Հաղորդվում է, որ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների ազատ արձակումը դատարանի դահլիճից իշխանություններին դրդել է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում: Նախկինում անհրաժեշտ էր ապացուցել հանցագործության կատարումը, ապա նոր՝ դատել: Սակայն իրականացված փոփոխություններից հետո միայն քրեական կարգավիճակի ճանաչումը բավական է՝ ազատազրկման դատապարտելու համար:

* Հայաստանում՝ «քրեական ենթամշակույթի կրողներ, օրենքով արգելված:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին