Հնդիկ փորձագետը նշել է, որ Սիրիան Ռուսաստանի համար ավելի շատ նման է այն նույն ճահճին, որը Խորհրդային Միության համար Աֆղանստանն էր:
Հնդիկ դիվանագետ Մ.Կ.Բհադրակումարը (M.K.Bhadrakumar) մատնանշել է այն փաստը, որը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը ռուսական դրածո չէ, և երկու երկրների հետաքրքրությունները հաճախ չեն համընկնում: Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը ձգտում է իր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը, մինչդեռ Կրեմլը հետապնդում է միաժամանակ մի քանի նպատակներ, այդ թվում՝ այդ երկրի իրադրության հետ անմիջական կապ չունեցող:
Ուժի ցուցադրումը նշանակել է հետխորհրդային Ռուսաստանի վերադարձ Արևելյան Միջերկրածով՝ ընդգծելով մերձավորարևելյան գործերում դերակատարում ունենալու Մոսկվայի մտադրությունը: Այդ ամենը նաև պետք է ծառայեր ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ փլուզված հարաբերությունների վերականգնմանը:
Պատերազմը ճահիճ դարձնելը, ինչպես եղավ Աֆղանստանի դեպքում, վերջինն է, ինչը ցանկանում է Մոսկվան: Սակայն օվկիանոսից այն կողմ առկա են այլ ծրագրեր:
Հեղինակը նշում է, որ Միացյալ Նահանգների՝ Սիրիայի հարցերով հատուկ պատվիրակը վերջերս ելույթ է ունեցել՝ հայտնելով, որ իր առաքելությունն է ռուսական զորքերի դուրսբերումը տարածաշրջանից:
Դիվանագետն ընդգծել է, որ նման պրովոկացիոն հայտարարությունները պետք է տագնապով դիտարկվեն Մոսկվայում: Մի կողմից՝ Թուրքիան ու ԱՄՆ-ն արգելափակել են Սիրիայում ռուսական ռազմական հաղթարշավի հնարավորությունները, իսկ մյուս կողմից՝ Ասադը չի համաձայնի ավելի պակասի, քան լիակատար հաղթանակն է:
Ռուսական հասարակությունը երբեք չի համաձայնի Սիրիայում աֆղանական դիպաշարին, և 2015թ. ռազմական միջամտության ամբողջ իմաստը վաղ թե ուշ կենթարկվի մանրամասն վերլուծության, եթե ներկայիս փակուղին մնա այնպիսին, ինչպիսին կա:
Միաժամանակ, ռուսական տնտեսությունը հայտնվել է ծանր իրավիճակում. կորոնավիրուսի համավարակի պատճառով կտրուկ նվազել է նավթի պահանջարկը՝ նվազեցնելով նաև նավթի արտահանումից ստացվող եկամուտները:
Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանը շարունակում է ԱՄՆ-ի կողմից սպասել կառուցողական մասնակցության, բայց Վաշինգտոնը հետաքրքրված չէ Մոսկվայի հետ համագործակցությամբ: Նշվում է, որ Ռուսաստանը տոքսիկ սուբյեկտ է համարվում:
Հնդիկ փորձագետն ընդգծում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Սիրիան տեսնել առանց ՌԴ ռազմաբազաների. ռուսական ներկայությունը Միջերկրական ծովում անհանդուրժելի է: