Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են Կուբային դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշման համար կատարել հավելյալ կոնսուլտացիաներ՝ բոլոր ասպեկտները հստակեցնելու համար:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները հավելյալ կոնսուլտացիաներ են անցկացնում Կուբայի հետ՝ վերջինիս ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ:
Մյասնիկովիչը նշել է, որ Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը համաձայն են Կուբային այդ կարգավիճակը շնորհելու հարցում: Ղազախստանը կուբայական կողմի հետ հավեյլալ կոնսուլտացիաների անհրաժեշտություն է տեսել: Ռուսաստանը նույնպես առաջարկել է հավելյալ քննարկումներ կազմակերպել՝ բոլոր ասպեկտները հստակեցնելու նպատակով:
Հաղորդվում է, որ Կուբան մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերել ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ՝ դեռևս Միության ստեղծման օրվանից: 2018թ. Կուբայի կառավարությունը ԵՏՀ-ի հետ համագործակցում է փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Հանձնաժողովի կողմից Կուբայի դիտորդ-պետության կարգավիճակի հարցն արդեն երկու անգամ քննարկվել է:
Հիշեցնենք՝ ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Մոլդովան ունի դիտորդի կարգավիճակ, իսկ մի շարք այլ երկրների հետ կնքվել են ազատ առևտրի համաձայնագրեր:
Բաժանորդագրվեք նաև մեր Telegram ալիքին
