ADAS-ի թեստավորման համալիր, 5G նախատիպավորման և թեստավորման համակարգ. համատեղ փորձառության օրինակներ

Հակոբ Արշակյանը ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի հետ քննարկել է Ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նշվել է համատեղ բարդ տեխնիկական լուծումներ ստեղծելու փորձառությունը:

Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության Առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ քննարկել է Ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Նախարարի խոսքով՝ նշվել է նշված ոլորտներում համատեղ բարդ տեխնիկական լուծումներ ստեղծելու փորձառությունը:

Այդպիսիք են՝ ինքնավար մեքենաների ADAS համակարգի թեստավորման համալիրը, որը նախագծվել է Հայաստանում՝ ՌԴ պետական գիտական կենտրոնի «Կենտրոնական հետազոտական ավտոմոբիլային և ավտոմոտորային ինստիտուտ» դաշնային պետական միավորված ձեռնարկության (НАМИ) հետ համատեղ և 5G նախատիպավորման և թեստավորման համակարգը, որը գործում է «Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտ» ազգային հետազոտական համալսարանում (МИЭT)։

Հակոբ Արշակյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակել քննարկումները և երկուստեք ներկայացնել զարգացման համատեղ ծրագրերի առաջարկներ: Առաջիկայում տեղի են ունենալու մի շարք աշխատանքային քննարկումներ արդեն տեղակալների մակարդակով: