Ուկրաինան արբանյակներով կհետևի Ղրիմում ռուսական գործողություններին

Արբանյակային տեղեկությունների փոխանակման համար համաձայնություն է կնքվել 19 երկրների հետ: Մատնանշվում են հատկապես ամերիկյան WorldView-1, WorldView-2 և ֆրանսիական Pleiades արբանյակները:

Ուկրաինան 19 երկրների հետ համաձայնություն է կնքել՝ արբանյակային տվյալների փոխանակման վերաբերյալ: Հաղորդվում է, որ Արևմուտքի երկրների կողմից տրամադրված տիեզերական սարքավորումներն օգտագործվելու են Ղրիմում Ռուսաստանի գործողություններին հետևելու նպատակով:

Ստացված տվյալների օգնությամբ ուկրաինական զինվորականները կարողանալու են արձանագրել «հակառակորդի կազմն ու տեղակայման վայրը», հայտնաբերել ինժեներական արգելանքները, բացահայտել ռազմատեխնիկայի նոր նմուշները և այլն:

Հնարավոր է համարվում մասնավորապես ամերիկյան WorldView-1-ի և WorldView-2-ի, ինչպես նաև ֆրանսիական Pleiades-ի տվյալների տրամադրումն ուկրաինական իշխանություններին:

Ամերիկյան առևտրային բոլոր արբանյակները երկակի նշանակության սարքավորումներ են, քանի որ ընկերություններն ունեն պետական պայմանագրեր, ըստ որոնց՝ ստացված տեսատեղեկատվության մեծ մասը փոխանցվում է ԱՄՆ-ի Աշխարհատարածական տեղեկատվության ազգային գործակալությանը, որը գործում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և պաշտպանության շրջանակներում:

Հաղորդվում է, որ ռազմական փորձագետները տիեզերական հետախուզությունը համարում են առանցքային, օրվա ցանկացած ժամին, անկախ եղանակային պայմաններից, հավաստի տեղեկություն ստանալու առավել հուսալի աղբյուր: Դրա օգնությամբ շրջաններն ու օբյեկտները կարող են հետախուզվել՝ անկախ աշխարհագրական դիրքից:

Նկարը՝ © AP (Ղրիմ, Սակի օդանավակայան, ՌԴ ՊՆ 43-րդ ավիացիոն գունդ, 2016թ., Pleiades արբանյակից)

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին