Կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներում կիրառված վարչական տույժի ընդհանուր չափը Վրաստանում անցել է 7,1 մլն դոլարից: Տուգանվածները 30 օրում պետք է վճարեն այն:
Վրաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման համար երկու ամսվա ընթացքում կիրառված վարչական տույժերի չափը գերազանցում 22,5 միլիոն լարին (շուրջ 7,1 միլիոն դոլար):
Արտակարգ դրությունը, որը մտցվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, Վրաստանում ուժի մեջ է մտել մարտի 21-ից և ավարտվել մայիսի 23-ին: Մարտի 31-ից սահմանափակումները խստացվել են. պարետային ժամ է մտցվել և արգելվել են 3-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքները: Մինչև ապրիլի 27-ը գործնականում փակ են եղել առևտրային բոլոր օբյեկտները՝ բացառությամբ պարենային խանութների, բանկերի ու դեղատների:
Հաղորդվում է, որ երկու ամսվա ընթացքում վարչական տույժի է ենթարկվել 7444 ֆիզիկական անձ, 18 կազմակերպություն:
Ֆիզիկական անձանց համար տուգանքի չափը կազմել է 3 հազար լարի (942 դոլար), իսկ իրավաբանականների համար՝ 15 հազար լարի (շուրջ 4,7 հազար դոլար):
Նշվում է, որ քաղաքացիներն ու կազմակերպությունները մինչև հունիսի 23-ը պարտավոր են վճարել տուգանքները կամ բողոքարկել դրանք:
Նկարը՝ © Mariam Nikuradze/OC Media, Վրաստան, Թբիլիսի, Կոցավա փ.:
Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին
