«Կորսված տարի». Ադրբեջանցի տնտեսագետները ծանր հետևանքներ են կանխատեսում

Ադրբեջանի տնտեսությունը փլուզվում է ոչ միայն նավթի գնանկման, այլև զբոսաշրջության ու ծառայությունների ոլորտի կործանման հետևանքով: Միայն այդ ոլորտներում աշխատող շուրջ 400 հազար մարդ այսօր անգործ ու անփող է:

Covid-19-ի համաշխարհային համավարակը կաթվածահար է արել ամբողջ աշխարհի տնտեսությունը: Ադրբեջանի տնտեսագետները նախազգուշացնում են, որ զբոսաշրջության և ծառայությունների նման կարևորագույն ոլորտների փակումն առավել բացասական ազդեցություն կունենա, քան՝ նավթի գների անկումը:

Նշված ոլորտների բազմաթիվ տնտեսվարողներ նշել են, որ վերջին երկու ամիսների ընթացքում կարողանում են հոգ տանել բացառապես աշխատողների մասին: Թեև կառավարությունը որոշակի աջակցություն ցուցաբերել է տուժած ոլորտների ներկայացուցիչներին, սակայն դա շատ հեռու է եղել անհրաժեշտ կենսապահովման չափից:

«Կորսված տարի»

Ադրբեջանի Զբոսաշրջության պետական գործակալության մամուլի քարտուղար Քանան Գյուլուզադեն նշել է, որ օտարերկրյա հյուրերի թիվը 2020թ. առաջին քառորդին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է եղել 300 հազարով կամ 36%-ով՝ չնայած հունվար-փետրվար ամիսների մեծ հոսքին:

Ապրիլ ամսին 217 հազարով ավելի քիչ օտարերկրացիներ են ժամանել Ադրբեջան: 2019թ.-ի ապրիլի համեմատ այն պակաս է 91,7%-ով:

Տնտեսագետները նշել են, որ թեև զբոսաշրջությունն ու ծառայությունները ՀՆԱ-յի մեջ մեծ մասնաբաժին չունեն, սակայն այդ ոլորտների անկումը տնտեսության համար կործանարար է:

Զբոսաշրջությունը և ոչ պարենային ապրանքների վաճառքն Ադրբեջանում կազմում է ՀՆԱ-յի 5%-ը, սակայն այդ ոլորտներում աշխատում է 300-400 հազար մարդ, ինչն ամենամեծ խնդիրն է: Մասնագետները կառավարությանը կոչ են անում միջոցներ ձեռնարկել աշխատանքն ու աշխատավարձը կորցրած քաղաքացիների վնասները փոխհատուցելու ուղղությամբ: Առաջարկվում է գործարար միջավայրի զարգացման և կայունության համար վարկեր տրամադրել:

Ադրբեջանցի տնտեսագետներից մեկն ընդգծել է, որ կարանտինային միջոցառումների չեղարկումից հետո զբոսաշրջային և մի շարք այլ ոլորտներ միանգամից չեն վերականգնվելու. դրանց համար հավելյալ ժամանակահատված կպահանջվի, ուստի այս տարին տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին նշված ոլորտների համար «կորսված» է համարել: Նրա խոսքով՝ դա ազդելու է նաև ընդհանուր տնտեսության վրա, այդ թվում՝ հարկերը չվճարելու տեսքով:

Նավթի շուկայի կործանումը

Ջաֆարլին նշել է, որ Ադրբեջանը և նավթի վաճառքից կախում ունեցող երկրները կրկնակի հարված են ստանում:

Նրա խոսքով՝ նավթի գների անկումն ազդել է մակրոտնտեսական ցուցանիշների վրա: Հաշվի առնելով, որ ապրիլից նավթի գինը մեկ բարելի համար միջինում կազմել է 20 դոլար, ապրիլի մակրոտնտեսական ցուցանիշները կտրուկ կնվազեն: Կտրուկ կկրճատվեն արտաքին առևտրային շրջանառությունը, արտահանումը, ՀՆԱ աճի տեմպերը, արտարժույթի ներհոսքը: Կարանտինային ռեժիմը խորացնում է այդ բարդությունները:

Ադրբեջանի 2020թ. բյուջեն հաշվարկված է՝ նավթի գինը 55 դոլար/բարել գնահատմամբ: Ներկայումս սպասվում է, որ արդյունքում հարկային մուտքերը կկրճատվեն 1 մլրդ դոլարով:

Ռովշան Աղաևը համամիտ է, որ Ադրբեջանի տնտեսությանն ամենամեծ հարվածը հասցնելու է նավթի գնանկումը, քանի որ այդ ոլորտից եկամուտները նվազելու են 4-5 անգամ, ինչը մեծապես կազդի բյուջեի եկամուտների և ծախսերի վրա:

Ներկայումս Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է 2,5 մլրդ մանաթ (1,5 մլրդ դոլար) աջակցության փաթեթի, 1 մլրդ մանաթ (590 մլն դոլար) հարկային արտոնությունների մասին:

Նախատեսվում է, որ 2020թ. ծախսերը կազմելու են 2,5-3 մլրդ մանաթով (1,5-1,8 մլրդ դոլարով) ավելի, քան նախատեսված էր: Միևնույն ժամանակ՝ բյուջեի եկամուտները կրճատվելու են շուրջ 5 մլրդ մանաթով (2,9 մլրդ դոլար):

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր երկրում նավթային դարաշրջանի ավարտի մասին՝ կառավարության կոչ անելով զարկ տալ ոչ նավթային ապրանքների ոլորտի զարգացմանը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին