Նավթային երկիր Վենեսուելան Իրանից է բենզին ներկրում՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները

Չնայած Վաշինգտոնի ռազմական սպառնալիքներին՝ իրանական 5 տանկերներից 3-ը Վենեսուելայի ռազմածովային և օդային ուժերի ուղեկցությամբ արդեն անցել են Կարիբյան ծովը:

Թարմացում. Իրանական 5-րդ տանկերը՝ «Կլավելը», մուտք է գործել Վենեսուելայի ջրային տարածք: Այսպիսով՝ Վենեսուելա է առաքվել ավելի քան 1,5 միլիոն բարել բենզին:

Ի նշան համերաշխության՝ Իրանը Վենեսուելա է ուղարկում 5 տանկերներից բաղկացած նավատորմը, որը 1,53 մլն բարել բենզին և նրա հետ կապված ապրանք է տեղափոխում: Մայիսի 23-ին, 25-ին և այսօր՝ մայիսի 27-ին, առաջին 3 տանկերները (Petunia, Fortune, Forest) անցել են Կարիբյան ծովով և մուտք գործել վենեսուելական ջրային տարածք՝ Վենեսուելայի ռազմածովային և օդային ուժերի ուղեկցությամբ: Այս հանգամանքն ուշագրավ է այնքանով, որ Վաշինգտոնի կողմից Վենեսուելայի նկատմամբ շրջափակման մեխանիզմներ էին կիրառվում, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Վենեսուելան շրջափակված է:

Կարակասում ողջունել են ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակը. Նահանգները սպառնացել էին ուժով կանգնեցնել նավերը: Ժողովուրդների միջև համերաշխությունը (խոսքն Իրանի կողմից վենեսուելացիներին առաքված աջակցության մասին է, խմբ.) ողջունել է նաև Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը:

Իրանը և Վենեսուելան մարտահրավեր են նետել ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներին ու ռազմական գործողությունների սպառնալիքին: Ամերիկյան կողմը նավերը կանգնեցնելու փորձեր դեռևս չի արել և հայտնի չէ՝ կգնա՞ արդյոք ԱՄՆ-ը՝ ընդդեմ երկու երկրների կամ դրանից մեկի:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ եթե իրենց նավերը Կարիբյան ծովում կամ աշխարհի ցանկացած այլ վայրում ամերիկացիների կողմից ստեղծված խնդրի հանդիպեն, ապա ԱՄՆ-ին դժբախտություն կսպասվի: Նրա խոսքով՝ իրանական կողմն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային շահերին ծառայելու իրավունք ունի:

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտության վտանգը միշտ է առկա՝ հաշվի առնելով Իրանի նկատմամբ գործողությունների պատմությունը և Վենեսուելայի կառավարության փոփոխության փորձերը: Ապրիլին Վաշինգտոնը ՌԾՈւ նոր նավեր, դիտարկման ինքնաթիռներ և օպերատիվ հատուկ խմբեր է պատվիրել Կարիբյան ծովի համար՝ ավելի շատ էսկադրային ականակիր ռազմանավեր մոտեցնելով Վենեսուելայի ափերին:

Իրանի հետ ունեցած խնդիրների պատճառով Վաշինգտոնն առճակատվել է Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի և Վենեսուելայի հետ՝ նախազգուշացնելով, որ Կարիբյան ծովը վերահսկվում է իր ռազմանավերի կողմից:

Վենեսուելայի նավթային պաշարները

Վենեսուելան 300 մլն բարել նավթային պաշարներ ունի՝ այս ցուցանիշով հանդիսանալով խոշորագույն երկիրը: Այդ երկրի արտահանման ծավալների 95%-ը ստացվում է նավթի վաճառքից:

Այդ դեպքում՝ ինչո՞ւ է Վենեսուելան նավթ ներկրում: Բանն այն է, որ ծանր նավթահումքը խողովակներով անցկացնելու համար անհրաժեշտ է վերամշակել ջրիկացուցիչով, ինչն ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Վենեսուելան չի կարողանում ներմուծել: Սա էլ իր հերթին ստիպել է դադարեցնել բենզինի արտադրությունը Վենեսուելայում:

2017թ. օգոստոսին Թրամփի աշխատակազմը խիստ տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ: 2019թ. հունվարին Վաշինգտոնը կործանարար էմբարգո է սահմանել PDVSA-ի՝ Վենեսուելայի պետական նավթային ընկերության նկատմամբ՝ արգելելով նրա արտադրանքի վաճառքն ԱՄՆ-ում և դադարեցնելով վառելիքի արտահանումն ԱՄՆ-ից Վենեսուելա: Սառեցվել են ԱՄՆ-ում վենեսուելական հաշիվները, արգելվել են ԱՄՆ-ի առևտրային և գործնական միջոցառումները Վենեսուելայի պետական ձեռնարկությունների հետ: Վաշինգտոնն այդ արգելքը տարածել է ոչ ամերիկյան ընկերությունների վրա:

Ամերիկյան գործողությունների նպատակ է նշվում նախագահ Մադուրոյին հեռացնելը՝ տնտեսական վիճակը վատթարացնելու ճանապարհով: Արդյունքում՝ Վենեսուելան հայտնվել է տնտեսական ծանր իրադրությունում:

Վենեսուելայում նավթի արդյունահանումը կտրուկ անկում է գրանցել 2017 և 2018 թվականներին, աճել՝ 2019-ին և կայունացել: Ձմռանն ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Ռոսնեֆտ»-ի դուստր ընկերությունների նկատմամբ: Վերջինս տեղափոխում էր PDSVA-ի նավթի 60%-ը: «Ռոսնեֆտ»-ը մարտ ամսին փակել է իր վենեսուելական ձեռնարկությունները:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական աճը դանդաղել է՝ հանգեցնելով նավթի շուկայի կրճատմանը: Խոշոր արտադրողները սկսել են նվազեցնել արդյունահանումը: Սակայն գները շարունակում են ցածր մնալ, ինչը մեծ վնաս է հասցնում վենեսուելական ընկերությանը: Ներկայումս Վենեսուելայում պակասորդ է առաջանում՝ նավթարդյունահանման պակասեցման և ամերիկյան պատժամիջոցների խստացման պատճառով: Բացի այդ՝ նախորդ տարի զանգվածային էլեկտրանջատումներ են տեղի ունեցել՝ վնասելով նավթավերամշակման (ՆՎՄ) գործարանները: Երկու գործարան էր մնացել, դրանք էլ փակվել են հունվարին՝ նավթահումքի պակասի և անհրաժեշտ վերանորոգման պատճառով:

Իրանն իր վրա է վերցրել վենեսուելական ամենախոշոր գործարանի՝ Պարագվանյան ՆՎՄ համալիրի վերանորոգումը և վառելիքի մատակարարումը: Իրանցի և չինացի տեխնիկների օգնությամբ սկսվել են վերանորոգման աշխատանքները: Վերջերս իրանական 20 չվերթներով Իրանից և Չինաստանից 700 տոննա սարքավորումներ են տեղափոխվել Վենեսուելա:

Սակայն Վաշինգտոնը սպառնում է Իրանին՝ Վենեսուելայի հետ օդային միջանցքի կապակցությամբ և մյուս երկրներին կոչ է անում դադարեցնել Իրանի հետ օդային հաղորդակցությունը, առևտրային և այլ գործերը, վառելիքի մատակարարումը Վենեսուելա: Մյուս կողմից՝ աճում են կոչերը՝ ուղղված ԱՄՆ-ին՝ Իրանի և Վենեսուելայի նկատմամբ դաժան սահմանափակումների դադարեցման վերաբերյալ: Նշվում է, որ դա կարևոր է հատկապես հիմա, որպեսզի երկու երկրները կարողանան ավելի լավ պայքարել կորոնավիրուսի մահացու հիվանդության դեմ:

Նկարը՝ © Marcos Moreno, AP, իրանական տանկերները՝ Կարիբյան ծովում

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին

Մեկ կարծիք «Նավթային երկիր Վենեսուելան Իրանից է բենզին ներկրում՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։