Ումի՞ց է Իլհամ Ալիևը փորձում պաշտպանել Նախիջևանը

Իլհամ Ալիևը Նախիջևանը փորձում է պաշտպանել հավասարապես Թուրքիայից և նրա ադրբեջանցի վկաներից, որոնց հետ խնդիրներ ունեցել է դեռ Հեյդարը:

Նկարում՝ Օձասար, Նախիջևան:

Ադրբեջանական կայքերում վերջին շրջանում պարբերաբար հրապարակվող վերլուծություններից հետևում է, որ ներքին լրջագույն քննարկումներ են ընթանում՝ կապված Նախիջևանի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների հետ:

Բնականաբար՝ խոսվում է տարածքի «ադրբեջանականության» մասին, հայկական «ագրեսիայի» մասին, Արցախի հարցում այս ուղղությամբ դիմակայություն ստեղծելու «հայկական փորձի» մասին, բայց ավելի շատ շեշտվում է նրա «հեյդարականությունը»:

Ասելիքը

Շատ փոքր հանգամանք կարելի է համարել այն, թե Ալիևը վտանգ է զգում այս հատվածում՝ հայկական կողմից: Փոքր, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր խնդիրն անվտանգությունն է, և մենք նման միջոցներ կարող ենք ձեռնարկել միմիայն հակահարվածի ու պաշտպանվելու անհրաժեշտությամբ: Դրա վկայությունն են սահմանակից ադրբեջանական բնակավայրերը, որոնք երբեք չեն թիրախավորվել հայ դիրքապահների կողմից՝ հայկական բնակավայրերի, դպրոցների վրա անմարդկային կրակ բացելու պարագայում:

Առավել մեծ հանգամանք է Նախիջևանն «այլ ուժերից» փրկելու փորձը: Հիշեցնում են, որ Ադրբեջանի դրոշը Նախիջևանում ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ բարձրացրել է Հեյդար Ալիևը. սա ի՞նչ է, եթե ոչ՝ սեփականաշնորհում՝ հօգուտ Ալիևների գերդաստանի:

Սա վկայում է ներքին՝ քաղաքական-կլանային ինքնահաստատման փորձի մասին, բայց ես այն կանվանեի արտաքին քաղաքական-ներքին կլանային ինքնահաստատման փորձ: Ինչո՞ւ: Որովհետև Նախիջևանում այսօր հայերը չէ, որ փորձում են «ուժ խաղացնել», այլ՝ անկարայամերձ ուժերը, որոնք վերջին մեկ տարվա բազմաթիվ զորավարժությունների ու տարիներ ի վեր տարված հատուկ աշխատանքների արդյունքում հաստատվել են տիրովի (ի դեպ՝ նույն քաղաքականությունն է մասամբ տարվում նաև վրաց-աջարական Բաթումիի դեպքում):

Մանրամասներին ավելի ուշ կանդրադառնամ (ինչպե՞ս, ավելի հստակ՝ ի՞նչ գործողություններով), իսկ այժմ պարզապես եզրակացնեմ. Իլհամ Ալիևը Նախիջևանը փորձում է պաշտպանել հավասարապես Թուրքիայից և նրա ադրբեջանցի վկաներից, որոնց հետ խնդիրներ ունեցել է դեռ Հեյդարը, և այդ խնդիրներն արդիական են դարձել Իլհամի իշխանության վերջին շրջանում:

Տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյան

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին