ԵՀ արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն 1 ավիաընկերության վրա՝ 1 ուղղությամբ

Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա, մեկ ուղղությամբ՝ Լիոն: Աղբյուրը` Տեղեկատվության ստուգման կենտրոն:

Նկարը՝ © Zvartnots, Զվարթնոց օդանավակայան

Այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։ Մանիպուլյատիվ վերնագրերով այս լուրը քննարկման առարկա է դարձել համացանցում և փորձագետների շրջանում։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան պարզաբանում է ներկայացրել ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Այսպես, Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից։ 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանում գրանցված կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն։

Արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։

Հարկ է նշել, որ այս որոշմամբ Հայաստանը չի զրկվել դեպի Եվրոպա թռիչքներից։ Երևանից և Գյումրիից դեպի եվրոպական տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումները շարունակում են իրականացնել «Ryanair», «Aegean», «Air France», «Austrian Airline», «Brussels airlines», «LOT» և «Wizz air» ավիաընկերությունները։

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին