Հնագետները հայտնաբերել են մայաների ամենամեծ ու ամենահին շինությունը

Մեքսիկայի Տաբասկո նահանգում գտնված Ագուադա Ֆենիքսը կառուցվել է Տեոտիուականեի Արևի բուրգից առնվազն հազար տարի առաջ՝ մ.թ.ա. 1000-800թթ.:

Նկարը՝ © Takeshi Inomata, Ագուադա Ֆենիքս, 3D պատկեր

Մեքսիկայի հարավարևելյան Տաբասկո նահանգում հայտնաբերվել է մինչիսպանական ժամանակաշրջանի ամենամեծ շինությունը, որը պատկանում է մայաների քաղաքակրթությանը: Գիտնականների խոսքով՝ այն ամենահինն է:Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Ագուադա Ֆենիքս (Aguada Fénix) անվամբ հուշարձանն ուղղանկյունաձև հսկայական բարձրադիր հրապարակ է՝ 1413 մետր երկարությամբ, 399 մետր լայնությամբ և 10-15 մետր բարձրությամբ:

Ռադիոածխածնային վերլուծության համաձայն՝ Ագուադա Ֆենիքսը կառուցվել է շուրջ 1000-800թթ. (մ.թ.ա). համեմատության համար՝ Մեզոամերիկայում կառուցված խոշորագույն շինություններից մեկը՝ Տեոտիուականեի Արևի բուրգը, թվագրվում է մ.թ.ա. 200-ականներին (հրապարակը՝ 225 մետրը 225-ի վրա), Լուսնի բուրգը՝ մ.թ. 200-ից 500-ի սահմաններում, իսկ Սեյբալ քաղաքի ծիսական կենտրոնը սկսել են կառուցել մոտավորապես մ.թ.ա. 800-ականներին: Մինչ օրս համարվել է, որ մայաների ոչ մեծ գյուղերը սկսել են առաջանալ մ.թ.ա. 1000-350թթ.:

Ագուադա Ֆենիքսի արտաքին տեսքը ենթադրում է, որ մայաների մշակութային վաղ հանրույթները հավասարապաշտ են եղել (էգալիտար) և ազդեցիկ վերնախավ չեն ունեցել: Այդպես են կարծում Տուսոնում գտնվող Արիզոնայի համալսարանի գիտնականները: Տեղանքի եռաչափ քարտեզի ստեղծման համար հետազոտողների խումբը աերոլուսանկարահանում է իրականացրել՝ օգտագործելով լիդար՝ ակտիվ օպտիկական համակարգերի օգնությամբ առանձնացված մարմինների վերաբերյալ տեղեկատվության ստացման և վերամշակման տեխնոլոգիա: Այդպիսով «սքանավորվել» են Տաբասկո նահանգի հողերը, հայտնաբերել 21 ուղղանկյուն հարթակներ, որոնց վրա մայաները, հավանաբար, իրենց ծեսերն ու արարողություններն են իրականացրել:

Սակայն Ագուադա Ֆենիքսը հայտնաբերվածներից ամենամեծն է եղել: Հնագիտական պեղումների արդյունքում հետազոտողները պարզել են, որ շինվածքը շրջապատված է ավելի փոքր հարթակներով, ամբարտակներով ու ջրամբարներով, բացի այդ՝ դեպի հրապարակ եկող 7 ճանապարհ: Առավել ուշագրավ է, որ Ագուադա Ֆենիքսը հնարավոր է նշմարել միայն երկնքից. գետնի վրա այն պարզապես թմբի նման է:

Արիզոնայի համալսարանից Տակեշի Ինոմատան պատմել է, որ հսկայական հրապարակը հայտնաբերվել է Մեքսիկայի կառավարության կողմից տրամադրված ցածր կետայնությամբ լիդարի օգնությամբ: Այնուհետև վերցրել են բարձր կետայնությամբ լիդար՝ հաստատելով խոշոր շինվածքի առկայությունը: Նրա խոսքով՝ տարածքում բնակիչներ կան, սա ջունգլի չէ, սակայն Ագուադա Ֆենիքսի հատվածը հայտնաբերված չի եղել, քանի որ հարթ է ու մեծ, և առանց լիդարի սովորական բնապատկերի է նման:

Ձախ կողմում՝ Ագուադա Ֆենիքսը՝ ինքնաթիռից, աջում՝ լիդարի օգնությամբ արված 3D պատկերը, © Takeshi Inomata

Մասնագետները ենթադրում են, որ Ագուադա Ֆենիքսի շինարարությունը բարդ խնդիր է եղել, որին մասնակցել են հազարավոր մարդիկ: Այդուհանդերձ՝ հարկադիր աշխատանքի ոչ մի ապացույց առկա չէ: Գիտնականները համարում են, որ հրապարակը կառուցել են կիսաքոչվորները, ովքեր բնակվել են տարածքում և աշխատել են միասին: Նրանք կառույցը նմանեցրել են կոմունալ բաց տարածության:

Այն մասին, որ Ագուադա Ֆենիքսը չի կառուցվել իշխող դասի ներկայացուցիչների համար, վկայում է նրանց նվիրված քարե արձանների բացակայությունը: Այն փաստը, որ մայաները հուշարձանային շինություններ են կառուցել ավելի վաղ, քան համարվել է մինչ օրս, դեռ այն ժամանակներում, երբ սոցիալական անհավասարությունն այդքան նշանակալից չի եղել, հնագետներին ստիպում է վերաիմաստավորել նախկին բազմաթիվ հետազոտություններ:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին