Վրաստանի վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունները կեղծ են

Վրաստանի կառավարության աշխատակազմում հերքել են վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի մասին տեղեկությունները:

Նկարը՝ Gov.ge, Գեորգի Գախարիա

Ընդդիմադիր Mtavari Arkhi հեռուստաալիքը հաղորդել է, թե առաջիկայում սպասվում է վարչապետի հրաժարականը: Նշվել է, որ Գախարիան պաշտոնավարելու է մինչև հունիսի 20-ը:

Հաղորդվել է, որ Գեորգի Գախարիայի հրաժարականը պահանջել է իշխող ուժի՝ «Վրացական երազանքի» ղեկավար Բիձինա Իվանիշվիլին՝ հունիսի 1-ին կայացած հանդիպման ժամանակ: Միևնույն ժամանակ ընդդիմադիր աղբյուրը նշել է, որ Գախարիան հրաժարվել է հեռանալ:

Կառավարության աշխատակազմը հերքել է այս տեղեկությունները՝ հայտարարելով, որ վարչապետը բնականոն աշխատանքի է: Հրաժարականի վերաբերյալ կայացված որոշման մասին լուրերը համարվել են «կեղծ»:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին