17 դոլար տուգանք է նախատեսվում Ֆիզիկական անձանց համար՝ հանրային փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու, 170 դոլար՝ իրավաբանական անձանց՝ իրենց տարածք առանց դիմակի մտնել թույլատրելու համար:
Նկարը` © Թետրիցկարոյի քաղաքապետարան: Ջերմաչափում՝ փողոցում:
Դիմակ կրելու կարգի խախտման համար Վրաստանում նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն: Օրենսդրական փոփոխությունների նախագծերն արդեն խորհրդարանում են:
Փոփոխություններով նախատեսվում է, որ հանրային փակ տարածքում դիմակ չկրելու համար ֆիզիկական անձի նկատմամբ սահմանվում է տուգանք՝ 50 լարի (17 դոլար):
Իրավաբանական անձը, ով իրեն պատկանող կամ վարձակալած տարածք կթույլատրի մտնել առանց դիմակի քաղաքացիների, կտուգանվի 500 լարիով (170 դոլար):
Օրինագծերի համաձայն՝ 50 լարիով տուգանվելու են նաև հանրային տրանսպորտում, այդ թվում՝ տաքսիներում, դիմակ չկրող ուղևորները, վարորդը:
Տաքսիներում թույլատրվում է ուղևորվել մինչև 4 մարդու՝ ներառյալ վարորդը: Խախտման դեպքում 50-ական լարի տուգանք է սահմանվում և վարորդի, և ուղևորների համար:
Փոփոխությունները վերաբերում են նաև մեկուսացման և կարանտինային կանոնների խախտմանը. ֆիզիկական անձը տուգանվելու է 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով (շուրջ 3,4 հազար դոլար):