Մենք քաղում ենք «կորոնավիրուս չկա» կոչերի արդյունքները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի առողջապահական համակարգն արդեն ի վիճակի չէ ընդունելու վարակվածներին. «տեղ չկա»:

Նկարը` © gov.am, Նիկոլ Փաշինյան

Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցավով հայտնել է, որ հիվանդանոցներն արդեն չեն կարողանում սպասարկել կորոնավիրուսով վարակվածներին, քանի որ այդ նպատակով առանձնացված մահճակալային ֆոնդն ու առողջապահական հնարավորությունները սպառվել են:

Վարչապետը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նոր հիվանդանոցային պայմանների ստեղծման ուղղությամբ, սակայն անհրաժեշտ է, որ քաղաքացիներն ավելի լավ գիտակցեն իրավիճակը և պահպանեն կանոնները: Փաշինյանն ընդգծել է, որ քննարկվել է լիակատար արգելափակում մտցնելու տարբերակը, սակայն հավանական է համարվում, որ մարդիկ իրենց միջոցառումները կշարունակեն թաքուն, կհավաքվեն հարևանի տանը և կշարունակեն վարակել իրար:

Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ նույնիսկ ստեղծված իրավիճակում բազմաթիվ մարդիկ շարունակում են չհավատալ կորոնավիրուսին, չհավատալ թվերին և մեղադրել իշխանությանը՝ այսկերպ «դրսից փող ստանալու» կամ այլ անհիմն մեղադրանքների մեջ: Վարչապետի խոսքով՝ սա ավելի է վատթարացնում իրավիճակը, քանի որ վարակին չհավատացող մարդիկ նպաստում են վարակի տարածմանը, մահացությունների աճին:

Telegram