Covid-19 համավարակի ազդեցությունը Վրաստանի տնտեսության վրա

Վնասներ են կրել զբոսաշրջության, արտահանման-ներմուծման ոլորտները, նվազել են դրամական փոխանցումները, բյուջեի եկամուտները: Միջազգային դոնորներից Վրաստանը ստացել է 508,4 մլն դոլար բյուջետային աջակցություն:

Նկարը՝ Vadim Gejadze, Tbilisi Media

Չնայած Վրաստանի 2019թ. ցուցանիշներից՝ կորոնավիրուսի համավարակի բերած խնդիրները վատացրել են 2020թ. տնտեսական զարգացման աճը: Այդ մասին Վրաստանի կառավարությունը նշել է Covid-19 կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունում:

Վրաստանի իշխանությունները սպասում են, որ գործընկեր պետություններում տնտեսական աճի դանդաղումը բացասաբար կանդրադառնա երկրի միջազգային առևտրի ցուցանիշների վրա, ինչպես նաև կհանգեցնի դրամական փոխանցումների ծավալի նվազմանը: Համաշխարհային անհստակությամբ պայմանավորված՝ նվազելու են կապիտալի և ներդրումների մուտքերը:

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ՝ Վրաստանի տնտեսությունը 2020թ. կունենա 4% անկում: Սակայն 2021թ. կանխատեսումները լավատեսական են. կազմակերպության գնահատմամբ՝ 2021-ին Վրաստանի տնտեսությունը կաճի մինչև 4%:

Զբոսաշրջության եկամուտները կրճատվել են

Երկրի տնտեսության վրա բացասական ազդեցությունը պայմանավորված է զբոսաշրջության անկմամբ: 2020թ. առաջին քառորդի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջազգային այցելուներից ստացված եկամուտները կրճատվել են 26%-ով:

2020թ. սպասվում է սպասարկող արտահանման ծավալի կրճատում 55%-ով: Դրանում օտարերկրացիների այցելություններից ստացված եկամուտները կազմելու են 70%: Կանխատեսման համաձայն` զբոսաշրջության ոլորտի զբոսաշրջության անկումը բացասաբար է ազդել նաև այլ ոլորտների՝ այդ թվում՝ շինարարության ու անշարժ գույքի առքուվաճառքի վրա:

Արտահանման և ներմուծման ցուցանիշների նվազում

Արտաքին առևտրի թուլացումը համաշխարհային բնույթ է կրում: Ապրիլ ամսին Վրաստանի արտահանումը նվազել է 28%-ով, ներմուծումը` 39%-ով: Պահանջարկի նվազմանը զուգահեռ՝ արտահանման կրճատմանը նպաստել է նաև նավթի գների անկումը՝ էլ ավելի նվազեցնելով եկամուտները և պահանջարկը Վրաստանի գործընկեր պետություններում:

Արտահանման ցուցանիշների նվազումը մեծացնում է ազդեցությունը փոխարինվող արտարժույթի վրա: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսմամբ՝ 2020թ. արտահանումը կնվազի 24,2%-ով, իսկ ներմուծումը՝ 21,1:

Դրամական փոխանցումների կրճատում

Ապրիլ ամսվա տվյալներով՝ դրամական փոխանցումները նվազել են 42,3%-ով: Ամենամեծ կրճատումն արձանագրել են Ռուսաստանը (-61,8%), Իսրայելը (-48,4%), Հունաստանը (-37,9%), ԱՄՆ-ը (33,6%):

Եկամուտների նվազում

Արտաքին մուտքերի անկումը բացասական ազդեցություն են ունենում ներքին պահանջարկի վրա: Արդյունքում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների կամ ծառայությունների պահանջարկն էականորեն նվազել է: Բավականին թուլացել է նաև ներդրումային ակտիվությունը: Տնտեսական անկումը, համավարակի դեմ պայքարում ծախսերի ավելացումն ուղղակիորեն ազդում են բյուջեի եկամուտների վրա, հատկապես հարկային մուտքերի, ինչպես նաև ծախսերի վրա:

2020թ. բյուջեում նախատեսված եկամուտները, առանց գրանտների ու փոխառությունների, կանխատեսվել են մոտ 13,7 մլրդ լարի (մոտ 4,65 մլրդ դոլար): Թարմացված տվյալներով՝ այն կրճատվելու է մինչև 1,8 մլրդ լարիի (մոտ 610 մլն դոլար):

Դեֆիցիտը մասնակիորեն համաֆինանսավորելու նպատակով բյուջեի մի մասն այս տարվա մարտ ամսից սահմանափակվել է: Վրաստանի իշխանությունները նախատեսում են կրճատել բյուջեի ծախսային մասը՝ շուրջ 600 մլն լարիով (մոտ 203,3 մլն դոլար):

Միջազգային դրամական օգնություն

Համավարակը բացասաբար է ազդել ինչպես մասնավոր ոլորտի, այնպես էլ քաղաքացիների սոցիալական կացության վրա: Կառավարությունը ստիպված էր հավելյալ աղբյուրներ փնտրել՝ ձեռնարկություններին ու սոցիալապես խոցելի խավին աջակցելու, ինչպես նաև համաճարակի տարածման դեմ պայքարի և հիվանդներին բուժելու համար:

Այս նպատակների իրականացման համար հավելյալ ծախսերը գերազանցել են 3 մլրդ լարին (մոտ 1,07 մլրդ դոլար):

Միջազգային գործընկերների հետ քննարկումների արդյունքում Վրաստանն առաջին երկիրն է դարձել, որը համավարակի ընթացքում ԱՄՀ-ից հավելյալ ֆինանսավորում է ստացել: Կազմակերպությունը համաձայնվել է երկարաձգել «Ընդարձակ ֆինանսավորման մեխանիզմի ծրագիրը», ինչի շնորհիվ մինչև տարվա վերջ Վրաստանը կստանա 447 մլն դոլար:

Դրան հաջորդել են այլ աղբյուրներից դրամական հատկացումները: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանը ստացել է շուրջ 1,5 մլրդ լարի (մոտ 508,4 մլն դոլար) բյուջետային աջակցություն՝ հետևյալ աղբյուրներից.

  • Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)՝ 200 մլն դոլար,
  • Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ)՝ 400 մլն դոլար,
  • Համաշխարհային բանկ՝ 250 մլն դոլար,
  • Ֆրանսիական զարգացման գործակալություն՝ 200 մլն դոլար,
  • Գերմանական պետական բանկ (KwF)՝ 250 մլն դոլար,
  • Եվրամիություն՝ 200 մլն դոլար,
  • Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ (ԵՆԱԲ)՝ 100 մլն դոլար:

Հակաճգնաժամային քաղաքականություն

Բնակչությանը և գործարար համայնքին աջակցելու նպատակով Վրաստանի կառավարությունը մշակել է հակաճգնաժամային փաթեթ, որն իրականացվում է երկու փուլով: Առաջինը մարտ ամսին արտակարգ օգնությունն էր՝ դեռևս մինչև արտակարգ դրության սահմանումը: Երկրորդ փուլը ներառում է առավել ծավալուն միջոցառումներ. դրանք մեկնարկել են ապրիլից:

Մշակվել և ներկայացվել են գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների վերականգնման և զարգացման ծրագրեր: Կառավարությունն ընկերություններին և նրանց աշխատակիցներին էական աջակցություն է առաջարկել: Հստակ միջոցառումներ են ձեռնարկվել նաև կրթության ուղղությամբ:

Ծախսեր՝ հակաճգնաժամային փաթեթներով

  • Քաղաքացիների սոցիալական աջակցություն՝ 1,04 մլրդ լարի (մոտ 352,5 մլն դոլար),
  • Տնտեսությանը և ձեռնարկություններին ուղղված աջակցություն՝ 1,76 մլրդ լարի (596,6 մլն դոլար),
  • Առողջապահական համակարգի հզորացում և համավարակի դեմ պայքար՝ 350 մլն լարի (մոտ 118,6 մլն դոլար):

Համավարակի ավարտի պարագայում Վրաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել քաղաքացիներին տրամադրվող սոցիալական աջակցության համակարգը՝ ինչպես գնահատման, այնպես էլ ֆինանսավորման ուղղությամբ:

Հետևեք նաև մեր Telegram ալիքին