Ջավախքում վնասել են հայկական եկեղեցին ու գերեզմանոցը

Գոման գյուղի տարածքում կատարված ապօրինությունների առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ճշտվում են մշակութային հուշարձանին հասցված վնասի չափերը:

Նկարը՝ © georgianheritage/fb

Վրաստանի Սամցխե Ջավախեթի շրջանի (Ջավախք, Ախալքալաք) Գոման գյուղի տարածքում անհայտ անձինք վնասել են պատմական հուշարձանը՝ հայկական եկեղեցին և գերեզմանոցը: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել:

Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հաղորդմամբ՝ իրականացվել են հողային աշխատանքներ, երևում են ծանր տեխնիկայի հետքերը: Տեղանքն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ հողային աշխատանքներ են իրականացվել եկեղեցու 3 կողմերում՝ արևմտյան, հարավային և արևելյան: Վնասվել են տապանաքարերը, եկեղեցու շեմքը: Եկեղեցու շուրջբոլորը հայտնաբերվել են անկանոն կերպով տարածված մարդկային ոսկորներ:

Թեև Գոմանի եկեղեցին թվագրվում է 19-րդ դարի կեսերով, սակայն բնակավայրը կարևոր նշանակություն ունի անտիկ դարաշրջանի պատմության ուսումնասիրության տեսակետից: Հնագետներն այստեղից հայտնաբերել են բազմաթիվ կավե ամաններ, որոնք պատկանում են բրոնզե կամ վաղ երկաթե դարաշրջաններին:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել դեպքի կապակցությամբ: Ոստիկանությունը պետք է պարզի մշակութային ժառանգության հուշարձանի տարածքում անօրինական աշխատանքներ իրականացրած խմբի անդամներին:

Գործակալությունն իր հերթին աշխատանքներ է տանում՝ պարզելու պատմական հուշարձանին հասցված վնասի չափը:

Telegram