ԶՈւ վերազինման գործընթացը. Դավիթ Տոնոյանի տեսլականը

Յուրաքանչյուր զինծառայող պետք է վստահ լինի, որ հակառակորդից ավելի լավ է սպառազինված և պատրաստված, իր զենքն ավելի դիպուկ է և հեռահար, իր սպառազինությունը բավարար է մարտական խնդիրը լուծելու համար, և յուրաքանչյուր պահի կստանա անհրաժեշտ մարտական աջակցություն:

Նկարը՝ © Սիփան Գյուլումյան

Արդեն մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր և մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա: Սակայն մենք ճանապարհի սկզբին ենք: Զինված ուժերի վերազինումը մի քանի նպատակ է հետապնդում.

Առաջինը՝ այնպիսի ռազմական ներուժի ձեւավորումն է, որը ոչ միայն կզսպի հակառակորդի ռեւանշիստական նկրտումները եւ զերծ կպահի լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից, այլեւ այդ գայթակղության դեպքում նրան արագորեն կզրկի պատերազմավարման կարողություններից: Այդ ներուժը կոչված է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացից դուրս մղելու վերջնագրերի, նախապայմանների եւ սպառնալիքների բառապաշարը:

Երկրորդը՝ վերազինումը նպատակաուղղված է զինված ուժերի ստորաբաժանումները այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները:

Շեշտադրելով որակական, այլ ոչ թե քանակական ցուցանիշները` վերազինման արդյունքում ձեռքբերվող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակները պետք է գերազանցեն արդեն իսկ առկա եւ փոխարինվող ՍՌՏ-ի տեսակներին` կրակային հզորության ու ճշգրտության, շարժունակության, պաշտպանվածության եւ արագ արձագանքման իրենց հնարավորություններով:

Երրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասնելու ՍՌՏ-ի առավել երկարաժամկետ եւ դյուրին՝ պակաս մարդկային ռեսուրսներ պահանջող եւ մարդկային գործոնից նվազագույն կախում ունեցող շահագործման, սպասարկման ու կիրառման, դրա արդյունքում՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման:

✅ Եվ չորրորդը՝ վերազինումը նպատակ է հետապնդում հասանելի ռեսուրսների առավել արդյունավետ կիրառմամբ մարտական գործողությունների վարման տարբեր տիրույթներում հասնելու հավանական հակառակորդի նկատմամբ ակնհայտ գերազանցության եւ չեզոքացնելու այլ ուղղությամբ առկա ռիսկերը: Օրինակ` 4+ սերնդի բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման նպատակն է ստանձնել նախաձեռնությունը «օդ-օդ» եւ «օդ-ցամաք» տիրույթներում, տարբեր բարձրությունների եւ խորությունների վրա գործող գերզգայուն ՀՕՊ համակարգերի համալրման նպատակն է թիրախավորել եւ չեզոքացնել օդային հարձակման բոլոր հավանական միջոցները՝ ցածր բարձրությունների վրա թռչող եւ ամենափոքր թիրախներից մինչեւ օդատիեզերական տիրույթում գործողները եւ այսպես շարունակ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ:

Telegram