Բայկոնուր. աշխարհի ամենահին ու ամենամեծ տիեզերակայանը 65 տարեկան է

Ղազախստանում գտնվող տիեզերակայանը մինչև 2050թ. տարեկան 115 մլն դոլարով վարձակալված է Ռուսաստանի կողմից. վերջինի համար Բայկոնուրը ոչ միայն ռազմատիեզերական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի:

Նկարը՝ © Sputnik/tw, Բայկոնուր տիեզերակայան

Աշխարհի ամենահին ու ամենախոշոր տիեզերակայանին փոփոխություններ են սպասվում: Տեխնոլոգիական առողջացումը նրան ժամանակակից կիրառության համար յուրահատուկ պոտենցիալ կարող է հաղորդել: Այստեղից են տիեզերք բարձրացել պատմության առաջին արբանյակը, տիեզերագնացը, ուղեծրային կայանքը, լուսնագնացը, մարսագնացը, անօդաչու «Բուրան» տիեզերանավը: Սա աշխարհի այն երեք տիեզերակայաններից է, որոնք նախատեսված են մարդկանց տեղափոխող սարքավորումների համար (մյուս երկուսը՝ Կանավերալը՝ ԱՄՆ-ում, Ցզյուցյուանը՝ Չինաստանում): Սակայն Բայկոնուրը միայն դրանով չէ յուրահատուկ:

Նկարը՝ © ritmeurasia, «Գագարինյան մեկնարկի» շինարարություն

Այդ խոշոր տիեզերակայանների շարքում Բայկոնուրը միակն է, որ գտնվում է Ղազախստանի տարածքում, բայց մինչև 2050թ. վարձակալությամբ պատկանում է Ռուսաստանին՝ տարեկան 115 մլն դոլար վարձավճարով: Ռուսաստանը միաժամանակ վճարում է տիեզերակայանի շինությունների պահպանման համար, կրում է սոցիալական պատասխանատվություն Բայկոնուր քաղաքի նկատմամբ:

Այս տարի լրանում է Բայկոնուրի ստեղծման 65-ամյակը, իսկ առաջին թռիչքն այստեղից կատարվել է 63 տարի առաջ՝ հոկտեմբերի 4-ին (Երկրի առաջին արհեստական արբանյակը՝ Սպուտնիկ-1-ը):

Բայկոնուրի վերաբերյալ քննարկման ժամանակ ներկաները նշել են, որ «տիեզերքը տեղում կանգնած չէ»՝ մատնանշելով Իլոն Մասկի Crew Dragon-ի արձակում: Մասնագետներն ընդգծել են, որ Բայկոնուրը մեծարժեք սարքավորումներ ու հնարավորություններ ունի, որոնք ԽՍՀՄ տարիներին միակն էին, սակայն նոր՝ փոփոխված աշխարհում մրցունակ չեն: Նշվել է, որ ներկայումս աշխարհի շուրջ 130 երկիր տիեզերքը դիտարկում են որպես հետաքրքրությունների տիրույթ: Տիեզերական տերություններ են դարձել Իրանը և Նոր Զելանդիան. «լուրջ պետությունները պետք է ունենան արբանյակներ, տեղորոշման սարքեր, համացանց»:

Ներկայումս Ռուսաստանը և Ղազախստանը շարունակում են համագործակցությունը տիեզերական գործունեության ոլորտում՝ ինչպես անցյալի ձեռքբերումների պահպանման, այնպես էլ՝ ապագայի համար: Մշակվում են նոր ծրագրեր՝ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ: Առաջիկայում նախատեսվում է № 1 (Գագարինյան մեկնարկ) հրապարակի մոդեռնիզացիա և հետագա շահագործում, ստեղծվում են թռիչքների համար նախատեսված հրթիռ-կրիչներ՝ Սոյուզ-5, Սոյուզ-6, «Նազարբաևյան մեկնարկ» համալիրը:

«Ղազախստան-2050» ռազմավարությունում երկրի տնտեսության մոդեռնիզացման կարևորագույն խնդիրներից մեկը նշված է լիարժեք տիեզերական ոլորտի ստեղծումը: Ղազախստանը տիեզերական գործունեության երկկողմ համաձայնագրեր ունի աշխարհի 21 երկրի հետ, տիեզերքի խաղաղ օգտագործման և հետազոտության վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաների ու ՄԱԿ-ի համաձայնագրերի մասնակից է: Ընթացիկ տարում նախատեսված է սկսել աշխատանքները սեփական արբանյակների նախագծման և արտադրության ուղղությամբ:

Ղազախստանը ներկայումս ունի 5 արբանյակ՝ 2-ը՝ կապի, 1-ը՝ գիտական (իոնոսֆերայի հետազոտության), 2-ը՝ Երկրի հեռավար զոնդավորման: Մասնագետները, սակայն, առավել կարևոր են համարում տիեզերական սարքավորումների սպասարկման ապահովումը՝ այն համարելով գերակա բիզնես:

Ղազախստանը վաղուց մտադրություն է հայտնել Բայկոնուրը վերածելու միջազգային տիեզերական կենտրոն, ուր կկարողանան մուտք գործել բոլոր ցանկացող պետություններն ու կորպորացիաները, սակայն իրավաբանական և այլ հարցեր խոչընդոտում են դրան:

Նկարը՝ © ritmeurasia, հրթիռ-կրիչի տեղափոխում, Բայկոնուր, 1960-ականներ

Միևնույն ժամանակ՝ Ալմաթի քաղաքի Հանրային խորհրդի անդամ, աշխարհագրագետ Մարատ Շիբուտովը նշել է, որ Բայկոնուրը գտնվում է Եվրասիայի կենտրոնում և աշխարհագրորեն բազմաթիվ երկրների համար ձեռնտու չէ իրենց հրթիռչներն ու արբանյակները տեղափոխել այստեղ: Մյուս կողմից՝ տիեզերակայանում սարքավորումների հիմքը բացառապես ռուսական է, ինչը նույնպես թույլ չի տալիս դրանց միջազգային շահագործումը:

Նրա խոսքով՝ տիեզերք կարող էին դուրս գալ տեսանորեն բոլոր երկրները, սակայն հրթիռ-կրիչներ պատրաստելը հավասար է զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը, ուստի այդ հարցում բազմաթիվ սահմանափակումներ են առկա:

Քաղաքագետ Անտոն Մորոզովը հիշեցրել է, որ մայիսի վերջին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից հաստատվել է 2030թ.-ի տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը, որում առանձնահատուկ ընգծված են խաղաղ նպատակներով տիեզերքի հետազոտությունը և օգտագործումը: Նախագծում 25 կետ վերաբերում է GLONASS արբանյակային համակարգին, Երկրի հեռավար զոնդավորմանը, նորմատիվ-իրավական ոլորտում, նորմատիվ-տեխնիկական կարգավորման ոլորտում համագործակցությանը, մերերկրային տիեզերական տարածության տեխնածին փոփոխությունների մոնիթորինգային համակարգերի մշակմանը և այլն:

2021-2025թթ նախանշված է նաև ԵԱՏՄ երկրների կողմից տիեզերական գործունեության ոլորտում համագործակցության կոոպերացիոն նախագծի իրագործում: Ներկայումս մնացել է միայն հաստատումը Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից: ԵԱՏՄ-ի շնորհիվ Բայկոնուրը հավակնում է դառնալ տիեզերական զարգացման կենտրոն ոչ միայն Ղազախստանի ու Ռուսաստանի համար, այլև՝ մյուս անդամ-պետությունների:

Ռուսաստանն ունի նաև սեփական տիեզերակայանները՝ Պլեսեցկը և Վոստոչնին, սակայն Ղազախստանի տարածքում փաստացի իրեն պատկանող Բայկոնուրը ոչ միայն ռազմատիեզերական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունի: Ղազախստանում ռուսական ներկայության շարքում այս համալիրը, քաղաքագետ Չեբոտարյովի կարծիքով, ամենահզորն է և ռազմավարական առումով՝ ամենակարևորը: Նրա խոսքով՝ Բայկոնուրի վարձակալությամբ Ռուսաստանն ապահովում է իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում: Ղազախստանի գլխավոր օգուտներից են նյութական փոխհատուցումները, գործընկերության և կառուցողական հարաբերությունների երաշխիքները, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում:

Telegram