Իրանը սկսել է պատիճ-հյուրանոցների ներմուծումը

Ճապոնական յուրօրինակ ոճի հյուրանոցները տեղադրվելու են երկրի տարբեր շրջանների զբոսաշրջային կենտրոններում, էկո ճամբարներում, խոշոր կայարաններում:

Նկարը՝ © CHTN.ir, Պատիճ-հյուրանոց, Իրան

Իրանի Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստի նախարար Ալի Ասղար Մունեսանին է ներկայացվել պատիճ-հյուրանոցի նախատիպը, որը Իսլամական Հանրապետությունը մտադիր է ներմուծել մեծ քանակությամբ:

Պատիճ-հյուրանոցների մոդելն առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետություն է ներմուծվել Ինքնաշխատ զբոսաշրջության համաժողովրդական ասոցիացիայի կողմից և կիրառվելու է այն կենտրոնի վերահսկողության ներքո՝ Իրանի տարբեր նահանգներում: Առաջին փուլում նախատեսվում է ներմուծել 200 օրինակ, իսկ այնուհետև՝ 5 հազար:

© RUPTLY, Պատիճ-հյուրանոց, Իրան

ԻԻՀ Զբոսաշրջային և ավտոմոբիլային ակումբի (TACI) տնօրեն Հոսեյն Արբաբին նշել է, որ կատարված որոշակի հաշվարկների համաձայն՝ Իրանում կարող է օգտագործվել մինչև 10 հազար պատիճային հյուրանոց: Դրանք կարող են օգտագործվել երկրի տարբեր շրջանների զբոսաշրջային կենտրոններում, էկո ճամբարներում և այլ վայրերում:

Պատիճային հյուրանոցները ճապոնական հյուրանոցների տարբերակ են, որոնք իրենցից ներկայացնում են ոչ մեծ ննջարանային խցիկներ՝ մեկը մյուսի վրա տեղադրված: Հիմնականում տեղադրվում են խոշոր կայարանների կամ ժամանցային գոտիների հարևանությամբ:

Առաջին պատիճային հյուրանոցը տեղադրվել է Օսակա քաղաքում: Հեղինակը Կիսյո Կուրակավան է: Բացումը կատարվել է 1979թ. փետրվարի 1-ին:

Telegram