Թուրքիան և Ադրբեջանը կարևորել են Կարս-Նախիջևան երկաթգծի կառուցումը

Հաղորդվում է, որ Թուրքիայում ամենաշատ ներդրումներն Ադրբեջանն է կատարում, իսկ երկաթգիծը կարող է ընդլայնել առկա տնտեսական կապերը:

Թուրքիայի Առևտրային պալատների և բորսաների միության (TOBB) վարչության անդամ, Terra İla. Ve Kimya San. Tic. A.Ş. ընկերության վարչության նախագահ Օզթյուրք Օրանը թուրք-ադրբեջանական Առևտրաարդյունաբերական պալատի (TAC) վարչության ամբողջական կազմի առաջին հանդիպումը կազմակերպելուն նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է (ըստ ադրբեջանական աղբյուրի), որ Ադրբեջանը Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարող պետությունն է, իսկ TANAP և TAP նախագծերն ազդում են եվրոպական էներգետիկ շուկայի հավասարակշռության վրա:

Օրանի խոսքով՝ Covid-19-ը համավարակը համաշխարհային մակարդակով նվազեցրել է ապրանքաշրջանառությունը, ազդել արտահանման-ներմուծման ծավալների կրճատման վրա: TAC-ի առաջին մեծ նիստը նախատեսված էր ապրիլին, սակայն հետաձգվել է համավարակի պատճառով:

Cahan Holding-ի նախագահ Բուղար Աբասովը նշել է, որ փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Բաքու կատարած այցի ընթացքում հանձնարարականներ են տրվել՝ մեծացնելու երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը: Հենց այդ այցի ժամանակ էլ համաձայնություն է կայացվել Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու-Սադարակ-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի նախագծի վերաբերյալ, որն Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի զարգացման գործում, ըստ Աբասովի, կարևոր ներդրում կարող է լինել:

Ադրբեջանաթուրքական գործարարների միության վարչության անդամ, Istanbul Charşi Import & Export LTD-ի ղեկավար Ջեմալ Յանգընը հայտնել է, որ TAC-ի միջոցով հնարավոր կլինի համատեղ առևտրային միջոցառումներ ձեռնարկել երրորդ երկրներում, ինչպես նաև փնտրել նոր գործընկերների:

Տեսակոնֆերանսի ընթացքում առաջարկվել է նաև Պալատի հնարավորություններն օգտագործել ԱՊՀ, Պարսից ծոցի երկրների համար համատեղ բիզնես-առաքելություններ կազմակերպելու նպատակով:

Հավելենք, որ Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգիծը նախատեսված էր կառուցել դեռ 2011-2014թթ. , սակայն նախագիծը դեռևս կյանքի չի կոչվել:

Telegram