Ատլանտյան օվկիանոսի վրա հսկայական փոշու ամպ է նկատվել

NASA-յի Suomi NPP արբանյակը Սահարայից Ատլանտյան օվկիանոս հասած փոշու մեծ ամպ է արձանագրել: Գիտնականները նշում են, որ այն կարող է մարդու համար վտանգավոր ախտածիններ պարունակել:

Նկարը՝ © NASA Worldview, Փոշու ամպն Ատլանտիկայի վրա:

Ավելի քան 3 հազար կիլոմետրանոց ամպն արձանագրվել է արբանյակի կողմից՝ մթնոլորտային չափումների ժամանակ: Գոդարդի Տիեզերական թռիչքների կենտրոնում նշել են, որ այն ձևավորվել է օդի ուժգին հոսքից, ապա հայտնվել արևմտյան քամիներում: Ամպն արդեն հասել է Փոքր Անթիլյան կղզիներին, և բացառված չէ, որ կհասնի նաև Ամերիկյան մայրցամաք:

Ամեն տարի քամին Սահարայից միլիոնավոր տոննաների փոշի է տեղափոխում Ատլանտյան օվկիանոսի վրայով՝ մեծացնելով Կարիբյան կղզիների ծովափերն ու պարարտացնում Ամազոնիայի հողերը: Սակայն, ինչպես վերջերս պարզել են Սենեգալի Շեյխ Անտ Դիոպի համալսարանի և ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները, այդ փոշին ի մեջ կարող է նաև մարդկանց համար վտանգ պարունակել:

© NASA/NOAA, Colin Seftor, Փոշու ամպի տեղաշարժը հունիսի 13-18-ին

Գիտնականները փոշու նմուշներ են վերցրել Աֆրիկայի արևմտյան ափից՝ Դաքարից, որտեղ Սահարայից քամիները հաճախ են փոշի բերում: Հայտնաբերվել է, որ նրանում բազմաթիվ են պաթոգեն (ախտածին) նյութերը, որոնք կարող են մարդու մոտ շնչուղիների լրջագույն հիվանդություններ առաջացնել: Ընդ որում՝ այդ բակտերիաները կարող են օրգանիզմում հայտնվել պատահաբար փոշին շնչելիս:

Հաշվի առնելով փոշե ամպերի տարածման աշխարհագրությունը՝ այդ բակտերիաները կարող են հասնել մինչև Կարիբյան կղզիներ, Հարավ-Արևելյան ԱՄՆ, Բրազիլիա և Եվրոպա: Սենեգալում, ինչպես նշում են գիտնականները՝ հիմնվելով նախորդ հետազոտությունների վրա, «փոշու սեզոնին» ասթմայով, բրոնխիտով և սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի կտրուկ աճ է գրանցվում:

Telegram