Բուլղարիայի Բուրգաս քաղաքում հնագետները թրակիացիների տաճար են գտել

Թրակիական տաճարը թվագրվում է մ.թ.ա. 5-4-րդ դարերով: Պեղումները ցույց են տվել, որ այստեղ կատարվել են ծիսական արարողություններ, մատուցվել են զոհեր:

Նկարը՝ © RHM Burgas, Բուրգաս, Բուլղարիա, հնագիտական պեղումներ

Բուլղարիայում շինարարական աշխատանքների ժամանակ թրակիական տաճար է հայտնաբերվել: Շուրջ 2500 տարեկան հնագիտական հուշարձանը, հավանաբար, թրակիական ցեղախմբերի կողմից կիրառվել է ծիսական նպատակներով: Բացահայտումը փորձագետներին հնարավորություն կտա լավագույն հասկանալ այդ ազգությանը, որը հաճախ էր թշնամանում հույների ու հռոմեացիների հետ:

Տաճարը հայտնաբերվել է Սև ծովի ափին գտնվող Բուրգաս քաղաքում՝ երկու բազմաբնակարան շենքերի միջև ընկած հատվածում: Հնագետները հետազոտել են տարածքը և եզրակացրել, որ այն օգտագործվել է թրակիացիների կողմից: Տաճարը մի քանի խորշերից բաղկացած համալիր է, որտեղ աստվածներին ծիսական զոհեր են մատուցվել:

Նկարը՝ © RHM Burgas, Բուրգաս, Բուլղարիա, հնագիտական պեղումներ

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ հնագույն կերամիկական ամֆորաներ ու գավաթներ: Հաստատվել է, որ գտածոները թվագրվում են մ.թ.ա. 5-4-րդ դարերով: Բացի այդ՝ հայտնաբերվել են նաև մարդկային կմախքներ ու կենդանիների ոսկորներ, ինչպես նաև փայտածուխի շերտեր, ինչը մատնանշում է զոհաբերության հանգամանքը:

Որոշ գտածոներ ցույց են տալիս, որ տեղացիներն ակտիվորեն զբաղվել են արհեստագործությամբ: Գավառագիտական պատմական թանգարանից Միրոսլավ Կլասնակովը նշել է, որ հնավայրում հայտնաբերված կերամիկայի շուրջ 80%-ը տեղացիների ձեռքի աշխատանքն է:

Գտածոն ապացույցներ է ներկայացնում թրակիացիների ծեսերի ու հավատի մասին: Հնդեվրոպական այս ցեղերը գերիշխել են Բալկանների հյուսիսային շրջանների մեծ մասի նկատմամբ, գործուն ներկայացվածություն են ունեցել Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում: Բազմաթիվ թրակիացիներ միավորված էին Օդրիսյան թագավորությունում, որը Մակեդոնական կայսրության մաս դարձավ, բայց հետագայում, դեպի Բալկաններ կելտական արշավանքներից հետո (մ.թ.ա. 3-րդ դար), կրկին անկախացավ: Թրակիական մշակույթը հայտնվել է պարսկական և հունական մշակույթների խիստ ազդեցությանը:

Հավանաբար՝ ամենահայտնի թրակիացին Սպարտակն էր, ով մ.թ.ա. 1-ին դարում գլխավորել է հռոմեացիների դեմ ամենահաջողված ապստամբությունը:

Թրակիացիների թաղման արարողությունների մասին գրել է Հերոդոտոսը՝ նշելով, որ հանգուցյալի մարմինը ցուցադրվել է 3 օր: Այդ ընթացքում տարբեր տեսակի կենդանիներ են զոհաբերում, իսկ հուղարկավորության ձայնարկումներից հետո հոգեհաց են մատուցում: Դրանից հետո մարմինն այրում են կամ այլ կերպ հանձնում հողին: Գերեզմանաթումբը ծածկելուց հետո կազմակերպում են տարբեր մրցույթներ: Բարձր պարգևների են արժանանում մենամարտի մասնակիցները՝ կախված մրցման կարևորությունից: Հերոդոտոսի նկարագրությամբ՝ այսպիսին են եղել թրակիացիների հուղարկավորության արարողությունները:

Հնավայրում գտնվել են նաև ավելի ուշ շրջանի պարագաներ, այդ թվում մ.թ.ա 1-ին դարի մետաղադրամ՝ Ապոլոնիումի (Հեփթայքենթի որդի, Ռեմեթալկ 2-րդ արքայի զորավար): Դա կարող է ցույց տալ, որ տաճարը դարեր շարունակ շահագործվել է: Հաղորդվում է, որ հնավայրում պեղումները դեռ շարունակվում են:

Telegram