Մամոնտների վերացման պատճառը մոտ հարազատների զուգավորումն է

«Ինցեստի» հետևանքով յուրաքանչյուր սերնդում մամոնտների առողջությունը նվազել է, և մի օր նրանք արդեն ի վիճակի չեն եղել դիմանալու վնասակար շրջակա միջավայրին:

Նկարը՝ © Mauricio Antón, 2008 Public Library of Science: Բրդոտ մամոնտներ:

Գիտնականները մոտեցել են այն հարցի պատասխանին, թե ինչո՞ւ են մահացել վերջին մամոնտները: Բնակվելով սահմանափակ տարածքում՝ նրանք խաչասերվել են մոտ հարազատների հետ, ինչը հանգեցրել է տեսակի այլասերմանը:

Հետազոտությունն անցկացրել է գիտնականների միջազգային խումբը՝ բրդոտ մամոնտի գենոմի հիման վրա (Mammuthus primigenius): Հետազոտվել են 45 հազար տարի առաջ Սիբիրի հյուսիս-արևելյան շրջաններում բնակված մամոնտի ԴՆԹ-ն, ինչպես նաև Վրանգելի կղզուց վերցված 4300-ամյա նմուշները: Երկու դեպքում էլ գիտնականներին հաջողվել է առանձնացնել կենդանիների ԴՆԹ-ի գրեթե ամբողջ էական մասը, ինչն առավելագույնս լիարժեք պատկեր է տրամադրել:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վերացման վտանգը մամոնտներին վերջին 300 հազար տարում սպառնացել է առնվազն անգամ: Mammuthus primigenius-ի պոպուլյացիան էականորեն նվազել է պլեստոցենի կեսերին կամ սկզբում՝ շուրջ 250-300 հազար տարի առաջ: Պատճառները դեռևս հայտնի չեն, իսկ կենդանիները կարողացել են այն հաղթահարել: Սակայն դրան հաջորդած սառցակալումը վերջնականապես խթանել է մամոնտների թվի կրճատումը, և սառցե դարաշրջանի ավարտին՝ 12 հազար տարի առաջ, քանակության նվազման միտումն արդեն անհնար էր դադարեցնել:

Վրանգելի կղզու մամոնտները՝ մոլորակի վրա այդ տեսակի վերջին ներկայացուցիչները, 6000 տարի ավելի են ապրել, քան՝ մայրցամաքայինները: ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց գենոմը տարբերվում է ծայրահեղ ցածր ժառանգական փոփոխականությամբ: Նման երևույթը բնորոշ է վերացող պոպուլյացիային, որտեղ հարազատները միմյանց հետ են զուգավորվում:

Գիտական աշխատության արդյունքը «կղզային» մամոնտների վերջին ներկայացուցիչների անհետացման պատճառները հասկանալն է: Ուսումնասիրված ԴՆԹ-ներում հայրական և մայրական հատվածները շատ քիչ են տարբերվել, այսինքն՝ կենդանու ծնողները գենետիկորեն միմյանց մոտ հարազատներ են եղել: Դրա պատճառ է համարվում մեկուսացված ոչ մեծ տարածքում գոյատևումը: «Ինցեստը» կամ «ինբրիդինգը» (մոտ հարազատների զուգավորում) հանգեցնում է գենետիկ մուտացիայի: Յուրաքանչյուր սերնդում մամոնտների առողջությունը նվազել է, և մի օր նրանք արդեն ի վիճակի չեն եղել դիմանալու վնասակար շրջակա միջավայրին:

Միևնույն ժամանակ՝ հնագույն մամոնտի գենետիկ բազմազանությունը բավականին ընդարձակ է, այնպես որ՝ գիտնականների առաջ դեռևս խնդիր է դրված՝ հասկանալ այդ տեսակի թվաքանակի կրճատման առաջին փուլի պատճառները:

Telegram