Վրաստանում նավթի ու գազի որոնումներ ու արդյունահանում կիրականացվեն

Ավստրիական OMV ընկերությունը Վրաստանում՝ Սև ծովի 5,3 հազար քառ.կմ ծանծաղուտային տարածքում, նավթի ու գազի որոնումների և արդյունահանման լիցենզիա է ստացել:

Ավստրիական նավթագազային OMV ընկերությունը զբաղվելու է Վրաստանի արևմուտքում՝ Սև ծովի ցամաքային ծանծաղուտներում (շելֆ), նավթահանքերի որոնումներով:

Վրաստանի Նավթի և գազի պետական գործակալությունը (SAOG) հաղորդել է, որ OMV խմբի անդամ OMV PETROM S.A. ընկերությունը ստացել է SAOG-ի հայտարարած միջազգային տենդերի համաձայն Սև ծովում 5,3 հազար քառ.կմ շելֆային տարածքում նավթային և գազային ռեսուրսների օգտագործման գլխավոր լիցենզիան:

Համաձայնությամբ նախատեսվել է, որ առաջին փուլում ընկերությունն անցկացնելու է սեյսմահետախուզական աշխատանքներ, ինչից հետո սկսելու է հորատումը: Վերջինի արժեքը կախված է լինելու հետազոտությունների արդյունքներից: Մոտավոր պատկերացնելու համար նշվում է, որ նույնատիպ նախագիծը Ռումինիայում (Դոմինո հորանցք) OMV-ի համար արժեցել է 1,5 մլրդ դոլար:

Ներկայումս Վրաստանը սևծովյան ավազանի միակ երկիրն է, որտեղ նավթի և գազի որոնումներ շելֆում չեն կատարվում: Հետախուզական աշխատանքներ են տարվում Թուրքիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի տարածքային ջրերում: Վերջին երեքում արդեն ածխաջրածնի մեծ պահուստներ են հայտնաբերվել:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիմ Թուրնավայի խոսքով՝ այս միջոցառումը հաստատում է, որ Վրաստանում գործարար միջավայրը, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտներում, այնքան թափանցիկ է, որ համաշխարհային հսկաների համար հետաքրքրական է ու հասկանալի: Թուրնավան նշել է, որ Ավստրիայում նավթարդյունահանմամբ զբաղվող 2-րդ և Եվրոպայում՝ 10-րդ ընկերությունը ցանկություն է հայտնել գործունեություն ծավալել Վրաստանում:

2019թ. Վրաստանում արդյունահանվել է ավելի քան 30 հազար տոննա նավթ և մինչև 10 մլն խմ գազ: Երկիրը տարեկան սպառում է շուրջ 1,2 մլն տոննա նավթամթերք և մոտ 2,5 մլրդ խմ գազ: Ածխաջրածինները (նավթ և գազ) հիմնականում ներկրվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից:

OMV PETROM S.A. ընկերությունն ավստրիական OMV հոլդինգի (Österreichische Mineralölverwaltung Aktiengesellschaft) մասն է, որը հիմնադրվել է 1956թ.: OMV-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ նավթը և գազը, փոխադրումը, վերամշակումը, էլեկտրաէներգիայի արտադրությունը: 2019թ. ընկերության ակտիվները կազմել են 44,1 մլրդ եվրո, իսկ աշխատակիցների քանակը գերազանցել է 20 հազարը:

OMV-ն որոնումներն ու արդյունահանումն իրականացնում է հիմնականում Կենտրոնական և Արևելյան Եվրոպաներում, Հյուսիսային ծովում և Մերձավոր Արևելքում: 2019թ. ընկերության կողմից վերամշակված ապրանքի ծավալը կազմել է 24,9 մլն տոննա: OMV-ն ունի նաև ավտոլիցքավորման սեփական կայաններ, որոնց թիվը եվրոպական 10 երկրներում հաշվվում է 2,1 հազար:

Telegram