Роскосмос-ը և Space Adventures-ը զբոսաշրջիկ կուղարկեն բաց տիեզերք

Երկու զբոսաշրջիկները տեղափոխվելու են Միջազգային տիեզերակայան, այնտեղ մնալու են 16 օր: Զբոսաշրջիկներից մեկը տիեզերագնացի ուղեկցությամբ դուրս է գալու բաց տիեզերք:

Նկարը՝ © followtheart.info

Ռոսկոսմոսի կազմում ընդգրկվող Էներգիա («Энергия») հրթիռատիեզերական կորպորացիան և ամերիկյան Space Adventures ընկերությունը պայմանագիր են կնքել, ըստ որի՝ նրանք 2023թ. մասնավոր արշավախումբ են ուղարկելու Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Արշավին մասնակցելու են 2 զբոսաշրջիկներ, որոնցից մեկը տիեզերագնացի հետ դուրս է գալու բաց տիեզերք:

Հաղորդվում է, որ տիեզերական արշավի մասնակիցների ընտրությունը դեռ չի սկսվել: Այդպիսի թռիչքի համար թեկնածուներին զգուշացվելու է, որ Աստղային քաղաքում բաց տիեզերք դուրս գալու պատրաստությունը ենթադրում է մի քանի շաբաթյա պատրաստություն. զբոսաշրջիկը պետք է սովորի օգտագործել Օռլան սաղավարտը, ինչպես լքել ՄՏԿ-ն և վերադառնալ այնտեղ: Նրանք ՄՏԿ-ում գտնվելու են 16 օր:

Ավելի վաղ Ռոսկոսմոսը Space Adventures-ի հետ պայմանավորվել էր երկու զբոսաշրջիկների ՄՏԿ ուղարկել մինչև 2021թ. ավարտը: 2001-2009թթ. տիեզերական զբոսաշրջիկները ՄՏԿ-ի ռուսական տարածք են ուղարկվել 8 անգամ, ինչից հետո ռուսական կորպորացիան դադարեցրել է այդպիսի արշավները:

Space Adventures-ը համագործակցում է SpaceX-ի հետ, որը վերջերս տիեզերագնացներին ՄՏԿ ուղարկեց Crew Dragon տիեզերանավով: Ընկերություներն արդեն պայմանագիր են կնքել 2021թ. առաջին զբոսաշրջային առաքելության վերաբերյալ, սակայն այն տեղի է ունենալու առանց ՄՏԿ-ում տեղակայվելու:

Զբոսաշրջային թռիչքների ծրագրեր ունի նաև Boeing-ը, որն ավարտում է իր CST-100 տիեզերանավի փորձարկումները: Բացի այդ՝ 2024թ. ամերիկյան ընկերությունը ՄՏԿ-ում սկսելու է կառուցել սեփական տիրույթը, որը հետագայում վերածվելու է առանձին կայանի՝ նախատեսված նաև զբոսաշրջիկների համար:

Տիեզերական զբոսաշրջության մյուս հեռանկարային ոլորտը բարձր մթնոլորտային կամ մերձուղեծրային տիեզերական թռիչքներն են: Virgin Galactic-ը փորձարկում է զբոսաշրջիկներին տիեզերքի հետ սահմանն ուղարկելու սարքը, Blue Origin-ը՝ մերձուղեծրային հրթիռը, Space Perspective-ը մեծ ստրատոստատի օգնությամբ ուղևորների է ուղարկելու 30 կմ բարձրության վրա: Նմանատիպ նախագիծ առկա է նաև Ռուսաստանում: Այն մշակում է Կոսմոկուրս («КосмоКурс») ընկերությունը, որը նախատեսում է Նիժեգորոդսի մարզում կառուցել տիեզերակայան և այնտեղից մերձուղեծրային հրթիռ արձակել:

Telegram