Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական բազաներ է ստեղծում

Քրդական Փեշմերգա զինված ջոկատները հայտարարել են, որ թուրքական զորքերն Իրաքի հյուսիսում առաջ են շարժվել շուրջ 20-40 կիլոմետր:

Նկարը՝ © wpristav, Թուրքական ռազմական գործողությունն Իրաքում:

Քրդական Փեշմերգա զինված ջոկատները (քրդ.՝ Pêşmerge, թրգմ.՝ մահապարտ) հայտարարել են, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական բազաներ է ստեղծում: Հաղորդվում է, որ թուրքական զորքերն Իրաքի հյուսիսում առաջ են շարժվել շուրջ 20-40 կիլոմետր: Քրդական ուժերի հայտարարության համաձայն՝ թուրքական ներխուժումն Իրաքի ինքնիշխանության կոպտագույն խախտում է:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր «Վագրի ճիրան» (թրք.՝ Pençe-Kaplan) ռազմական նոր գործողության մեկնարկի մասին, որն ուղղված է Քուրդիստանի Բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ՝ իրաքյան Հաֆթանին շրջանի տարածքում:

Իրաքի ԱԳ նախարարությունը երկու անգամ բողոքի նոտա է հղել Թուրքիայի դեսպանին՝ Իրաքում թուրքական ՌՕՈւ-երի հերթական գործողության կապակցությամբ: Թուրքական կողմի տվյալներով՝ 2015թ. հուլիսին Թուրքիա-ՔԲԿ զինված հակամարտության վերսկսումից հետո քրդական ապստամբների հարձակումներից զոհվել է շուրջ 1000 զինվորական ու ոստիկան, 500 քաղաքացիական անձ: Իրաքի հյուսիսում ՔԲԿ-ի բազաներն են, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն իրականացնում են օդային և ցամաքային գործողություններ: Հաղորդվում է, որ վերջին 5 տարում «չեզոքացվել է» ՔԲԿ-ի ավելի քան 10 հազար անդամ:

Հավելենք, որ Իրաքի հյուսիսում թուրքական ռազմագործողությունների հետևանքով սպանվում են ոչ միայն քրդական զինված ջոկատների ներկայացուցիչները, այլև խաղաղ բնակիչներ: Թուրքական ագրեսիայի զոհ են դառնում նաև տարածաշրջանի եզդի բնակիչները՝ ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում: Սինջար լեռան տարածքում եզդի ժողովուրդն արդեն շուրջ 6 տարի ենթարկվում է իսլամաթուրքական ամենադաժան բարբարոսություններին: Վերջին խոշոր հարձակումը թուրքական ռազմաօդային ուժերը Սինջարի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ս.թ. հունիսի 15-ի երեկոյան, ինչի մասին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (եզդի համայնքի ներկայացուցիչ) Ռուստամ Բաքոյանը:

© ՀՀ ԱԺ, Ռուստամ Բաքոյանի ելույթը

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Թուրքիան այդ տարածաշրջանում դիմում է բոլոր միջոցներին՝ եզդի բնակչությանն իրենց բնակավայրերից տեղահանելու և վերադարձը չթույլատրելու նպատակով: Պատգամավորը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Իրաքի հյուսիսում առկա անվտանգային խնդրի լուծման անհրաժեշտության վրա:

Telegram