Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն. «Թուրքիան Լիբիայի հարցում պատմական և քրեական պատասխանատվություն է կրում»:
Իտալիայի ԱԳ նախարար Դի Մայո. «Լիբիան չի սիրիականացվելու. չի բաժանվելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև»:

Մակրոն. Անկարան վտանգավոր խաղ է խաղում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Թուրքիան լիբիական հակամարտությունում կրում է «պատմական և քրեական պատասխանատվություն:
Գերմանիա կատարած այցի ժամանակ Մակրոնը նշել է, որ Թուրքիան Բեռլինի կոնֆերանսի շրջանակներում չի իրականացնում իր պարտականությունները և մեծացրել է ռազմական ներկայությունը Լիբիայում:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն Անկարային մեղադրել էր նրանում, որ վերջինս Լիբիայում «վտանգավոր խաղ» է խաղում:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն փոխադարձ հայտարարությամբ է հանդես եկել՝ Ֆրանսիային մեղադրելով ապստամբ ուժերին զենք մատակարարելու մեջ:
Դի Մայո. Լիբիան չի սիրիականացվելու
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն հայտարարել է, որ Լիբիայի իրավիճակը չի զարգանալու Սիրիայի դիպաշարով. չի բաժանվելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Նա նշել է, որ պետք է դադարեն Լիբիայում արտաքին միջամտությունները, անհրաժեշտ է գործընթացն ակտիվացնել ՄԱԿ-ի հսկողությամբ: Դի Մայոն հույս է հայտնել, որ Բեռլինի կոնֆերանսում իրենց վրա պատասխանատվություն վերցրած կողմերը կհարգեն այն:
Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընգծել է, որ Լիբիայի «սիրիականացման» հավանականությունն անհանգստացնում է բազմաթիվ դիտորդների, սակայն Լիբիան Սիրիա չէ: Նրա խոսքով՝ Իտալիայի համար Լիբիան անվերապահ ռազմավարական գործընկեր է, և Հռոմն ու Եվրամիությունը նրա կողքին են:
Դի Մայոն նշել է, որ կան երկրներ, որոնք կուժեղացնեն իրենց ազդեցությունը, սակայն ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ լիբիական ժողովուրդն անկախ կլինի, Լիբիան՝ միասնական, ինչի ուղղությամբ աշխատանքներ է տանում: