Թուրքիան առաջին անգամ սեփական թևավոր հրթիռն է փորձարկել

Atmaca (Աթմաջա, թրգմ.՝ բազե) թևավոր հրթիռը խոցել է ավելի քան 200 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Առաջիկայում թուրքական արտադրության առաջին «ծով-ծով» դասի հրթիռը հանձնվելու է զինված ուժերին:

Թուրքիան առաջին անգամ փորձարկել է սեփական արտադրության Atmaca (Աթմաջա, թրգմ.՝ բազե) թևավոր հրթիռը, որը խոցել է 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վերջրյա թիրախը:

Այդ մասին իր թվիթերյան էջում հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը: Նրա խոսքով՝ հրթիռը խոցել է ավելի քան 200 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը: Դեմիրը հայտնել է նաև, որ առաջիկայում թևավոր հրթիռը փոխանցվելու է Թուրքիայի զինված ուժերին:

Atmaca հրթիռներով համալրվելու են Թուրքիայի նոր՝ MİLGEM (Միլգեմ) տեսակի էսկադրային ավիակիրները: Հրթիռն արտադրվում է Roketsan (Ռոքեթսան) և Aselsan (Ասելսան) ընկերությունների համատեղ մասնակցությամբ. առաջինն արտադրում է հրթիռը (սերիական արտադրություն), կմախքը, շարժիչները, մարտական հատվածը: Aselsan կոնսորցիումը զբաղվում է արձակման համակարգերի և հրթիռի հավելյալ սարքավորումների (կառավարման և տեղորոշման համակարգեր, ռադարներ, ընդունիչներ և այլն) արտադրությամբ:

Atmaca-ն թուրքական արտադրության առաջին հրթիռն է, որը սերիական արտադրություն է ունենալու և տեղադրվելու է նավերի վրա: Առաջին մարտական փորձարկումներն անցել է 2017թ.: Ենթադրվում է, որ այն փոխարինելու է երկրի Ռազմածովային ուժերում կիրառվող, օտարերկրյա արտադրության հականավային հրթիռներին:

Բաց աղբյուրների համաձայն՝ հրթիռն ունի 6 մ երկարություն, 35 սմ տրամագիծ, 800 կգ քաշ և 1,4 մ թևերի բացվածք: Հրթիռի վրա տեղադրված մարտական մասը կշռում է 200 կգ: Թռիչքի արդյունավետ հեռավորությունը՝ 200 կմ, արագությունը՝ 0,85 Մ (Մախ, 0,85=1049,58 կմ/ժ): Հրթիռն օժտված է նաև տարբեր նավիգացիոն, թիրախի նշանառման այլ համակարգերով (լազերային, ինֆրակարմիր):

Telegram

Մեկ կարծիք «Թուրքիան առաջին անգամ սեփական թևավոր հրթիռն է փորձարկել»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։