Խոսքի ազատության համար պայքարող կազմակերպությունների խումբը նշել է, որ նախագիծը լրատվամիջոցների նկատմամբ ճնշման վտանգ է պարունակում:
© Մարիամ Նիկուրաձե, OC Media, Վրաստանի խորհրդարանի շենքը
Վրաստանում ԶԼՄ-ների ազատության դիտորդներն ահազանգում են կառավարության կողմից ներկայացված նախագծի մասին: Նրանց կարծիքով՝ այն կարող է էական վնաս հասցնել մեդիա ոլորտին:
Օրինագիծը Հաղորդակցության ազգային հանձնաժողովին՝ հեռահաղորդակցության պետական կարգավորիչ մարմնին, թույլ կտա էլեկտրոնային կապի ցանցերի օպերատորների համար երկու տարի ժամկետով «հատուկ մենեջերի» նշանակել:
Այդ նշանակումը տեղի կունենա, եթե Հանձնաժողովը սահմանի, որ նրա որոշումների կատարումն ապահովելը տուգանքների միջոցով չի կարող երաշխավորել կամ եթե ցանցի օպերատորի լիցենզիաների դադարեցումը կամ հետ կանչումը կարող է վնաս պատճառել հանրային անվտանգությանը կամ տնտեսությանը:
Նախատեսվում է, որ հատուկ մենեջերն իրավունք է ունենալու չեղարկել ընկերության ներսում որոշումները, այդ թվում՝ տնօրենների, հոգաբարձուների խորհրդի և ակցիոներների որոշումները: Եթե օրինագիծն ընդունվի, Հաղորդակցության հանձնաժողովը նույնպես կկարողանա լիցենզիատի ակցիաներ վաճառել:
Բացի այդ, նախագծի համաձայն, եթե կապի օպերատորը դատական հայց ներկայացնի և բողոքի Հանձնաժողովի որոշումը, գործի քննության ընթացքում որոշումը չի դադարեցվելու: Հաղորդվում է, որ կառավարությունը և Հանձնաժողովը պառլամենտին խնդրել են հարցը դիտարկել արագացված ընթացակարգով:
Ընդդիմության մտահոգությունը
ԶԼՄ-ների իրավապաշտպանների քննադատություններից հետո Հանձնաժողովը մեկնաբանել է, որ օրինագիծը չի վերաբերելու հաղորդիչներին կամ զանգվածային լրատվության միջոցներին, այլ միայն կարևորագույն ենթակառուցվածքներին՝ բջջային կապի օպերատորներին և համացանցին:
Նշվել է, որ օրինագիծը մշակվել է ԵՄ-ի և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի պահանջներին համապատասխան:
Լրագրողական հանրության ներկայացուցիչները, սակայն, համաձայն չեն Հանձնաժողովի մեկնաբանության հետ՝ նշելով, որ նախագծում «միայն կարևորագույն ենթակառուցվածքների» մասին խոսք չկա: Պնդում են նաև, որ նույնիսկ այդ դեպքում որոշ լրատվամիջոցներ նույնպես այդ տիրույթում են գտնվելու, քանի որ հանդիսանում են հեռահաղորդակցության ընկերություններ:
Խոսքի ազատության համար պայքարող կազմակերպությունների խումբն իր հերթին նշել է, որ նախագիծը լրատվամիջոցների կարծիքի արտահայտման նկատմամբ ճնշման վտանգ է պարունակում և նրա ընդունումը կարող է լրջորեն վնասել մեդիա ոլորտին:
Ժամանակին չվճարված հարկերը
2020թ. սկզբից սկսած՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը մի շարք հեռուստաընկերություններից պահանջել է վճարել հարկերը: Դրանց թվում են իշխանությանը քննադատող «Մթավարի Արխի», «ՏՎ Փիրվելի» և «Կավկասիա» հեռուստաալիքները: Կառավարությանը մեղադրել են ընտրողական ճնշման մեջ:
Այդ լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտարարել են, որ վճարելու հարկերը, քանի որ իշխանությունն ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում քննադատող ԶԼՄ-ների նկատմամբ: