Հայաստանը երբեք չի եղել հակաիրանական հարթակ և դա մեր հարավային հարևանը շատ լավ է գիտակցում. Արմեն Վարդանյան

Իրանագետ Արմեն Վարդանյանի հետ զրուցել ենք Covid-19 համավարակի պայմաններում Իրանի ներքին կյանքի, հայ-իրանական հարաբերությունների և Իրան-Իսրայել հակամարտության մասին:

Նկարը՝ © Արմեն Վարդանյան

REGST. Ի՞նչ իրավիճակ է ներկայումս տիրում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին կյանքում՝ քաղաքականություն, տնտեսություն: Հաշվի առնելով համավարակով պայմանավորված դրությունը՝ ինչպե՞ս կգնահատեք Իրանի իշխանությունների կողմից ներքին խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող քաղաքականությունը (առողջապահական, սոցիալ-տնտեսական):

Արմեն Վարդանյան. Իրանում վերջին ամիսներին սոցիալ-տնտեսական վիճակն ավելի է վատթարացել, ինչին նպաստել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված դրությունը, ինչպես նաև արդեն 2 տարի շարունակվող ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսության ծանր վիճակը: Դրան գումարվել է նաև նավթի համաշխարհային գների անկումը և, քանի որ Իրանի արտահանման մեջ առյուծի բաժինն ընկնում է էներգակիրների վաճառքին, դա նույնպես չէր կարող բացասաբար չանդրադառնալ այդ երկրի տնտեսության վիճակի վրա:  Ստեղծված պայմաններում անընդհատ անկում է գրանցում երկրի ազգային արժույթը՝ ռիալը, և վերջերս 1 ամերիկյան դոլարի գինը հասավ 220 000 ռիալի:

Իհարկե, երկիրը փորձում է սոցիալական ծրագրերի և դրամական հատկացումների միջոցով թեթևացնել իր բնակիչների վիճակը, բայց պետք է նշել, որ այժմ Իրանի տնտեսական հնարավորությունները խիստ սահմանափակ են: Ինչ վերաբերում է առողջապահական վիճակին, ապա պետք է նշել, որ այստեղ էլ բնականաբար վիճակն աղետալի է. Իրանից դուրս հրապարակվող ոչ պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած բնակիչների թիվը մի քանի անգամ ավելի բարձր է պաշտոնապես արձանագրված թվից: Պատժամիջոցների հետևանքով նույնիսկ դեղերի ներմուծումը մեծ խնդիր է Իրանի համար: Պետք է նշել, որ Իրանի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ ստեղծել են կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը և արդեն իսկ մի քանի երկրներ ցանկություն են հայտնել ներկրել այդ պատվաստանյութը:

REGST. Հայտնի է Իրանի և նրա հետ հարաբերությունների կարևորությունը Հայաստանի (այդ թվում՝ Արցախի) համար: Իսկ ի՞նչ նշանակություն ունի Հայաստանն Իրանի համար:

Արմեն Վարդանյան. Ինչպես որ Իրանը մեր երկրի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող երկիր է, այնպես էլ Հայաստանն Իրանի համար շատ մեծ կարևորություն ունի: Նախ՝ անվտանգային տեսանկյունից Հայաստանը Իրանի այն եզակի հարևաններից է, որտեղից ոչ մի անվտանգային սպառնալիք Իրանի համար չկա: Նույնիսկ Իրանի կարևորագույն դաշնակից համարվող ներկայիս Իրաքում կան ազգային-կրոնական փոքրամասնություններ (քրդեր, սունիներ), որոնք թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ և հնարավորության դեպքում այդ թշնամական վերաբերմունքը գործնականում են ցուցադրում: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի մասին, որն այս տարիների ընթացքում բազմիցս դարձել է Իրանի դեմ պայքարի հարթակ ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Իսկ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի եղել հակաիրանական հարթակ և դա մեր հարավային հարևանը շատ լավ է գիտակցում:

Բացի այդ, Հայաստանն Իրանի համար կարևոր  է նաև աշխարհառազմավարական տեսանկյունից: Հայաստանի միջոցով Իրանը դուրս է գալիս Վրաստան, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա: Չպետք է մոռանալ նաև, որ ԵՏՄ հետ ունեցած Իրանի միակ ցամաքային սահմանը հենց Հայաստանի հետ սահմանն է, այնպես որ Իրան-Հայաստան ցամաքային սահմանը նաև Իրան-ԵՏՄ սահման է: Իհարկե, Հայաստանն այլ կարևոր նշանակություն էլ ունի մեր հարևան երկրի համար, և մենք չպետք է մոռանանք դրա մասին:

REGST. Իրանի Իսլամական Հանրապետությունն օրենսդրորեն ամրագրել է Իսրայելի սիոնիստական իշխանությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը. առաջիկայում այս ուղղությամբ ի՞նչ միջոցառումներ ու տարածաշրջանում Իրան-Իսրայել հակամարտության ի՞նչ դիպաշար է կանխատեսվում:

Արմեն Վարդանյան. Իրան-Իսրայել հարաբերություններն այնքան թշնամական են, այդ երկու երկրների միջև լարվածությունն այնքան մեծ է, որ ցանկացած դիպաշար, նույնիսկ ամենաանհավանական թվացողը, կարող է տեղի ունենալ: Իհարկե, անմիջական բախման հնարավորությունն այս պահին այդքան էլ մեծ չէ, բայց ամենահավանական տարբերակն այն է, որ Իրանը և Իսրայելը շարունակեն երրորդ երկրների տարածքում պրոքսի պատերազմներ մղել միմյանց դեմ:

Telegram

Մեկ կարծիք «Հայաստանը երբեք չի եղել հակաիրանական հարթակ և դա մեր հարավային հարևանը շատ լավ է գիտակցում. Արմեն Վարդանյան»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։