Եգիպտոսը «նախազգուշական կրակ» է արձակել Էրդողանի ուղղությամբ

Լիբիայի սահմանների մոտ ընթացող լայնածավալ զորավարժություններում եգիպտական բանակի «թշնամին» վարձկաններն ու ահաբեկիչներն էին:

Փորձագետները Լիբիայի սահմանների մոտ Եգիպտոսի բանակի լայնածավալ զորավարժությունները համարել են ուղերձ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով աջակցում է վարչապետ Ֆայեզ Սարաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարությանը և նրան ենթակա ռազմական խմբավորումներին: Դրանով Կահիրեն թուրքական կողմին կոչ է անում Լիբիայում առավել զուսպ քաղաքականություն վարել՝ «նախազգուշական կրակ արձակելով»:

Hasm-2020 զորավարժություններն անցկացվել են Եգիպտոսի Արևմտյան տարածաշրջանի զորախմբերի կողմից: Դրանց մասնակցել են զինված ուժերը և հատուկ նշանակության ջոկատը, դեսանտայիններ, ծովային հետևակ:

Մանևրման դիպաշարերը ենթադրել են ցամաքային զորքերի ներխուժում և ցամաքածովային գործողություններ լիբիական սահմանի հարևանությամբ գտնվող ափամերձ շրջաններում: Կիրառվել են նաև վարձկանների և ահաբեկչական խմբերի հակազդեցության տարբերակները: Զորավարժություններին մասնակցել են նաև հրետանին և ՀՕՊ ուժերը:

Վարժանքները տևել են մի քանի օր: Մասնակցել է նաև պաշտպանության նախարար Մոհամեդ Զաքին:

© WAR SINAI / Hasm-2020

Գեներալ Սամիր Ֆարաղն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սովորաբար եգիպտական բանակը վարժանքների ժամանակ «մարտնչում է» կանոնավոր զինուժի դեմ, սակայն այս անգամ «թշնամին» վարձկաններն էին:

Գեներալը նշել է, որ ուսումնական խնդիրներից մեկը վարձկանների վրա հարձակումն էր՝ ռազմաօդային ուժերի մասնակցությամբ: Եգիպտական ՌՕՈւ-երը հաջողությամբ են իրականացնում զինվորների և ռազմական տեխնիկայի «նետումը»: Գեներալի խոսքով՝ սա եգիպտական բանակին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում հապճեպորեն զորքեր հասցնել Աֆրիկա-Մերձավոր Արևելք տարածքաշրջանի ցանկացած հատվածում:

Ավելի վաղ Եգիպտոսը հայտարարել էր Լիբիա զորք մտցնելու պատրաստության մասին, եթե Ազգային համաձայնության կառավարությունը և նրա դաշնակիցներն անցնեն «կարմիր գիծը», որը պայմանականորեն անցնում է ծովափնյա Սիրտ քաղաքով:

Telegram