Տավուշի ուղղությամբ հայկական դիրքը գրավելու փորձերը ձախողվել են. ՀՀ ՊՆ (լրացված)

Ադրբեջանի զինծառայողներն ՈՒԱԶ-ով սահմանն անցնելու փորձ են կատարել: Մոտ 1 ժամ անց սահմանային դիրքը գրավելու փորձը կրկնել են՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան. Շուշան Ստեփանյան:

Նկարը՝ © verelq.am

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Լրացված 1. Ադրբեջանական աղբյուրները հայտարարում են երկու կողմից կորուստների առկայության մասին: Սովորության համաձայն՝ Ադրբեջանի ՊՆ-ը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման մեջ:

Լրացված 2. Ադրբեջանական կողմը հաստատել է սեփական կորուստների մասին տեղեկությունը՝ 2 զոհ, 5 վիրավոր:

Լրացված 3. Ադրբեջանը հայտնել է 3-րդ սպանվածի մասին:

Լրացված 4. «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը». Շուշան Ստեփանյան:

Telegram