Լիբիայում թուրքական ռազմակայանների բացման հիմնախնդիրը

Հայկ Գաբրիելյան, ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող:

Նկարը՝ © AIISA / Հայկ Գաբրիելյան

2019թ․ ապրիլի սկզբին Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարը մասշտաբային հարձակում ձեռնարկեց երկրի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ, ուր գտնվում է Ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) Ֆայիզ Սարաջի գլխավորությամբ։ Հարձակումը զգալի հաջողություն ունեցավ, Հաֆթարի բանակն աստիճանաբար մոտեցավ Տրիպոլիին։ Դա, բնականաբար, չէր կարող չմտահոգել Սարաջի կառավարությանն աջակցող Թուրքիային, որը զբաղված էր Սարաջի բանակին զենք-զինամթերքի գաղտնի մատակարարումներով։

Տրիպոլիի ուղղությամբ Հաֆթարի բանակի հարձակման մեկնարկից հետո Թուրքիան սկսեց շեշտը դնել ԱՀԿ-ին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և զրահատրանսպորտի մատակարարման վրա՝ հաշվի առնելով նրա խոցելի տեղերը։ Գաղտնիության պայմաններից ելնելով՝ Թուրքիան այլ երկրների դրոշներով երթևեկող առևտրանավերով զենք էր ուղարկում Լիբիա՝ այդպիսով շրջանցելով այդ երկիր զենք մատակարարելու վրա ՄԱԿ-ի դրած բեռնարգելքը։ Չնայած դրան՝ այդ մատակարարումները ժամանակ առ ժամանակ բացահայտվում էին։ Օրինակ, 2018թ․ հունվարին Հունաստանի առափնյա անվտանգության ուժերը Կրետե կղզու մոտ կալանեցին Andromeda նավը, որը երթևեկում էր Տանզանիայի դրոշի ներքո և Թուրքիայից զենք էր տեղափոխում Լիբիա։

Իրակլիոնում կատարված զննման արդյունքում պարզվեց, որ նավի 29 բեռնարկղում առկա է ավելի քան 419 տոննա պայթուցիկ նյութ և համապատասխան սարքավորում (վտանգավոր բեռ)։ Միջադեպից հետո հունական կողմը հայտարարեց, որ նավը Թուրքիայի Իսքենդերուն և Մերսին նավահանգիստներից ուղևորվում էր Լիբիայի Միսրատա նավահանգիստ, սակայն Թուրքիան հերքեց դա՝ ընդգծելով, որ նավը շարժվում էր դեպի Եթովպիա։ Ընդգծենք, որ Միսրատան Լիբիայի երրորդ խոշոր նավահանգիստն է՝ Տրիպոլիից ու Բենղազիից հետո, և որ այնտեղ գործում էր Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն (ավելի վաղ փակվել էին Տրիպոլիում Թուրքիայի դեսպանությունն ու Բենղազիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը)։

2015թ․ սեպտեմբերի սկզբին էլ Հունաստանի առափնյա անվտանգությունը վերստին Կրետեի ափերի մոտ կալանել էր Բոլիվիայի դրոշով Haddad 1 նավը, որը Թուրքիայից զենք էր տեղափոխում Լիբիա։ Նավն օգոստոսի վերջին բեռնվել էր Իսքենդերունում և Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչի խոսքերով՝ շինանյութ էր տեղափոխում Լիբիա։ Նա նաև խոստովանեց, որ «նավը տեղափոխել է մոտ 5000 միավոր հրաձգային զենք ու 500․000 փամփուշտ՝ հավելելով, որ դա ունեցել է օրինական փաստաթուղթ և նախատեսված է եղել Սուդանի ոստիկանության համար»[1]։ Նշենք նաև, որ վերջին տարիներին Թուրքիան աչքի է ընկնում ոչ միայն դեպի Լիբիա, այլև տարածաշրջանի հակամարտության մյուս գոտիներ (Սիրիա, Իրաք, Լիբիա) զենք-զինամթերքի ապօրինի մատակարարումներով։

Այս ամենին զուգահեռ՝ Թուրքիան զբաղված էր Սիրիայից դեպի Լիբիա զինյալներ տեղափոխելով, ինչը որոշակի խնդիրներ էր առաջացրել նաև Սիրիայի հյուսիսում գործող մի շարք խմբավորումների առաջնորդների հետ, որոնք դեմ էին Լիբիա տեղափոխվելուն։ 2020թ․ հունվարի կեսին բրիտանական մամուլը գրեց, որ Թուրքիան դեկտեմբերի վերջից Սիրիայից 2000 զինյալ է տեղափոխել Լիբիա ԱՀԿ-ի բանակի կազմում կռվելու համար։ Այդ զինյալները, մասնավորապես, վեցամսյա պայմանագրեր են կնքել ԱՀԿ-ի հետ, ըստ որի՝ ամսական ստանալու են 2000 $։ Դա բավական շահավետ պայմանագիր էր նրանց համար՝ հաշվի առնելով, որ Սիրիայում կռվելու դեպքում նրանք ստանում էին միայն 450-550 թուրքական լիրա (100 դոլարից էլ պակաս)։ Ի դեպ, Լիբիա մեկնող զինյալներին խոստացել են նաև Թուրքիայի քաղաքացիություն (թուրքական կողմը դրա շահարկմամբ տարիներ շարունակ հրապուրել է օտարազգի զինյալների)։

Թուրքիան նաև ստանձնել է վիրավոր զինյալների բուժման ծախսերի ֆինանսավորումը և զոհված զինյալներին Սիրիա վերադարձնելու պատասխանատվությունը։ Չնայած այս ամենին՝ թե՛ Անկարան, թե՛ Տրիպոլին, թե՛ Սիրիական ազատ բանակը քանիցս հերքել են սիրիացի զինյալների առկայությունը Լիբիայում։ Դրա հետ կապված՝ Լիբիայում գործող սիրիացի զինյալներին խստիվ արգելվել է սոցցանցերում լուսանկարներ տեղադրել իրենց գտնվելու մասին[2]։ Թուրքիայի այսօրինակ ջանքերը զուր չանցան և առարկայական տեսք ստացան 2019թ․ նոյեմբերին, երբ կողմերի միջև ստորագրվեց երկու կարևոր փաստաթուղթ։

ԹՈւՐՔ-ԼԻԲԻԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

2019թ․ նոյեմբերի վերջին Թուրքիայի ու Լիբիայի (ԱՀԿ) կառավարությունների միջև ստորագրվեցին Ծովային սահմանների հստակեցման և Անվտանգության ու ռազմական համագործակցության մասին համաձայնագրեր։ Ծովային պայմանագիրը հստակեցնում էր Միջերկրական ծովում երկու երկրների միջև ծովային գոտիների սահմանագծման հարցը։ Ուշագրավ է, որ ԱՀԿ-ի ստորագրած պայմանագրին առնչվող լիբիական տարածքները գտնվում էին Հաֆթարի բանակի վերահսկողության տակ։

Թուրքիայում համարում են, որ ծովային այս համաձայնագրի կնքումն իրենց պատասխանն է 2000-ականներին Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի ու Իսրայելի միջև ստորագրված ծովային համաձայնագրերի (բացառիկ տնտեսական գոտիներ, ԲՏԳ) դեմ[3], և որ իրենք այդպիսով տապալեցին «Ծովային Սևրը»[4]։ Իրականում Թուրքիան դրանով ոտնահարեց Հունաստանի իրավունքները Միջերկրական ծովի տվյալ գոտում, անտեսեց Հունաստանի համապատասխան առարկությունները՝ ընդգծելով, որ «հունական կղզիների (Կրետե, Հռոդոս) շուրջ ընկած ջրատարածությունը չի համարում Հունաստանի ԲՏԳ»։ Ինչո՞ւ Թուրքիան գնաց այդպիսի քայլի։

  • Վերջին տարիներին Թուրքիան աչքի է ընկնում ծավալապաշտական նկրտումներով, ագրեսիվ արտաքին քաղաքականությամբ, արտերկրում իր ռազմական ներկայությունն օրինական ու ապօրինի ճանապարհներով մեծացնելով։ Գնալով թուրքական կողմն ավելի է կարևորում «Կապույտ (Ջրային) հայրենիքի» (Mavi Vatan) ընդլայնումը, որն էլ լիբիական կողմի հետ համաձայնագրով հասավ 462․000 կմ2-ու։
  • Միջերկրական ծովում սեփական ԲՏԳ-ը միակողմանի ընդլայնելով՝ Թուրքիան փորձելու է էներգակիրների հետախուզման աշխատանքներ իրականացնել ջրային այդ նոր տիրույթում։ Թուրքիան խանդով է նայում նրան, որ վերջին տարիներին Իսրայելը, Կիպրոսը և Եգիպտոսը գազային խոշոր հանքավայրեր են հայտնաբերել Միջերկրական ծովի արևելքում։ Այդ խանդն ուժգնանում է Սև ծովում էներգակիրների հայտնաբերման ոլորտում Թուրքիայի ձախողումներով։ 2019թ․ դեկտեմբերին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարեց, որ «իրենք Միջերկրական ծովում ոչ թե հյուր են, այլ՝ տանտեր»[5], իսկ ահա 2020թ․ մայիսի վերջին ընդգծեց, որ «3-4 ամիս անց Լիբիայում սկսելու են նավթի որոնման աշխատանքներ»[6]։
  • Թուրքիան մտադիր է ամեն գնով խափանել EastMed գազատարի կառուցումը, փակել նրա ճանապարհը, որպեսզի առաջին հերթին Իսրայելն ու Կիպրոսը չփորձեն իրենց գազը հասցնել Եվրոպայի հարավ (Իտալիա)՝ Թուրքիայի տարածքը շրջանցելով։ Ի դեպ, Իսրայելի ու Կիպրոսի համար ամենակարճ ճանապարհը հենց թուրքական երթուղին է, բայց քանի որ նրանք Թուրքիան համարում են խնդրահարույց երկիր, ուստի չեն ցանկանում տարանցիկ կախվածության մեջ ընկնել նրանից։ Փոխարենը նրանք (նաև ԵՄ-ը) աջակցում են EastMed գազատարի նախագծին, որը շատ ավելի երկար է, անցնում է սեյսմիկ գոտով և մեծ խորությունների վրա, ժամանակատար ու ծախսատար նախագիծ է։ EastMed-ի կառուցումը մեծ հարված է թե՛ գազային խոշոր հանգույց դառնալու, թե՛ գազի մատակարարման իր աղբյուրները դիվերսիֆիկացնելու Թուրքիայի պլաններին։ Թուրքիան այդպիսով ցանկանում է Լիբիան օգտագործել որպես «վահան» փակելու համար EastMed-ի ճանապարհը։

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության մասին պայմանագրին, ապա այն նախատեսում է զինծառայողների ուսուցում ու նախապատրաստում, երկու երկրների զինվորականների փոխհարաբերությունների ամրապնդում։ Թուրքիան պարտավորվում է աջակցել Լիբիայի զինված ու ոստիկանական ուժերի կազմում արագ արձագանքման ուժերի ստեղծմանը, կադրերի նախապատրաստմանն ու տեխնիկայի մատակարարմանը։ Փաստաթղթի կետերից մեկը նվիրված էր հետախուզական ու ծովային պարեկության ոլորտում համագործակցությանը։ Այս համաձայնագիրը կարևոր դեր ունի Լիբիայում Թուրքիայի շահերի պաշտպանության տեսանկյունից, այն ճանապարհ էր հարթում Լիբիայում թուրքական բաց ռազմական միջամտության առջև։ Եվ այն երկար սպասեցնել չտվեց իրեն։

ԹՈւՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՑ ՄԻՋԱՄՏՈւԹՅՈւՆԸ

2019թ․ դեկտեմբերի 10-ին Էրդողանը հայտարարեց, որ իրենք կարող են զինվորականներ ուղարկել Լիբիա[7]։ Արդեն 2020թ․ հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանն ընդունեց Լիբիա զինվորականներ ուղարկելու մասին օրինագիծը՝ համաձայն Սահմանադրության 92-րդ հոդվածի[8]։ Ընդ որում, Թուրքիայի կառավարությունը համապատասխան հարցով խորհրդարանին դիմել էր 2019թ․ դեկտեմբերի 30-ին[9]։ Խորհրդարանում օրինագծին կողմ քվեարկեցին իշխող «Արդարություն և զարգացում» և նրա հետ դաշինքի մեջ մտած «Ազգայնական շարժում» կուսակցությունները (ԱԶԿ-ԱՇԿ), իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», նրա հետ դաշինքի մեջ մտած «Լավ» կուսակցությունները (ԺՀԿ-ԼԿ), ինչպես նաև վերջերս ԺՀԿ-ի հետ հարաբերությունները բարելաված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը (ԺԴԿ) դեմ քվեարկեցին օրինագծին։

Օրինագծի ընդունումը և այդպիսով «լիբիական խաղի» մեջ բաց կերպ մտնելը հրատապ էր թե՛ Թուրքիայի, թե՛ ԱՀԿ-ի համար, քանի որ 2019թ․ դեկտեմբերի 12-ին Հաֆթարը հայտարարել էր, որ իր զինված ուժերը սկսում են երկրի մայրաքաղաքի համար վճռական ճակատամարտը։ Ինչպես դիպուկ նշված է Թուրքիայի լիբիական քաղաքականության մասին Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) զեկույցում, Տրիպոլիի իշխանությունները Թուրքիայի ռազմական օգնությունը դիտարկում էին որպես «փրկօղակ», որը նրանց փրկելու էր ջրասույզ լինելուց։ Չնայած Թուրքիայի կողմից Լիբիա զենք-զինամթերք և զինյալներ ուղարկելուն՝ Սարաջի կառավարությունը չէր կարողանում դիմագրավել Հաֆթարի զորքերի գրոհներին։ Հենց դա էլ թուրքական իշխանություններին հարկադրեց գործել ավելի արագ՝ անցնելով ռազմական բաց միջամտության և փորձելով կասեցնել Հաֆթարի բանակի առաջխաղացումը։

Թուրքիան այս համատեքստում գտավ երկու խելամիտ փաստարկ՝ հիմնավորելու համար իր ռազմական բաց միջամտությունը Լիբիայում՝ այն միջազգային իրավունքի տեսանկյունից անխոցելի դարձնելու համար։

  • ԱՀԿ-ը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, իսկ 2016թ․ հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը ձգտում է ամենուրեք իրեն դիրքավորել հօգուտ լեգիտիմ իշխանությունների և ընդդեմ ռազմական հեղաշրջման ճանապարհով իշխանության եկածների (օրինակ, Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի պարագայում)։
  • 2019թ․ դեկտեմբերի վերջին Սարաջի կառավարությունը կործանումից փրկվելու համար ռազմական օգնության խնդրանքով դիմեց Թուրքիային[10]՝ նախապես քաջատեղյակ լինելով, որ նա չի մերժի։ Սարաջի այդ քայլը չափազանց կարևոր էր Թուրքիայի համար՝ Լիբիայում իր գործողություններին իրավական երանգ հաղորդելու համար։ Ընդգծենք, որ Թուրքիան Սիրիայում լուրջ խնդիր ուներ՝ կապված իր գործողությունների լեգիտիմության հետ, քանի որ այնտեղ գործում էր առանց այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հրավերի։ Փոխարենը Ռուսաստանը շարունակ թմբկահարում էր, որ Սիրիայում գործունեություն ծավալում է Ասադի հրավերով։ Եվ հիմա նույն կերպ վարվելու է Թուրքիան՝ շարունակ հիշեցնելով բոլորին, որ Լիբիայում իր գործունեությունը ծավալում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված ԱՀԿ-ի հրավերով։

Այս ամենից հետո Անկարան անմիջապես Տրիպոլի ուղարկեց մոտ 100 թուրք սպա՝ համակարգելու համար ԱՀԿ-ի զորքերի գործողությունները։ Բացի այդ Թուրքիան ինտենսիվացրեց ռազմական տեխնիկայի (ՀՕՊ-ի միջոցների) մատակարարումները դեպի Տրիպոլիի և Միսրատայի նավահանգիստներ։ Այսպիսի համատեքստում Թուրքիայի համար այժմեական դարձավ Լիբիայում ռազմակայաններ հիմնելը։

ԼԻԲԻԱՅՈւՄ ԹՈւՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ

2020թ․ հունիսի կեսին թուրքական մամուլը գրեց, որ Թուրքիան ծրագրել է երկու ռազմակայան ստեղծել Լիբիայում։ Դրանցից մեկը Տրիպոլիից 100 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած «Ալ-Վաթիա» ավիաբազան է, որում թուրքական կողմը ծրագրել է տեղակայել ԱԹՍ-եր ու ՀՕՊ-ի միջոցներ։ Մյուս բազան ծրագրված է հիմնել Միսրատայում[11]։ Լիբիայում թուրքական ռազմակայանների ստեղծման մասին խոսակցություններն ակտիվացան այն բանից հետո, ինչ ԱՀԿ-ի բանակը Թուրքիայի օգնությամբ ռազմական և տարածքային մի շարք հաջողությունների հասավ Հաֆթարի բանակի դեմ մարտերում։ Դա մասնավորապես վերաբերում է մայիսի վերջին Սարաջի ուժերի կողմից թուրքական անօդաչու ավիացիայի ակտիվ աջակցությամբ ռազմավարական կարևորության «Ալ-Վաթիա» ավիաբազան գրավելուն[12]։

Արևմտյան մամուլը դա որակեց որպես Էրդողանի արտաքին քաղաքական հաղթանակ Լիբիայում՝ ընդգծելով, որ այն ամբողջական չէ․ ամբողջական հաղթանակի համար Էրդողանը պետք է ներդնի հավելյալ ռեսուրսներ[13]։ Ըստ ամենայնի, Լիբիայում Թուրքիայի ռազմակայանների ստեղծման հարցը քննարկվել է հունիսի սկզբին, երբ Ֆայիզ Սարաջն այցելեց Անկարա։ Սարաջի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ իրենք կողմ են Լիբիայի հետ համագործակցության ընդլայնմանը[14]։

2020թ․ հուլիսի սկզբին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերն այցելեցին Տրիպոլի և ստորագրեցին համաձայնագիր, որը Թուրքիային թույլ է տալիս Լիբիայի տարածքում տեղակայել ռազմակայաններ, իսկ նրա բոլոր զինծառայողներին տրվում է դիվանագիտական կարգավիճակ։ Թուրք զինվորականները և ռազմական խորհրդատուները ձեռք էին բերում դատական գործընթացներից անձեռնմխելիություն։ Համաձայնագրով Թուրքիան իրավունք էր ստանում ձևավորելու նոր ռազմա-հետախուզական գործակալություն և ապահովել Լիբիայում գործող թուրքական ընկերությունների անվտանգությունը: Այցը կազմակերպվել է երկու երկրների միջև ամիսներ առաջ կնքված ռազմական ու անվտանգության համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում[15]։ 

Փաստորեն Լիբիայում ռազմական բաց միջամտություն ձեռնարկելը Թուրքիային հնարավորություն տվեց երկարաձգելու Սարաջի կառավարության գործունեությունը և այդպիսով նրանից ստանալու Լիբիայում թուրքական ռազմակայաններ հիմնելու թույլտվություն։ Մյուս կողմից էլ, ինչպես դիպուկ նշվում է ՄՃԽ-ի վերոնշյալ զեկույցում, «Թուրքիայի այդ միջամտությունը Լիբիայում չհանգեցրեց ո՛չ հակամարտության սրացմանը, ո՛չ էլ միմյանց հետ մրցակցող քաղաքական ու ռազմական խմբավորումների միջև հրադադարի ու արդյունավետ բանակցությունների։ Եվ, այնուամենայնիվ, այն պարունակում է այլ ռիսկ․ որքան շատ կողմնակի խաղացողները ռազմական տեխնիկա ու զինյալներ մատակարարեն իրենց լիբիացի դաշնակիցներին, այնքան երկար կարող է տևել կոնֆլիկտը և այդպիսով դառնալ ավելի վտանգավոր»։

Եվ թեև դեռ չի հայտարարվել Լիբիայում Թուրքիայի ռազմակայանների բացման մասին, այնուամենայնիվ, անկասկած է, որ Լիբիան նույնպես կհամալրի այն երկրների ցանկը, որոնցում 21-րդ դարում հայտնվել են թուրքական ռազմակայաններ։

ԼԻԲԻԱՅԻ ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆԸ ԹՈւՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Ակնհայտ է, որ Թուրքիայի համար Լիբիան ունի բավական մեծ կարևորություն՝  նայած, որ նրա տարածքի 90%-ն անապատներ ու լեռներ են։ Այդ գործոններն են՝

Լիբիական նավթ — Նավթի հանքեր գրեթե չունեցող Թուրքիան մեծապես հետաքրքրված է լիբիական նավթով։

  • EastMed գազատար — Այս մասին արդեն նշվել է։
  • Շինարարական ոլորտ – Մինչև 2011թ․ Մուամմար Քադաֆիի վարչակարգի տապալումը, թուրքական շինարարական ընկերությունները խոշոր նախագծեր էին իրականացրել Լիբիայում, ինչը շարունակվեց հետագայում․ ներկայումս Լիբիայում Թուրքիայի շինարարական նախագծերի ծավալը գնահատվում է 19 միլիարդ դոլար։
  • Թուրքական «Կապույտ հայրենիք» (Blue Homeland) — Այս մասին նույնպես նշվել է։
  • Լիբիայի ջրային պաշարներ – Հայտնի է, որ Լիբիան ունի ստորգետնյա ջրային խոշոր պաշարներ, որոնք ներկայումս չեն օգտագործվում այնպես, ինչպես Քադաֆիի կառավարման ժամանակ։ Վերջինս այդ նպատակով կառուցել էր ջրատարների հսկա համակարգ՝ «Մեծ ձեռագործ գետ», որը գրանցվել է անգամ Գինեսի ռեկորդների գրքում։
  • Հունաստանի հետ բարդ հարաբերություններ – Թուրքիան փորձում է Լիբիան օգտագործել Հունաստանի հետ իր «ծովային հակամարտությունում»։
  • Եգիպտոսի հետ բարդ հարաբերություններ – Լիբիան կարևոր դեր ունի ալ-Սիսիի Եգիպտոսը տարբեր կողմերից ռազմակայաններով շրջապատելու թուրքական պլանի տեսանկյունից (Լիբիա, Կիպրոս, Սուդան)։
  • Տարածաշրջանային մրցակցություն – Թուրքիան խստապես ցանկանում է նվազեցնել Հաֆթարին աջակցող տարածաշրջանային երկրների (Եգիպտոս, ԱՄԷ, նաև Սաուդյան Արաբիա) ազդեցությունը Լիբիայում։
  • Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականություն — Լիբիան նախկինում մաս է կազմել Օսմանյան կայսրության, և նեոօսմանյան քաղաքականություն վարող Թուրքիայի ներկայիս իշխանությունների ուշադրությունից դուրս չէ։
  • Թուրքիայի աֆրիկյան քաղաքականություն — ԱԶԿ-ի կառավարման տարիներին Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում Աֆրիկայում՝ նրա մի շարք երկրներին, այդ թվում նաև Լիբիային դիտարկելով որպես դարպաս երկիր՝ դրանցով մայրցամաքի խորքերը ներթափանցելու համար։
  • Թուրքիայի ռազմակայանային քաղաքականություն – Վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն իր ռազմական ներկայությունն է հաստատում կամ ընդլայնում այն տարածքներում, որոնք նախկինում մաս են կազմել Օսմանյան կայսրության (Սոմալի, Քաթար, Սիրիա, Իրաք, Կիպրոս, թիրախում են Սուդանն ու Քուվեյթը)։
  • Մանևրելու ու զիջումների դաշտ – Լիբիայում իրականացնելով ռազմական միջամտություն՝ Թուրքիան նոր «ճակատ» բացեց թե՛ Արևմուտքի (ԱՄՆ, ԵՄ), թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Դա նրան հնարավորություն է տալիս ստանալու մանևրի նոր դաշտ, նրանց հետ բանակցություններում (միգուցե) գնալ զիջումների տվյալ «ճակատին» (Լիբիա) առնչվող որոշակի հարցերում և փորձել փոխարենը նրանցից զիջումներ կորզել մեկ այլ «ճակատում» (օրինակ, Սիրիայում)։
  • Փախստականների հոսք – Լիբիան առանցքային երկիր է Հյուսիսային Աֆրիկայից ԵՄ փախստականների հոսքի տեսանկյունից, ինչպես որ Թուրքիան է՝ Մերձավոր Արևելքից դեպի ԵՄ ուղղությամբ։ Թուրքիան արդեն իսկ մեծ թվով փախստականներ (մոտ 4 միլիոն մարդ) է հավաքել իր մոտ և շարունակ սպառնում է նրանց ուղարկել ԵՄ՝ փորձելով զիջումներ ստանալ նրանից։ Եթե Թուրքիան հասնի նրան, որ ողջ Լիբիան դառնա իրենից կախյալ պետության, ապա նա կկարողանա վերահսկել նաև Հյուսիսային Աֆրիկայից ԵՄ փախստականների հոսքը։ Այդպիսով, Լիբիան նրա համար կարող է ծառայել ոչ միայն «վահան», ինչի մասին արդեն նշվել է, այլև որպես «սուր»։
  • Աթաթուրքի գործոն – Այս կետն առավելապես առնչվում է Էրդողանին, ով պատմության մեջ ավելի խորը հետք թողնելու պլանում հեռակա մրցակցության մեջ է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։ Հայտնի է, որ Մ․ Քեմալը մասնակցել է 1911-1912թթ․ Տրիպոլիտանական պատերազմին, և չնայած նրա լոկալ հաջողություններին՝ Օսմանյան կայսրությունը տանուլ է տվել Իտալիայի դեմ պատերազմն ու կորցրել իր աֆրիկյան տիրույթը։ Եվ ահա 21-րդ դարում՝ Էրդողանի կառավարման տարիներին, թուրք զինվորը մոտ մեկ դար անց (հաղթական) վերադառնում է Լիբիա (Աթաթուրքը պարտված լքեց Լիբիան, իսկ Էրդողանը հաղթանակով է վերադառնում Լիբիա)։ Ելնելով Մ․ Աթաթուրքի հետ մրցակցության գործոնից՝ ակնհայտ էր մեկ բան․ այն, որ Էրդողանը Լիբիայում սկսեց ռազմական բաց միջամտություն, նշանակում է, որ դրանից առաջ նա նախապատրաստական լուրջ աշխատանքներ էր տարել ամենատարբեր ուղղություններով (ռազմական, դիվանագիտական և այլն), որոնք էլ նրան վստահություն էին ներշնչել, որ ռազմական բաց միջամտության դեպքում նա Լիբիայից չի հեռանա պարտված։ Էրդողանը զուտ իր ներկայիս իմիջի և պատմության մեջ «ավելի խորը հետք թողնելու» տեսանկյունից «իրավունք չունի» պարտված դուրս գալ Լիբիայից՝ անկախ նրանից, թե դա որքան ռեսուրսներ կխլի իր երկրից։

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ, Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող:

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Габриелян Айк, О поставках оружия Турцией в зоны конфликтов, ИВБ, 19.01.2018

[2] Bethan McKernan and Hussein Akoush, The Guardian, Exclusive: 2,000 Syrian fighters deployed to Libya to support government, 15.01.2020

[3] Veysel Kurt, 5 Soru: Türkiye’nin Libya’ya Asker Gönderme Tezkeresi, SETAV, 02.01.2020

[4] Amiral Gürdeniz, Doğu Akdeniz’deki Sevr’i parçaladık!, Aydınlık, 30.11.2019

[5] Bakan Dönmez: Akdeniz’de misafir değil ev sahibiyiz, CNN Türk, 19.12.2019

[6] Bakan Dönmez: Libya’da petrol arama faaliyetlerimize 3-4 ay içerisinde başlayabileceğiz, TRT Haber, 29.05.2020

[7] Erdoğan: Libya’ya asker gönderebiliriz, Bloomberg HT, 10․12․2019

[8] Libya Tezkeresi 325 oyla Meclis’te kabul edildi, Milliyet, 02.01.2020

[9] Libya tezkeresi TBMM’de, Anadolu Ajansı, 30.12.2019

[10] Reuters: Libya, Türkiye’den resmen askeri destek istedi, BBC Türkçe, 26․12․2019

[11] Turkey plans to set up two military bases in Libya, The Libya Observer, 13․06․2020

[12] Fall of Key Air Base May Decide Libya’s Civil War, The Media Line, 20.05.2020

[13] Bobby Ghosh, Turkey’s Libya Gambit Gives Erdogan Some Good News, Bloomberg, 07.05.2020

[14] Erdoğan: Doğu Akdeniz’de Libya’yla işbirliğimizi genişletmeyi hedefliyoruz, BBC Türkçe, 04.06.2020

[15] Milli Savunma Bakanı Akar Libya’da, Anadolu Ajansı, 03.07.2020

Telegram

Մեկ կարծիք «Լիբիայում թուրքական ռազմակայանների բացման հիմնախնդիրը»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։