Ադրբեջանական ընդդիմությունն Ալիևի ելույթից հետո նոր ճնշումների է ենթակվել

Ձերբակալվել են ընդդիմադիր «Ազգային ճակատ» կուսակցության մի խումբ անդամներ, որոնց Ալիևը մեղադրել էր «5-րդ շարասյանը» աջակցելու մեջ:

Նկարը՝ © Ali Kerimli

Ադրբեջանում ընդդիմադիր 6 գործիչներ են ձերբակալվել Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, որտեղ նա անհրաժեշտ էր համարել լուծել «5-րդ շարասյան» խնդիրը: Վերջինիս մասնակցության մեջ Ալիևը մեղադրել էր ընդդիմությանը՝ նրանց անվանելով «հայերից վատը»:

«Ազգային ճակատ» կուսակցության անդամներ Ֆարիդ Ասադովը և Էլվին Մամեդովը ձերբակալվել են հուլիսի 14-ի՝ «ադրբեջանական բանակի աջակցությանը» նվիրված ցույցին մասնակցելուց հետո: Կուսակցության նախագահի տեղակալ Սեյմուր Ղազին նշել է, որ Ասադովին և Մամեդովին չեն եղել խորհրդարանի շենք մուտք գործած ցուցարարների շարքում: Հաջորդ օրը ձերբակալվել են կուսակցության ևս 4 ակտիվիստներ:

«Ազգային ճակատը» հայտարարել է, որ ցույցերից հետո ոստիկանական բաժանմունք են տարվել կուսակցության երկու այլ անդամներ: Մեկը՝ «Թովուզում մարտական գործողությունների» թեմայով առցանց բանավեճին մասնակցելու, մյուսը՝ հուղարկավորության զանգվածային արարողությանը մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահը բարձր էր գնահատել «ժողովրդի միասնությունը ցույց տվող ցույցերի անցկացումը»: Սակայն ավելի ուշ, երբ այն վերաճել էր հակաիշխանական հանրահավաքի, ցուցարարները մուտք էին գործել խորհրդարանի շենք, Իլհամ Ալիևը սկսել էր նրանց քննադատել՝ մեղադրելով «խուլիգանության», «հասարակական կարգը խախտելու», ինչպես նաև «հինգերորդ շարասյանը» աջակցելու մեջ:

Այդ հարցում Ալիևը շտապել էր մեղադրել ընդդիմությանը՝ հանձինս «Ազգային ճակատ» կուսակցության անդամներին: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ նրանք «հայերից էլ վատն են, իսկ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեղավորն «Ազգային ճակատն» է»:

Ադրբեջանի Ժողովրդավաական ուժերի ազգային խորհուրդը, ընդդիմադիր խմբերի կոալիցիան (որի անդամ է «Ազգային ճակատը»), դատապարտել են Ալիևի ելույթը՝ այն համարելով «ընդդիմության դեմ նոր ու ավելի դաժան ճնշումների սկիզբ»: Նրանք հերքել են հուլիսի 14-ի ցույցերը կազմակերպելու մեղադրանքները:

Telegram