Էրդողանի և Ալիևի պայքարն Ադրբեջանի տարածքի և հատկապես Նախիջևանի համար

Տարածաշրջանային հարցերի մասնագետ Վահրամ Հովհաննիսյանի դիտարկումը թուրք-ադրբեջանական «նախիջևանյան լարվածության» վերաբերյալ:

Նկարը՝ © AA, Ռ.Թ.Էրդողան, Ի.Ալիև

Հիպոթեզ — Ներկայիս իրավիճակն այսքան սուր, ընդգրկուն, վտանգավոր չէր լինի, եթե Ադրբեջանի կազմում գտնվող տարածքի նկատմամբ հետաքրքրություն չունենար Թուրքիան:

Բացառում — Հայաստանը պատերազմ չի ցանկանում և ոչ մի դեպքում հանուն տարածքի, որքան էլ այն ՀՀ-ին անվտանգային, տնտեսական ու այլ հարցերով անհաժեշտ լինի, նախահարձակ չի լինի, և նախիջևանյան հարցում Բաքվի անհանգստությունը հայկական գործոնով չի կարող պայմանավորվել:

Հիպոթեզին աջակցող հանգամանքներ

1. Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը շուրջ 100 տարի եղել է Թուրքիայի համար կարևոր հենարան՝ պանթուրքիստական ծրագրերն ուժի մեջ պահելու համար: Այն սլաքի նման ուղղված է դեպի Թուրան, և առանց նրա թուրքականության՝ Մեծ Թուրանի մասին մտածելն էլ անիմաստ կլինի:

2. Պանթուրքիզմի իրագործման հիմքերը կահավորող, նախնիներին գերազանցել փորձող և սուլթանության ձգտող Էրդողանը վերջին վերջին 2 տարում ակնհայտ վերաբերմունք է ցուցաբերում այդ տարածքի նկատմամբ (բազմաթիվ զորավարժությունները, սոցիալ-տնտեսական ծրագրերը վկա):

3. Ռուս-իրանական անհանդուրժողական դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ ևս ակնհայտ է, իսկ այն չէր արտահայտվի, եթե Նախիջևանի «էրդողանականացման» վտանգ չզգային:

4. Ադրբեջանը տնտեսական լրջագույն խնդիրներ ունի, իսկ Թուրքիան «առիթից օգտվելու մեծ վարպետ է»:

5. Ադրբեջանի տնտեսական խնդիրները հանգեցրել են նաև քաղաքական խնդիրների ու միջկլանային պայքարի վերհանմանը: Այդ կլանների շարքում քիչ չեն նաև Էրդողանի հովանավորյալները: Նրանք լրջագույն պայքարի են մղվել, ինչը փաստում է Էրդողանի հետաքրքրությունն Ադրբեջանի տարածքի նկատմամբ:

6. Տնտեսական խնդիրներ ունեցող Ադրբեջանը հայտարարել է, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար նախատեսում է ավելի լավացնել հարաբերությունները ԵԱՏՄ երկրների և հենց Միության հետ. վերջինիս հետ Ադրբեջանի՝ ցանկացած կարգավիճակով համագործակցությունը կնշանակի հեռացում թուրքական տնտեսական օղակից, այդ թվում՝ Նախիջևանի համար:

7.1 Բաքուն բարձր մակարդակով հայտարարեց Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հնարավորության մասին (ադրբեջանական հրթիռներն ատոմակայանին կարող են հարվածել Նախիջևանից): Սրանով Բաքուն ցույց տվեց իր ռազմաքաղաքական տիրապետությունը Նախիջևանում:

7.2 Հայաստանում միայն ԱԷԿ-ը չէ հզոր ենթակառուցվածք. այլ կառույցներ ևս կան, որոնք կաող են խոցվել բուն Ադրբեջանի տարածքից, սակայն տվյալ դեպքում ընտրվեց նախիջևանյան տարբերակը, ինչից հետո թուրքական հայտարարություններն այլ երանգ ստացան, տեղեկություններ տարածվեցին Բաքու նյութական աջակցություն ուղարկելու մասին:

8. Թեև ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չէին զբաղեցրել մեկը մյուսի տարածքը (փաստացի՝ տարածքային ամբողջականությունը խաթարված չէր. հայկական ուժերը չէին մտել Ադրբեջանի տարածք, իսկ ադրբեջանական ուժերը չէին կարողացել մտնել Հայաստանի տարածք), սակայն մի շարք երկրներից հնչեցին տարածքային ամբողջականության պահպանման կոչեր:

9. Ադրբեջանում վեր բարձրացան 10-ամյակներ շարունակ ճնշված ազգային փոքրամասնությունները, որոնք առանց հավելյալ աջակցության չէին կարող վտանգել իրենց հետագա գոյությունը:

10. Ընդդիմադիր մեծ շարժում է ձևավորվել Ադրբեջանում, որն ակնհայտ խնդիրներ է առաջացրել Ալիևի համար (վերջին օրերին շուրջ 1 տասնյակ ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել):

11. Արտգործնախարարի փոփոխությունն ուղղակի կապ ունի այս խնդրի հետ, բայց մանրամասները դեռ պետք է հավելյալ բացահայտել (գուցե դա անձամբ Մամեդյարովն անի): Համենայն դեպս՝ նոր նախարարի նշանակումից հետո հնչեց Մեծամորին հարվածելու հայտարարությունը:

12. Ադրբեջանում այդպես էլ չկրկնեցին-չպատասխանեցին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի կողմից բախումների օրերին բազմիցս հնչած «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» (Bir millet, iki devlet)՝ նախկինում երկու երկրների համար ընդունելի արտահայտությանը:

Telegram