ԱՄԷ-ն դեպի Մարս տիեզերական առաքելությունը հաջողությամբ արձակել է

Սա պատմության մեջ արաբական առաջին առաքելությունն է դեպի Կարմիր մոլորակ: Նախատեսվում է, որ զոնդը շուրջ մեկ տեռաբայթ տվյալ է փոխանցելու Երկիր:

Նկարը՝ © David Legangneux/tw, Al Amal-ի արձակումը H-2A հրթիռ-կրիչով

Al Amal («Ալ Ամալ», թրգմ.՝ «Հույս») անվամբ զոնդն արձակվել է ճապոնական Տանեգասիմա տիեզերակայանից՝ Mitsubishi Heavy Industries ընկերության արտադրության H-2A հրթիռ-կրիչի օգնությամբ: Ալ Ամալը նախատեսված է Մարս մոլորակի մթնոլորտի և կլիմայի հետազոտության համար: Այն Մարսին կհասնի 2021թ. փետրվարին:

Արաբական առաջին առաքելության մեկնարկը դեպի Մարս սկզբնապես նախատեսված էր հուլիսի 14-ին, սակայն վատ եղանակի պատճառով երկու անգամ հետաձգվել է: Արձակումից հետո առաջին 30 օրվա ընթացքում Դուբայի Մոհամեդ բեն Ռաշիդի տիեզերական կենտրոնի անձնակազմն աշխատելու է շուրջօրյա, ապա տիեզերական շրջագայության մեկնած զոնդին շարունակելու է հետևել սովորական ռեժիմով:

© SciNEWS, տիեզերանավի արձակումը

Զոնդում գտնվում են բարձր կետայնությամբ խցիկը, ինֆրակարմիր սպեկտրոմետրը՝ ջերմաստիճանային ռեժիմների, սառույցի, ջրային գոլորշու և Մարսի մթնոլորտում փոշու, ինչպես նաև մթնոլորտի վերջին շերտերի և թթվածնի ու ջրածնի հետքերի հետազոտության համար:

Բացի այդ՝ Ալ Ամալը դիտարկելու է Մարսի վրա փոշու զանգվածային փոթորիկները, ուսումնասիրելու է Կարմիր մոլորակի մթնոլորտի վերին և ստորին շերտերի միջև կապը և մակերեսի կորոզիան: Նախատեսվում է, որ զոնդը շուրջ մեկ տեռաբայթ տվյալներ է փոխանցելու Երկիր: Առաքելության ղեկավար Օմրան Շարաֆը նշել է, որ առաքելության յուրահատկությունն այն է, որ աշխարհի գիտական հանրությունն առաջին անգամ ամբողջական պատկերացում կունենա մարսյան մթնոլորտի մասին՝ օրվա տարբեր ժամերի և տարվա տարբեր եղանակներին: Նրա խոսքով՝ առկա է տեխնոլոգիաների և գիտական աշխատանքի զագացման ուղղությամբ համաշխարհային ջանքերին նպաստող ռազմավարություն, որը կարող է մեծ օգնություն լինել այն դեպքում, երբ մարդկությունը որոշի հաստատվել Մարսի վրա:

Ալ Ամալ զոնդը ստեղծվել է 6 տարվա ընթացքում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ինժեներների կողմից՝ ամերիկյան փորձագետների մասնակցությամբ: Մինչև 2020թ. աշունը Մարս պետք է ուղևորվեն նաև երկու այլ տիեզերական սարքավորումներ՝ NASA-յի «Մարս-2020» առաքելության մասագնացը՝ Perseverance-ը («Կայունություն») և չինական Tianwen-1 մարսագնացը («Հարցեր երկնքին»):

Telegram