Վրաստանում վարակվածների թիվը կտրուկ աճել է. 24 նոր դեպք

Վերջին անգամ նման բարձր ցուցանիշ գրանցվել էր մայիսի 31-ին՝ 26 դեպք: Վարակվածության ընդհանուր դեպքերը՝ 1073, մահացությունները՝ 16, առողջացել են 907-ը:

© REUTERS/Irakli Gedenidze, Վրաստան

Վերջին 24 ժամում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 24 նոր դեպք, ինչը վերջին շրջանի համար աննախադեպ բարձր թիվ է: Հունիս-հուլիս ամիսներին գրանցված ամենաբարձր թիվը մինչ այդ 15 էր՝ հաստատված հունիսի 15-ին:

Վարակվածության դեպքերի կտրուկ աճի հավանական պատճառ է համարվում կատարված թեստավորումների թվի աճը: Մեծ քանակով թեստավորում նախորդ օրերին կատարվել է Քվեմո Քարթլի մարզի Գարբադանի շրջանում, որտեղ վերջին օրերին գրանցվել է վարակվածության 24 նոր դեպք, 1 մահացություն:

Նախորդ օրն առողջացել է 4 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը դարձել է 907:

Վրաստանում ներկայումս մեկուսացված է 5724 մարդ, բժիշկների հսկողության ներքո են 247-ը: Վարակվածների ընդհանուր թիվը 1073 է:

Վրաստանի 41 քաղաքացիներ, այդ թվում՝ 38 զինծառայող, ովքեր նեկայումս բուժում են ստանում, այլ երկրներից ժամանածներն են: Հիշեցնենք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին:

Telegram