Թուրքիայի ռազմական առաջընթացն անհանգստացնում է Իրաքի քրդերին

Քրդերն ահազանգում են հարևան պետությունների տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների վտանգավորության և «չափն անցնելու» մասին: Այս թեմայով RiaTaza-ի վերլուծությունը ներկայացնում ենք մեր ընթերցողին՝ հայերեն տարբերակով:

© JOEY L, Times \ ՔԲԿ զինյալները հերթապահում են Հյուսիսային Իրաքի Մախմուր լեռներում:

Քրդերն անհանգստացած են, որ Թուրքիայի կողմից ՔԲԿ-ի մարտիկների հետապնդումն Իրաքյան Քուրդիստանում կարող է վերածվել թուրքական մշտական ներկայության և ինքնավարության նկատմամբ ոտնձգության:

Թուրքական ռազմական գործողությունների շարունակվող ընդլայնումն ընդդեմ Թուրքիայի քուրդ մարտիկների, որոնք հաստատվել են Իրաքյան Քուրդիստանում, անհանգստություն են առաջացնում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (ՔՏԿ) մոտ, որ նրա ապագան կարող է հայտնվել է տարածաշրջանում թուրքական ծրագրերի ավելի լայն տիրույթ ընդգրկող քարտեզում:

Տարիներ շարունակ ՔՏԿ-ը զիջել թուրքական անդրսահմանային գործողություններին ընդդեմ Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ): Վերջինս հիմնվել է Իրաքյան Քուրդիստանում՝ օգտագործելով լեռնային բազաները՝ Անկարայի դեմ զինված գործողությունները շարունակելու: Իրաքյան Քուրդիստանում քաղաքական գերակշռություն ունեցող Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ), հարթ հարաբերություններ չի ունեցել ՔԲԿ-ի հետ և ձգտել է լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, այն դեպքում, երբ Քուրդիստանի հայրենասիրական միությունը՝ տարածաշրջանի մեկ այլ խոշոր կուսակցություն, ՔԲԿ-ի հետ առավել փափուկ հարաբերություններ է ունեցել:

Անկարային չբարկացնելու համար ՔԴԿ-ը պնդել է, որ Թուրքիայում քրդական խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով և որ ՔԲԿ-ն տարածաշրջանում չի ողջունվում: Սակայն, պաշտոնական հռետորաբանությանը զուգահեռ, հունիսից մեկնարկած թուրքական ռազմական ներխուժումն անհանգստություն է առաջացրել ՔԴԿ-ի շարքերում՝ հատկապես վերջնանպատակների առումով: Աճում է զգուշավորությունը, թե Թուրքիան կարող է ձգտել երկարատև ռազմական ներկայության՝ թուլացնելու ՔԲԿ-ին, նվազեցնելու նրա ցամաքային կապը Սիրիայի քրդական շրջանների հետ և նույնիսկ պնդելու Իրաքում ՔԲԿ-ի դաշնային կարգավիճակի թուլացմանը:

Վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն նվազեցրել է ՔԲԿ-ի ակտիվությունը սեփական տարածքում: Անդրսահմանային ռազմական գործողություններում նրա առաջին նպատակը ՔԲԿ-ի՝ խմբավորման ճամբարային շրջաններում տեղաշարժը կաթվածահար անելն էր: Այդ շրջանները տեղակայված են Ղանդիլի լեռներից (իրաքաիրանական սահման, որտեղ տեղակայված է ՔԲԿ-ի շտաբը) մինչև Սիրիայի արևմտյան սահմաններ՝ ներառյալ Հաքուրքը, Ավաշինը, Գարեն, Զափը, Մեթինան և Հաֆթանինը:

Նախորդ տարի Հաքուրքում բուֆերային գոտու ստեղծումից հետո Թուրքիան ներկայումս, կարծես, ձգտում է երկրորդ բուֆերային գոտին ստեղծել Հավթանինից ու Մեթինայից մինչև Զանդիրա, ապա երրորդը՝ Մեթինայից մինչև Կուրազարո լեռը, որը բաժանում է Զափը և Գարեն: Երկու այլ շրջաններ, որոնք գտնվում են սահմանից հեռու, հայտնվել են Թուրքիայի նշանառության տակ. եզդիներով բնակեցված Սինջարը՝ հայտնի նաև Շանգալ անունով, որտեղ ՔԲԿ-ի օգնությամբ ստեղծվել են Շանգալի պաշտպանության ջոկատներ՝ Անկարային մտածելու տեղիք տալով, թե «ստեղծվում է երկրորդ Ղանդիլ», և փախստականների Մախմուր ճամբարը Քիրքուքի մոտ, որտեղ բնակվում են հազարավոր քրդեր, ովքեր դեռևս 1990-ականներին են փախել Թուրքիայից:

Թուրքիան չի թաքցնում իր մտադրությունը Սիրիայում ռազմական 4 գործողությունների արդյունքում իր տիրապետության ներքո անցած անկլավները 35 կմ-անոց բուֆերային գոտու վերածելու վերաբերյալ, որը ձգվելու է մինչև Տիգրիս գետը, որտեղ գետը, թուրք-սիրիական սահմանային կետ ստեղծելով, անցնում է Իրաքի տարածք: Իսկ Տիգրիսի արևելյան ափին Անկարան նախատեսում է ստեղծել երկրորդ սահմանային անցումն Իրաքի հետ՝ շրջանցելու գործողը, որը բացվում է դեպի Իրաքյան Քուրդիստան, և ապահովել երթուղի դեպի Թել Աֆար և Մոսուլ՝ թուրքական ռազմական որոշակի վերահսկողության ներքո: Զգուշանալով Քուրդիստանի հետ հարաբերությունների համար՝ Բաղդադը ձգձգել է այս ծրագրերը, բայց երբ Մուստաֆա ալ-Քազիմին մայիսին դարձել է Իրաքի նոր վարչապետ, Անկարան կրկին դրել է այս հարցը:

Այս բոլոր քայլերն ու ծրագրերն անհանգստացնում են քրդերին այն առումով, որ Թուրքիայի նպատակները «Ճանկ» գործողությամբ (4 փուլով ընթացող) դուրս են գալիս ՔԲԿ-ի դեմ պայքարի շրջանակներից:

4-րդ և 5-րդ փուլերը, որոնք ստացել են «Բազեի ճանկ» և «Վագրի ճանկ» անվանումները, սկսվել են հունիսի կեսերին, երբ թուրքական զորքերը խորացել են մինչև 30 կմ և ստեղծել են 24 նոր բազաներ, հսկիչ-անցագրային կետեր: Արդյունքում՝ նրանց դիսլոկացիայի (տեղաբաշխման) վայրերի քանակը գերազանցել է 50-ը:

ՔԴԿ-ի անդամ և Իրաքի նախկին արտգործնախարար Հոշիար Զիբարին, ռազմական գործողություններից անհանգստացած, հայտնել է, որ թուրքական զորքերի ներխուժումն Իրաքյան Քուրդիստան աշխարհաքաղաքական լուրջ իրադարձություն է: Նրա խոսքով՝ հարձակման ինտենսիվությունը տագնապալից է. «թուրքական առաջնորդների կոչերը՝ Մոսուլ նահանգի նկատմամբ պատմական նկրտումներն ավելի մեծ տագնապ են առաջացնում»: Նման անհանգստությամբ են հանդես եկել քուրդ մտավորականներ ու քաղաքագետներ՝ ահազանգելով, որ Թուրքիան կարող է ընդմիշտ հաստատվել տարածաշրջանում:

Նրանց կարծիքով՝ Թուրքիան և Իրանը չեն կարող համակերպվել ՔԲԿ-ի ներկայիս կարգավիճակի հետ, նույնիսկ այն դեպքում, որ կուսակցությունն ամրագրված է Իրաքի Սահմանադրությամբ, և դիմելու են ցանկացած միջոցի՝ ՔԲԿ-ին խոչընդոտելու համար:

Մտավորական և քաղաքագետ Շեֆիկի կարծիքով՝ Թուրքիայի ռազմական նախաձեռնություններն Իրաքյան Քուրդիստանից մինչև Սիրիա և Լիբիա հիմնվում են տարածաշրջանում Վաշինգտոնի նվազող հեղինակության վրա: Ըստ նրա՝ թուրքական ուժերի ամրացումը տվյալ հատվածներում մեծապես կախված է համաշխարհային քաղաքականությունից: Շեֆիկի խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան լրացնում են ԱՄՆ-ի քաղաքականության հետևանքով ստեղծված վակուումը: Քաղաքագետի կարծիքով՝ Թրամփի անտարբեր պահվածքը Թուրքիային հնարավորություն է տալիս «խաղալ այնպես, ինչպես իրեն դուր է գալիս»: Շեֆիկի կանխատեսմամբ՝ ամեն ինչ կարող է փոխվել ԱՄՆ-ի ընտրություններից հետո:

Վերլուծաբանը նշել է, որ Օվակոյայում սահմանային նոր անցման վերաբերյալ Թուրքիայի ծրագիրն ուղղված է քրդաբնակ շրջանների տարանջատմանը: Օվակոյա ծրագիրն ունի ռազմական, ռազմավարական և անվտանգային բնույթ՝ բացի տնտեսականից: Շեֆիկի կարծիքով՝ ծրագիրը նպատակ ունի տարանջատել իրաքյան և սիրիական քրդերին:

Շեֆիկն Անկարային և ՔԲԿ-ին մեղադրում է Թուրքիայում քրդական խնդրի աճող հետևանքների հարցում: Նրա խոսքով՝ Թուրքիան խնդրի լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով, իսկ ՔԲԿ-ն ստեղծում է դրա հիմքերը: Շեֆիկի համոզմամբ՝ Քրդական բանվորական կուսակցությունը «վատություն է արել քրդերին» ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքում:

Շեֆիկն ընդգծել է, որ Թուրքիայի գործողությունները Սիրիայում կրում են քրդերի դեմ թշնամական բնույթ. նրանք կարող են թուլացնել քրդերին, սակայն ոչնչացնել չեն կարող: Նրանք այսօր Մերձավոր Արևելքում հավասարակշռություն պահող ուժ են, թեև չունեն պետություն:

Թուրքիայի ռազմական ճնշումը Քրդական տարածաշրջանային կառավարությանը հարկադրում է մտերմանալ Բաղդադի հետ: Այդուհանդերձ՝ Քազիմին լավ հարաբերություններ ունի քրդերի հետ և իրաքյան պետության վերականգնման համար Քուրդիստանի աջակցության կարիքն ունի, ինչը նրան հետ է պահում Թուրքիայի կողմից առաջարկվող խաղից:

Telegram