Էրդողանի ԱԹՍ-ները. Անօդաչու ռազմական ինքնաթիռներ. #2

Akıncı-ն թուրքական անօդաչուներից ամենածանրն է: Նախատեսված է մինչև 12 կմ բարձրության վրա երկարատև թռիչքներ իրականացնելու և հեռահար խոցման համար:

Նկարը՝ © AKINCI BELGESELİ \ Ռազմական անօդաչու ինքնաթիռ

Ավելի վաղ հաղորդել էինք թուրքական ռազմարդյունաբերության և հատկապես անօդաչուների բանակի մասին:

Անօդաչու ռազմական ինքնաթիռ

Թուրքական Kale Baykar ընկերություն ստեղծվել է որպես Baykar Makina-յի և Kale Group-ի համատեղ նախաձեռնություն: Baykar Makina-ն պատկանում է Թուրքիայի գործող նախագահի փեսային. Սելչուկ Բայրաքթարն այնտեղ զբաղեցնում է տեխնիկական հարցերի տնօրենի պաշտոնը:

Հիմնվելով BTB 2-ի հաջողությունների վրա՝ ընկերությունները մշակում են անօդաչու ավիացիայի առավել խոշոր համակարգեր: Սելչուկ Բայրաքթարը դեռևս նախորդ տարի հույս էր հայտնել, որ 2023թ. կկարողանան օդ բարձրացնել ռազմական անօդաչու ինքնաթիռ, ինչպես նաև ԱԹՍ-ներ, որոնք կկարողանան կրել 1,5 տոննա բեռ և իրականացնել ռազմավարական խնդիրներ:

Մատնանշված նոր ռազմատեխնիկայի մասին տեղական լրատվամիջոցներում պտտվող տեղեկությունների համաձայն՝ դրանք նախատեսված են Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում վիճելի հարցերում գերակայություն ձեռք բերելու համար:

Երկշարժիչ Akıncı-ն

«Ռազմական անօդաչու ինքնաթիռը» կարող է ստեղծվել Kale Baykar ընկերության արտադրության երկշարժիչ Akıncı (Աքընջը) ԱԹՍ-ի հիման վրա: Թևերի 20 մ բացվածք ունեցող սարքավորումն ունի 4,5 տ թռիչքային քաշ: Նախատիպն առաջին թռիչքն իրականացրել է 2019թ. դեկտեմբերին:

© AKINCI BELGESELİ

Ներկայումս Akıncı-ն համարվում է թուրքական անօդաչուներից ամենածանրը: Նախատեսված է երկարատև թռիչքների համար (24 ժամ երկնքում)՝ մինչև 12 կմ բարձրության վրա: NATO-ի դասակարգման համաձայն սա պատկանում է HALE-ին (High Altitude, Long Endurance): Թռիչքի կառավարման համակարգն ապահովում է ինքնաշխատ ռեժիմ՝ առանց վերգետնյա կայանների միջամտության: Akıncı-ի սարքավորումներն արտադրում է Aselsan ընկերությունը, որը, ռազմատեխնիկայի արտադրության ոլորտում թուրքական խոշորներից է:

Հարվածային միջոցներ

Akıncı-ն հարվածային դրոն է, ունակ է կրելու ինչպես արտաքին կրման հարվածային միջոցներ (մինչև 900 կգ), այնպես էլ ներքին տեղադրմամբ (ևս 450 կգ): Հարվածային միջոցները ներառում են տեղական արտադրության կառավարվող հրթիռներ և ավիառումբեր, որոնց հարվածային տարրերում կիրառվում են ամերիկյան Mk 81/82/83 ընտանիքի ազատ անկմամբ ստանդարտ ավիառումբերը:

Նշված անօդաչուի «գլխավոր առավելությունները» պետք է լինեն հեռահար թևավոր հրթիռները, ներառյալ՝ Roketsan ընկերության մշակած SOM տեսակի: Նախնական տարբերակը 2011թ. փորձարկվել է 100 ծովային մղոն տարածության վրա, իսկ հետագայում հայտարարվել է հեռահարությունը մի քանի անգամ մեծացնելու մտադրության մասին: 2019թ. աշնանը սկսել է փորձարկվել 250 կմ հեռահարությամբ SOM-B2 թևավոր հրթիռը, որը նախատեսվում է ԶՈւ ընդունել 2021թ.:

© c4defence \ Akıncı-ն և նրա հրթիռները

Տեղական լրատվամիջոցները բարձր են գնահատում Akıncı-ն՝ ընդգծելով նրա՝ 600 կմ հեռավորության վրա գտնվող թիրախը խոցելու ունակությունը: Ենթադրվում է, որ նմանատիպ դրոնները սկզբում կլրացնեն, ապա կփոխարինեն թռիչքային ինքնաթիռներին՝ Իրաքում և Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում:

Խոսքն առաջին հերթին F-16 մարտավարական կործանիչների մասին է, որոնք տևական ժամանակ հավաքվում էին արտոնագրով և ներկայումս հանդիսանում են Թուրքիայի ՌՕՈւ-ի ճակատային ավիացիայի հիմքը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե մարտավարատեխնիկական բնութագրի մասին է, այլ նրանց ամերիկյան արտադրության, ինչը, թուրք մասնագետների կարծիքով, Վաշինգտոնի կողմից կարող է օգտագործվել տարածաշրջանում սեփական նպատակներին հասնելու համար:

Telegram

3 կարծիք «Էրդողանի ԱԹՍ-ները. Անօդաչու ռազմական ինքնաթիռներ. #2»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։