Էրդողանի անօդաչու թռչող սարքերի բանակը. #1

Թուրքիայում վերջին տարիներին մեծ թափով զարգացող ռազմական արդյունաբերության ոլորտում էական շեշտադրումը կատարվել է հարվածային ԱԹՍ-ների վրա:

Նկարը՝ © Sham Center \ BTB 2 անօդաչու թռչող սարքը՝ օդում

Մերձավոր Արևելքի ապագայի համար նոր թափ հավաքող զինված հակամարտությունն ընթանում է նորագույն զինատեսակների լայնորեն կիրառմամբ: Դրանք ինչպես գերտերություններից մատակարարվածներն են, այնպես էլ տարածաշրջանում առաջնորդի դերակատարության ձգտող պետությունների կողմից արտադրվածները: Վերջինների շարքում առանձնանում է Թուրքիան, որն արտադրել է ժամանակակից անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մի ամբողջ շարք՝ մի քանի կիլոգրամից մինչև 5 տոննա կշռող:

Թուրքիան դարձել է 6-րդ երկիրն աշխարհում՝ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, ՉԺՀ-ից, Իսրայելից, Պակիստանից ու Իրանից հետո, որն ինքնուրույն ստեղծել է հարվածային ԱԹՍ-ներ և դրանք կիրառել մարտական գործողություններում: 2020թ. կեսերի դրությամբ թուրքական անօդաչուների մի քանի նորագույն մոդելներ գտնվում է թռիչքային փորձարկումների փուլում (Akinci, Aksungur), իսկ մյուսները (BTB 2, Karayel և այլն) արդեն սերիական արտադրության մեջ են և օգտագործվում են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում:

Անկարան սեփանական անօդաչուների արտադրությունը սկսել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից թուրքական կողմին առաջադեմ ավիացիոն համակարգեր և հարվածային միջոցներ մատակարարելու հարցում մերժելուց հետո: Նշվել են մի շարք պատճառներ, սակայն խնդիրը մեկն է. Արևմուտքին դուր չի գալիս Թուրքիայի ներկայիս ներքին և արտաքին քաղաքականությունը, որն իրականացնում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը:

Ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացումը

Բարկանալով նատոյական գործընկերների վրա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել է ազգային ռազմաարդյունաբերական համալիրի առաջանցիկ զարգացման ծավալուն ծրագիր:

Նպատակը՝ թուլացնել, իսկ վերջնարդյունքում՝ լիովին թոթափել Թուրքիայի կախվածությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի անդամ-պետություններից զենքի մատակարարումից:

Չորս տարվա ընթացքում Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում ներդրել է 35 մլրդ դոլար: Թեև 2019թ. երկրի տնտեսական աճը կազմել է ընդամենը 0,9% (2018-ին՝ 7,4%), ռազմական արդյունաբերությունը զարգացել է 17-20%-ով: Եթե Թուրքիան նախկինում զենքի 80%-ը գնել է արտասահմանից, իսկ 20%-ն՝ արտադրել, ապա ներկայումս ցուցանիշները տեղերով փոխվել են: Համենայն դեպս՝ այդպես են հաղորդում իշխող ուժի վերահսկողության ներքո գտնվող թուրքական ԶԼՄ-ները:

Թուրքական ռազմարդյունաբերության հաջողված ծրագրերից են համարվում սերիական արտադրություն մտած հրետանային ինքնագնաց համակարգերը՝ T-155 Fırtına-ները, քարշվող հաուբից Panter-ը և նրա 155 մմ-անոց արկերը, ինչպես նաև համազարկային կրակի 170-300 մմ-անոց ռեակտիվ համակարգերը: Վերջին տարիներին տեղական արտադրության հրետանային միջոցները լայնորեն կիրառվում են քրդական ջոկատների դեմ՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում և Իրաքում:

Անօդաչու թռչող սարքեր

Թուրքական արտադրության մեծ հաջողություն են համարվում Kale Baykar մասնավոր ընկերության անօդաչուները: Ի սկզբանե ընկերությունը զբաղվել է ձեռքով արձակվող գերթեթև Mini-UAV-ներով, ապա՝ առավել ծանր (450 կգ) հետախուզական Bayraktar-ներով: Վերջինս նախատեսված է հրետանային միջոցներին նշանառման և կրակի կառավարման հարցերում աջակցելու համար: Այն պատկանում է MALE դասին (Medium Altitude Long Endurance, միջին բարձրության, թռիչքի երկար տևողության):

Այս ուղղությամբ աստիճանաբար շեշտադրվում է հարվածային տարբերակը՝ Bayraktar Tactical Block 2-ը (կրճատ՝ BTB 2): Սա զինված ուժերում ներառվել է 2015թ.-ից: BTB 2-ը կշռում է 650 կգ, կարող է ինքնուրույն գտնել, ճանաչել և ոչնչացնել անշարժ և շարժական թիրախները: Այն համալրված է ինֆրակարմիր և էլեկտրաօպտիկական տեսախցիկներով, լազերային հեռաչափով և նշանառուով:

Էրդողանի անօդաչուները. մաս 2

BTB 2-ը թևերի տակ կրում է 4 հատ «խելացի փոքր զինամթերք» (smart micro munitions)՝ ընդհանուր 150 կգ քաշով: Կառավարվող ավիառումբը՝ MAM-L սերիայի, 20-25 կգ քաշով, կարող է համալրվել զրահահար, թերմոբարային կամ բեկորաֆուգասային մարտական մասով, իսկ MAM-L և Cirit հրթիռները 70 մմ ռեակտիվ արկի կառավարվող տարբերակն են: Թուրքիայում BTB 2-ը համարում են «աշխարհում իր դասի հարվածային անօդաչու թռչող սարքերի ամենակատարյալներից մեկը»՝ ըստ տեխնիկական բնութագրերի և թռիչքային խնդիրների ինքնաշխատ կատարման:

Էրդողանի անօդաչուները. մաս 3

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ ազգային արդյունաբերության կողմից արտադրված թուրքական սպառազինությունը և ռազմական տեխնիկան Սիրիայում հաղթանակի բանալին էին: Իսկ այժմ Անկարան ձգտում է սեփական ռազմարդյունաբերությամբ ապահովել իր խնդիրների լուծման համար անհրաժեշտ պահանջարկը՝ առաջիկայում նախատեսելով մեծացնել այդ գործունեությանը ներգրավված մասնավոր ընկերությունների թիվը:

Ավելի ուշ կներկայացնենք թուրքական արտադրության անօդաչու ինքնաթիռները, հարվածային այլ միջոցները, ավիաշինարարությունը, Ուկրաինայի հետ այս ոլորտում համագործակցությունը:

Telegram

3 կարծիք «Էրդողանի անօդաչու թռչող սարքերի բանակը. #1»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։