Էրդողանի անօդաչուները. գործարք՝ Ուկրաինայի հետ. #4

Ուկրաինան արտադրում է թուրքական անօդաչուների շարժիչների և հավելյալ սարքավորումների մի մասը, Bayraktar-ների թիվ 1 գնորդն է, օգնում է նաև դրանք Լիբիա տեղափոխելու հարցում:

Նկարը՝ ©Turchynov/yt \ Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչուների առաջին խմբաքանակը՝ Ուկրաինայում

Քանի որ թուրքական արդյունաբերությունը չի թողարկում անհրաժեշտ բնութագրերով ուժային համակարգեր, Baykar Makina-ն դիմել է Ուկրաինային: Akıncı (Աքընջը, այս մասին արդեն խոսել ենք) ծրագրի իրականացման նպատակով ձևավորվել է թուրք-ուկրաինական համատեղ նախաձեռնություն: Զապորոժյան շարժիչարտադրողները պատասխանատու են տուրբոպտուտակային շարժիչների համար: Թուրքիան ուկրաինացի գործընկերներին դիմել է 950-1050 լ/վ (MC-500B-C-ի հիման վրա) և 450-630 լ/վ (АИ-450С-ի հիմքով) հզորությամբ շարժիչների համար: 2019թ. աշնանը Թուրքիային են փոխանցվել АИ-450-ի առաջին նմուշները՝ Akıncı-ի նախատիպի վրա տեղադրելու համար:

Բացի առաջադեմ ԱԹՍ-ների արտադրությանը մասնակցելուց, Ուկրաինան Թուրքիայից սերիական արտադրանք է գնում: Առաջին պատվերը տրամադրվել է նախկին նախագահ Պորոշենկոյի ցուցումով. նրա հայտարարության համաձայն՝ ուկրաինական կողմը 12 միավոր «բայրաքթար» է գնել: Թուրքական Anadolu-ն, սակայն, հաղորդել է, որ 2019թ. հունվարին կնքված համաձայնությամբ նախատեսվել է, որ թուրքական արտադրության 6 միավոր BTB 2 անօդաչուներ (սրանց մասին նույնպես հայտնել ենք) պետք է տրամադրվի Կիևին՝ կառավարման 3 կայանքների և վերգետնյա հավելյալ սարքավորումների հետ միասին: Հաղորդվում է, որ նշված Bayraktar-ներն արդեն Ուկրաինայում են և թռիչքներ են իրականացնում Ռովնո քաղաքի օդանավակայանից:

© AA \ Ուկրաինայի նախկին նախագահն ընդունում է BTB 2-ի առաջին խմբաքանակը

Անկարայի և Կիևի միջև համագործակցությունը դրանով չի սահմանափակվել: Այսպես, ուկրաինական ավիափոխադրողներն իրականացրել են թուրքական բեռների առաքումը Լիբիա: SkyAviaTrans ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը 2019թ. հուլիսի 5-9-ը մի քանի թռիչք է իրականացրել Անկարայից Տրիպոլի և Մըսրատա: Ենթադրվում է, որ Ил-76ТД-ում գտնվել են թուրքական մի քանի ԱԹՍ-ներ, ինչպես նաև այլ զինամթերք ու վերգետնյա սարքավորումներ:

Շուտով BTB 2-ները սկսեցին իրականացնել ռազմական թռիչքներ՝ Ղարյանի համար մարտերում կրակային աջակցություն ցուցաբերելով Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը (ԼԱՀԿ), ռմբակոծելով Ջուֆրան, Աին Զարան, Վադի ալ-Ռաբիան: ԼԱՀԿ-ի դեմ մարտնչող Լիբիական ազգային բանակը (ԼԱԲ) ոչնչացրել է մի քանի Bayraktar, փորձել են հարվածել մյուսներին՝ իրականացնելով մի շարք ավիաթռիչքներ դեպի թուրքական անօդաչուների բազաները: Օգոստոսի 6-ին ԼԱԲ-ն օդային հարվածով այրել է Մըսրատայի օդանավակայանում գտնվող այն նույն Ил-76ТД-ն, որը հերթական զինամթերքն էր առաքել:

Telegram