Էրդողանի անօդաչուները. Akıncı, BTB 2, ANKA և այլ մոդելներ. #5

Էրդողանի փեսա, ԱԹՍ-ներն արտադրող Ս. Բայրաքթարը հայտարարել է, որ Արևմուտքը հրաժարվել է ռազմական անօդաչուներ մատակարարել, բայց իրենք կարողացել են ոչ պակաս լավ ռազմատեխնիկա արտադրել:

© Getty Images \ Էրդողանը գրառում է կատարում BTB 2-ի վրա

Տևական ժամանակ BTB 2-ը Թուրքիայում արտադրված հարվածային անօդաչուի միակ տեսակն էր: Սկսած 2015թ.-ից այն կիրառվել է թուրքական զինուժի կողմից ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս: 2019թ. հունվարի դրությամբ թուրքական բանակն ու ժանդարմերիան ունեին 75 միավոր Bayraktar TB 2, իսկ արդեն 2020թ. մայիսին՝ 107-ը: Իսկ վերջերս հարվածային անօդաչուները համալրվել են պետական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության բազային ANKA հետախուզական սարքավորման ռազմական տարբերակներով:

Թեև ANKA-ն և BTB 2-ը պատկանում են միևնույն՝ MALE դասին, բայց առաջինն ավելի խոշոր է. ANKA-յի առավելագույն քաշը՝ 1600 կգ, BTB 2-ինը՝ 650, թևերի բացվածքը՝ համապատասխանաբար՝ 17 և 12: Այս ռազմատեխնիկան մեծ ծանրություն կարող է կրել, ինչը թույլ է տալիս լրակազմում ներառել նաև արբանյակային կապի համակարգ և ռադիոտեղորոշիչ, իսկ ռազմական առումով, ի տարբերություն BTB 2-ի համար մշակված թեթև սպառազինությանը, ANKA-ն կարող է կրել մեծ տրամաչափի ավիառումբեր: Գնի վերաբերյալ. հայտնի է, որ ս.թ. մարտ ամսին Թունիսը գնել է 6 միավոր ANKA-S մոդել և 3 կառավարման համակարգ՝ ընդհանուր 240 մլն դոլարով:

© CeeGee \ TAI ANKA

Բացի այս և նույն շարքի մյուս հրապարակումներում նշված տեսակներից, թուրքական պետական և մասնավոր ընկերությունների կողմից արտադրվել են նաև տասնյակ այլ մոդելներ: Թեև նրանց մեծ մասը դեռևս սերիական արտադրության չի անցել, սակայն նպաստել են առավել զարգացած անօդաչուների ստեղծմանը: Նշենք, որ թուրքական ԱԹՍ-ներից միայն Akıncı-ն է տուրբոպտուտակային շարժիչով, մյուսներն օգտագործում են միջին հզորության (մինչև 170 լ.վ) էլեկտրական կամ մխոցային շարժիչներ: Բաց աղբյուրների համաձայն՝ Թուրքիան դեռևս ռեակտիվ մոդելներ չի արտադրել: Ռազմական փորձագետները սա պայմանավորում են կամ որոշակի սահմանափակող մեխանիզմներով կամ տեխնոլոգիական ոչ բավարար միջոցներով:

Այդուհանդերձ՝ տեղի արդյունաբերությունը քաղաքական իշխանությունների կողմից իր առաջ դրված խնդիրը լուծել է՝ ստեղծելով ամերիկյան անօդաչուների որոշ մոդելներին մոտ տարբերակներ: Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, անօդաչուների հիմնական մասի արտադրող Սելչուկ Բայրաքթարը հայտարարել է, որ Արևմուտքը հրաժարվել է Թուրքիային ռազմական ԱԹՍ-ներ և նրանց սպառազինություն մատակարարել, բայց իրենք կարողացել են ոչ պակաս լավ ռազմատեխնիկա արտադրել: Նա նույնիսկ հպարտացել է, որ արդյունքում մի քանի մլրդ դոլար խնայել են:

Telegram

Մեկ կարծիք «Էրդողանի անօդաչուները. Akıncı, BTB 2, ANKA և այլ մոդելներ. #5»-ի վերաբերյալ

Մեկնաբանությունները փակված են։