Տապին հովացնող և անջրանցիկ հատուկ գործվածք են ստեղծել

Նյութը կարելի է օգտագործել հագուստի արտադրությունում, ինչպես նաև էլեկտրոնիկայի հովացման, արևային էներգիա հավաքող կամ ծովի ջուրն աղազատող սարքերի կատարելագործման համար:

Նկարը՝ © ACS

ACS Applied Materials & Interfaces-ի մասնագետները չինացի գիտնականների հետ միասին նյութ են մշակել, որը հաղորդում է ջերմությունը՝ խոնավությանը թույլ տալով գոլորշիանալ մաշկից, ունի անջրանցիկ հատկանիշներ:

Նյութը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից. պոլիուրետան, որը հիմնական կառուցվածքն է ձևավորում, ֆտորացված պոլիուրետան, որը ջրահեռացումն է ապահովում, և բորիումի նիտրիդի նանոծածկույթ, որն անցկացնում է ջերմությունը: Այդ բաղադրիչների համադրությունը թույլ է տվել ստեղծել մեմբրան՝ նանոթելերով: Այդ մեմբրանները ջուրը դրսից հրում են, իսկ նրանց մեծ ծակոտիները քրտինքը չորացնում են մաշկի վրայից՝ միևնույն ժամանակ օդի շրջանառությունն ապահովելով:

© ACS \ Տապին հովացնող գործվածք

Խումբը մի քանի փորձեր է կատարել՝ դիտարկելու նյութի հնարավորությունները: Մասնավորապես, գործվածքի նմուշը ձգել են երկու խցիկների միջև. մեկն օդով լցված է եղել ներքևից, մյուսը՝ ջրով՝ վերևից: Նյութը կանխել է ջրի մուտքը դեպի ստորին խցիկ, մինչդեռ օդը պղպջակների տեսքով բարձրացել է դեպի վերև:

Փորձերից մեկում խումբը նյութի նմուշը տեղադրել է փոքր տաքացուցիչի վրա, որը փոխարինել է մարդու ջերմությանը: Ապա հետազոտողները չափել են, թե որքան ջերմություն է անցկացրել որոշակի ժամանակում, և համեմատել են մեկ այլ նյութի հետ, որը չի պարունակել բորիումի նիտրիդ: Նոր նյութը ջերմությունը փոխանցելու առումով առավել արդյունավետ է գտնվել. 40 վայրկյան հետո նրա մակերեսի ջերմաստիճանը 1,2 °C-ով ավելի բարձր էր, քան մյուս նյութերինը:

© ACS \ Նոր գործվածքի մեմբրանը՝ մանրադիտակով

Նյութը մշակողները նշում են, որ արտադրելը համեմատաբար դյուրին է: Բացի տեքստիլում օգտագործվելը, այս նյութը կարող է օգտակար լինել նաև էլեկտրոնիկայի հովացման համար, ինչպես նաև այն սարքավորումների կատարելագործման համար, որոնք արևային էներգիա են հավաքում կամ աղազատում են ծովի ջուրը:

Telegram