ԵՄ-ի գերմանական նախագահությունը. մարտահրավերներ և հնարավորություններ

Յենայի համալսարանի ասպիրանտ-հետազոտող, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Անի Եղիազարյանի հետազոտությունը:

Photo; © AIISA \ Ani Yeghiazaryan

2020թ. հուլիսի 1-ից Գերմանիան վեց ամսով ստանձնեց ԵՄ նախագահությունը: Հոդվածում կանդրադառնանք ԵՄ-ի գերմանական նախագահության առաջնահերթություններին բուն ԵՄ-ի ներսում, «Արևելյան գործընկերության» համատեքստում և ՀՀ-ի հետ համագործակցության շրջանակում, և/կամ ինչպես կազդեն այդ առաջնահերթությունները ՀՀ-ի վրա։

ՆԱԽԱԲԱՆ

Նշենք, որ ԵՄ-ի նախագահության հերթական եռյակը կազմված է Գերմանիայի, Պորտուգալիայի և Սլովենիայի նախագահություններից, և այս երկրները կհաջորդեն իրար յուրաքանչյուր վեց ամիսը լրանալուն պես մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը։ Այս համակարգը ներդրվել է դեռևս 2009թ.՝ Լիսաբոնի պայմանագրով։ Ըստ այս համակարգի՝ երեք հաջորդական նախագահությունների խմբերը կհամագործակցեն ընդհանուր քաղաքական օրակարգում: Սա թույլ է տալիս կարծել, որ եռանախագահության գաղափարը ներդրվել է, որպեսզի գոնե 1,5 տարում (18 ամսում) հնարավոր դառնա միասնական օրակարգով կարճաժամկետ քաղաքական գործունեություն իրագործել։ Այլապես առանց «Եռյակ»-ի գոյության և միայն մեկ պետությանը 6 ամիս հատկացնելը բավական քիչ ժամանակ է, որպեսզի նախագահող երկիրը կարողանա արդյունավետ քաղաքականություն վարել։ 

Եվ նախատեսվում է, որ Գերմանիան սերտորեն կաշխատի ԵՄ հաջորդ նախագահողներ Պորտուգալիայի և Սլովենիայի հետ` նրանց հետ միասին կազմելով 18-ամսյա գործունեության «Եռյակ ծրագիր»-ը։ «Եռյակ»-ի ծրագրերն ապահովում են սահուն անցում ԵՄ նախագահող անդամ պետություններից մեկից դեպի մյուսը 18-ամսյա օրակարգով։ Այս օրակարգում ներկայացվում են հարցեր, որոնք պետք է լուծվեն իրենց նախագահությունների ընթացքում և նկարագրված են ԵՄ-ի՝ 2019-2024 թվականների Ռազմավարական օրակարգում։[1]

Համաձայն այս օրակարգի՝ «Եռյակ»-ը հավատարիմ է Համատեղ եվրոպական ճանապարհային քարտեզի սկզբունքներին՝ ուղղված COVID-19 զսպման միջոցների վերացմանը և վերականգնման ճանապարհային քարտեզին. երեք նախագահություններն ամեն ինչ անելու են Միասնական շուկան վերականգնելու և առավել խորացնելու համար, առաջ տանելու Կանաչ անցումը և թվային վերափոխումը։

Ընդգծվում է, որ նրանք ձգտելու են թվային ինքնիշխանության, ապահովելու են ԵՄ ռազմավարական ինքնավարությունը դինամիկ արդյունաբերական քաղաքականության միջոցով, աջակցելու են փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և նորաստեղծ ձեռնարկություններին, ինչպես նաև արտասահմանյան ուղղակի ներդրումներ իրականացնելուն և մասնավորապես առողջապահության ոլորտում ավելի ճկուն ենթակառուցվածքներ կառուցելուն:

Այդ ծրագրում ներկայացված մի շարք այլ հարցերի սույն հոդվածում կանդրադառնանք հենց ԵՄ-ում Գերմանիայի նախագահության առաջնահերթությունների պլանում:

ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈւԹՅՈւՆՆԵՐ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ

ԵՄ-ում իր նախագահության վեցամսյա ժամանակահատվածում Գերմանիայի հիմնական առաջնահերթություններն առաջնորդվում են հետևյալ նշանաբանով՝ «Միասին՝ հանուն Եվրոպայի վերականգնման»: Նախագահության ծրագիրը կենտրոնացած է վեց հիմնական ուղղությունների վրա. երկարաժամկետ կտրվածքով կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքների հաղթահարում և տնտեսական ու սոցիալական վերականգնում, ավելի ուժեղ և նորարար Եվրոպա, արդար Եվրոպա, կայուն Եվրոպա, անվտանգության և ընդհանուր արժեքների վրա հենված Եվրոպա: Գերմանական նախագահությունն ուղղակիորեն կենտրոնանալու է COVID-19 համաճարակի հաղթահարման վրա: 

Ինչպես գերմանական կողմի ծրագրում է նշված, վիրուսի տարածման դեմ պայքարի, եվրոպական տնտեսությանն աջակցելու և Եվրոպայում սոցիալական համախմբվածությունը վերականգնելու և ամրապնդելու համար Գերմանիան հանձնառու է համատեղ հաստատված գործողությունների կատարմանը, եվրոպական համերաշխությանը և ընդհանուր արժեքներին: Ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է ասել Եվրոպական խորհրդարանում Գերմանիայի նախագահության առաջնահերթությունները ներկայացնելիս, ընդհանուր և ուժեղ Եվրոպայի գաղափարը ներկայացնում է շարունակական մարտահրավեր. «Մասնավորապես, COVID-19-ի համաճարակի և դրա հետևանքների ճիշտ պատասխանների որոնումը մեր ուշադրությունից կպահանջի երկար ժամանակ: Մենք գիտենք, որ մենք կարող ենք տիրապետել այս արտակարգ ճգնաժամին լավագույն ձևով, եթե միասին աշխատենք»,- նշել է կանցլերը և հավելել, որ ԵՄ-ի անդամ բոլոր երկրների տնտեսական և սոցիալական վերականգնումը խթանելու համար ԵՄ-ի Խորհրդում նախագահության ընթացքում Գերմանիան կաշխատի վերականգնման համատեղ պլանի ուղղությամբ: [2]

Վերոնշյալ ուղղություններով աշխատելը կանցլեր Մերկելը որակել է որպես ԵՄ-ի գերմանական նախագահության հիմնական առաջնահերթություններ՝ դրանց համար որպես անկյունաքար համարելով միասնությունն ու համախմբվածությունը. «Եվրոպան կարող է հաջողության հասնել միայն այն դեպքում, եթե մենք միասին աշխատենք: Օգնե՛ք ուժեղացնել Եվրոպան»,- ընդգծել է Ա. Մերկելը:

ԱԼԳ-Ն ԵՎ ԵՄ-Ի ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀՈւԹՅՈւՆԸ

Ինչպես ոչ վաղ անցյալում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, ԱլԳ-ն նույնպես լինելու է այն հիմնական թեմաներից մեկը, որի վրա Գերմանիան աշխատելու է ԵՄ խորհրդում նախագահելիս։[3]

Գերմանիայի կողմից ԵՄ-ի նախագահությունը ստանձնելու հենց նույն օրը՝ հուլիսի 1-ին, տեղի ունեցավ ԱլԳ ԱԳ նախարարական տեսաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և ԱլԳ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: Վերջիններս տեսաժողովի ընթացքում հանգամանորեն մտքեր փոխանակեցին ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակների շուրջ և անդրադարձ կատարեցին Առաջնորդների տեսագագաթնաժողովի ժամանակ ծավալված քննարկումներին ու հաջորդ տարվա մարտին ծրագրվող լիարժեք գագաթնաժողովին ընդառաջ իրականացվելիք աշխատանքներին:

Իր խոսքում անդրադառնալով ԱլԳ հետ-2020 օրակարգի հինգ երկարաժամկետ նպատակներին՝ ՀՀ արտգործնախարար Զ. Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի պարագայում բոլոր այդ նպատակները, մասնավորապես՝ տոկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունները, հաշվետու կառույցները, իրավունքի գերակայությունը, անվտանգությունը, տոկուն, արդար և ներառական հասարակությունները, ինչպես նաև թվային փոխակերպումն ու բնապահպանական տոկունությունը, մեծապես համընկնում են Հայաստանի կառավարության, նրա մանդատի առաջնահերթություններին. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն (CEPA) իր հերթին ևս ներառում է սույն նպատակները:

«Մենք ունենք Եվրամիության հետ մեր համագործակցության հիմքը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այն բավականին ընդգրկուն է. ունի այդ թվում ոլորտային համագործակցությանը, ազատությանը, արդարադատությանը վերաբերող մասեր, որոնք ներառում են վերոնշյալ հինգ նպատակները: Կարծում եմ՝ Արևելյան գործընկերությունը եղել և մնում է համախմբման շատ կարևոր հարթակ՝ ուժեղացնելու ազգային ջանքերը, ծրագրերը և առաջնահերթությունները: Ուստի քննարկումներն առավել պետք է կենտրոնանան այն մանրամասների վերհանման վրա, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր ազգային առաջնահերթությունների հասցեագրմանն ուղղված ազգային ջանքերը և ուրվագծել համագործակցության առավելությունները: Եվրամիությունը շարունակում է լինել Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր բոլոր ոլորտներում, որոնք ուրվագծված են ՀԸԳՀով և մեր բարեփոխումների և զարգացման ծրագրով»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

ԱլԳ համատեքստում տարբերակման սկզբունքը լավագույնս օգտագործելու առումով նախարար Մնացականյանն ընդգծել է, որ տարբերակումը պետք է զուգակցվի ներառականությամբ, ինչն անչափ կարևոր է: «Եթե տարբերակումը դիտարկենք որպես մասնատում և տարանջատում, կարծում ենք՝ դա կարող է վտանգավոր լինել այս նախագծի համար. մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել ԱլԳ անկմանը, հետագայում՝ նաև ավարտին։ Կարծում եմ, որ կողմերից և ոչ մեկը դա չի ցանկանա: Ուստի տարբերակումն ու ներառականությունը չպետք է կիրարկվեն մասնատման և տարանջատման համատեքստում»։[4] 

ՀՀ արտգործնախարարի այս խոսքերը վկայում են, որ հայկական կողմը դեմ է ԵՄ-ի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելուն, քանի որ այդ դեպքում նա տեղ չի զբաղեցնում «առաջատար եռյակում»՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր (ԱՀ) ստորագրած երկրների թվում (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան)։ Եվ թեև Հայաստանը «երկրորդ եռյակի»՝ ԵՄ-ի հետ ԱՀ չստորագրած երկրների (Հայաստան, Բելառուս, Ադրբեջան) ակնհայտ առաջատարն է, այնուամենայնիվ, ԵՄ-ի հետ ՀԸԳՀ  ստորագրած Հայաստանն իրեն ավելի շատ տեսնում է «առաջատար եռյակում», քան՝ «երկրորդ եռյակում»։ Ակնհայտ է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Բելառուսն ԱլԳ համատեքստում զգալի հետ են մնացել Հայաստանից։ Բացի այդ այստեղ կարող է լինել «ԱլԳ+»-ի գործոնը. ԵՄ-ի կողմից տարբերակված մոտեցման պարագայում Հայաստանը կարող է զրկվել հեռանկարում «ԱլԳ+»-ի մասով հայտարարված նախագծերից օգտվելուց։ Հիշեցնենք, որ ԵՄ-ի տարբերակված մոտեցման մասին սկսեցին խոսել հատկապես 2015թ. Ռիգայում տեղի ունեցած ԱլԳ գագաթնաժողովից հետո։ 

Այդ («ԱլԳ+») ծրագրով նշված երկրներին հնարավորություն կտրվի երկարաժամկետ հեռանկարում միանալ ԵՄ-ի Մաքսային միությանը, ԵՄ-ի Էներգետիկ միությանը, ԵՄ-ի Թվային տեխնոլոգիաների միությանը, Շենգենյան գոտուն, մուտք գործել ԵՄ-ի ներքին շուկա ու չեղարկել ԵՄ-ի երկրների հետ բջջային ռոումինգի սակագները։ Բացի այդ «ԱլԳ+» ծրագիրը կնպաստի մասնակից երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների ինտեգրմանը, ինդուստրիալ ոլորտում գործընկերությանը, ԵՄ-ի ծրագրերին մասնակցելու աճին։

ՀՀ ԱԳՆ-ի խոսքերը վկայում են, որ Հայաստանը չի ցանկանում մնալ «հետնապահների» թվում, ընդհակառակը, ցանկանում է ընդգրկվել առաջատարների թվում, կամ առնվազն շատ հետ չմնալ նրանցից։ Հայկական կողմին, թերևս, մտահոգում է այն հանգամանքը, որ նախորդ տարեվերջին ԱլԳ «առաջատար եռյակը» ԵՄ-ին առաջարկել է ձևավորել փոխգործակցության հավելյալ ձևաչափ։ Ուկրաինա-Մոլդովա-Վրաստան եռյակն ընդգծել է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի խորը համագործակցության, ավելի խորը սեկտորալ ինտեգրման էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի, թվային տնտեսության, մաքսային և անվտանգային ոլորտներում։[5]

Այդ երկրները ցանկանում են այդպիսով ստանալ ԵՄ-ին անդամակցելու հեռանկար։ Ելնելով այս ամենից՝ Հայաստանը փորձում է հասցնել «նստել մեկնող գնացքը»։ Հայաստանն ակնարկում է, որ ԵՄ-ի կողմից տարբերակված մոտեցման ցուցաբերումը կարող է հանգեցնել ԱլԳ անկմանը։ Ըստ ամենայնի, նկատի է առնվում այն, որ այդպիսով ԱլԳ անդամների ուղիղ կեսը կարող է դուրս մնալ ծրագրից, որ դա կհանգեցնի ծրագրի անվանափոխությանը` EaP-ից (The Eastern Partnership) UMG-ի (Ukraine, Moldova, Georgia) և դրա նպատակների, թիրախների էական փոփոխմանը (անդամակցության հեռանկարով)։

Թե ինչ կարծիքի է եվրոպական կողմն ԱլԳ հետագա զարգացման մասով, լավագույնս արտացոլվում է 2020թ․ հունիսի 11-ին տեղի ունեցած ԱլԳ արտգործնախարարների և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելիի ու ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսում՝ վերջինիս կողմից հնչեցված ելույթի համատեքստում: Մասնավորապես Ժոզեֆ Բորելն իր խոսքում  նշում է, որ ԱլԳ-ն հաջողված մի պատմություն է. «Մենք ցանկանում ենք, որ այս հաջողված պատմությունը շարունակվի ի շահ մեր բոլոր քաղաքացիների: Եվ նույնիսկ 11 տարվա հաջող քաղաքականությունից հետո ես հավատում եմ, որ դեռ շատ ավելին կա, ինչին մենք միասին կարող ենք հասնել»: [6]

Այդ տեսակոնֆերանսին նաև համատեղ կարծիքներ են հնչել ԱլԳ երկարաժամկետ օրակարգի վերաբերյալ՝ հիմք նախապատրաստելու համար 2020թ․ հաջորդող առաջնահերթությունների կոնկրետ ու գործնական զարգացման համար:  Սա թույլ է տալիս կարծել, որ ԵՄ-ը հանձնառու է ԱլԳ անդամ պետությունների հետ հաստատած համատեղ օրակարգին, միաժամանակ պետություններն այստեղ զգալի անելիքներ ունեն՝ իրենց փոխադարձ հանձնառությունը ցույց տալու և գործնականում դա ապացուցելու գործում:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ

ԱլԳ-ի հաջորդ գագաթնաժողովը նշանակված է 2021թ․։ Եվ ակնհայտ է, որ դրա նախապատրաստումը, հանդիպման օրակարգային թեմաները նույնպես կլինեն Գերմանիայի ուշադրության կենտրոնում: Գերմանիան գնալով ավելի կհստակեցնի իր ուղերձներն ԱլԳ երկրներին, թե ինչ է ակնկալում նրանցից, և թե ԱլԳ անդամ երկրներն ինչ կարող են ակնկալել իրենից: Չենք կարծում, թե կորոնավիրուսային ճգնաժամը՝ դրանից բխող բոլոր ածանցյալներով, և հետկորոնավիրուսային աշխարհի հետ կապված մտահոգությունները կարողանան հետին պլան մղել ԱլԳ-ի հարցը Գերմանիայի օրակարգից։ Եվ ԵՄ-ն կշարունակի նպաստել ԱլԳ երկրներում ենթակառուցվածքների, բնապահպանական և թվային միջավայրերի զարգացմանը: Գերմանիայի ուշադրության կենտրոնում կշարունակի մնալ ԱլԳ երկրներում ավտորիտար ռեժիմների կառավարման հարցը (Ադրբեջան, Բելառուս) և նաև մնացյալ չորս երկրներում քաղաքական գործընթացների վրա օլիգարխների ազդեցության վերջնական չեզոքացումը։

Այս համատեքստում կոնկրետ Հայաստանի հետ կապված Գերմանիայի ուշադրության կենտրոնում է լինելու ՀՀ-ում ՀԸԳՀ-ի պատշաճ իրագործումը, ներառյալ արդարադատության համակարգի բարեփոխումը և վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված գործողությունները։ Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի առավելագույնս օգտագործել ԵՄ-ում Գերմանիայի նախագահությունը, օգտագործի նրա հետ լավ հարաբերություններ ունենալու հանգամանքը, փորձի բևեռել ԵՄ-ի ուշադրությունը տարածաշրջանային խնդիրների՝ մասնավորապես ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող գործընթացներին, մեծացնի Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ շփումները տարածաշրջանում։

Հայտնի է, որ ԵՄ-ն (և մասնավորապես՝ Գերմանիան), ընդհանուր առմամբ, շահագրգռված է իր հարևանության տիրույթում՝ նաև ԱլԳ-ում, կայունության ու համագործակցության հաստատմամբ, մինչդեռ Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները շարունակում են լրջագույն սպառնալիք մնալ ԵՄ անվտանգությանը. Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր տրանսպորտային հանգույց է, որը միմյանց է կապում Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը:

Բացի այդ Հարավային Կովկասն այն փոքրաթիվ էներգետիկ միջանցքներից է, որի միջոցով ԵՄ-ը սկսում է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումը և այդպիսով նվազեցնել ՌԴ-ից իր ունեցած էներգետիկ կախվածությունը։ Այս ամենը (և ոչ միայն) վկայում է, որ ԵՄ-ն իրականում խոշոր շահեր ունի մեր տարածաշրջանում, և նպատակահարմար կլիներ, որպեսզի նա վարեր այդ շահերին համապատասխան քաղաքականություն:

Կարծում ենք, որ Հայաստանը, ժամանակի ընթացքում տեսնելով ԱլԳ «առաջատար եռյակի» հետագա հնարավոր հաջողությունները, գնալով ավելի կոգևորվի, ավելի կհակվի ԱլԳ-ի գծով ԵՄ-ի հետ առավել սերտ համագործակցելուն։ Ընդ որում, դա կարող է ինչ-որ առումով լինել նաև «հարկադրված»՝ կախված տվյալ ուղղությամբ հարևան Վրաստանի ձեռքբերումներից։ Այսինքն, եթե հեռանկարում Վրաստանը մաս կազմի Շենգենյան գոտու, ապա դա մեծ խնդիր է առաջացնելու ՀՀ քաղաքացիների՝ դեպի Վրաստան մուտքի հարցում: Ավելին, Վրաստանի տարածքով դեպի ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիներն այդ պարագայում նույնպես լրջագույն խնդրի առաջ են կանգնելու:

Եվ թեև սա կարող է թվալ մի քանի տասնամյակի խնդիր, այնուամենայնիվ, չենք բացառում, որ կարող է իրատեսական լինել դիցուք առաջիկա 10-15 տարիների ընթացքում: Այս առումով խնդիրը միայն Հայաստանինը չէ, Վրաստանի բոլոր հարևաններն են այս խնդրի առաջ կանգնելու, ովքեր Շենգենյան գոտու անդամ չեն: Ընդ որում, նույն խնդիրը կառաջանա նաև Ուկրաինայի հարևանների պարագայում: Այսկերպ Ուկրաինան ու Վրաստանը, Շենգենյան գոտի մտնելու պարագայում ամեն մեկն իրենց տարածաշրջաններում, իրենց հարևանների համար կարող են դառնալ ինչպես մարտահրավեր ու խոչընդոտ, այնպես էլ լուրջ խթան, ձգողական կենտրոն և հնարավորություն:

Անի Եղիազարյան

Յենայի համալսարանի ասպիրանտ-հետազոտող, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1]                     Programme of the Trio Presidency of Germany, Portugal and Slovenia (1 July 2020 — 31 December 2021) Brussels. 9 June, 2020

[2]                 Angela Merkel presents German Presidency priorities to the European Parliament, 08.07.2020

[3]                 Tackling Covid‑19 together: the EU is helping around the world, 22.04.2020

[4]                     ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արևելյան գործընկերության նախարարական տեսաժողովին, 01 հուլիսի, 2020

[5]                      Украина, Грузия и Молдова предложили ЕС создать дополнительный формат взаимодействия, 05.12.19

[6]                    Eastern Partnership foreign ministers discuss COVID-19 response and initiative’s future, 12-06-2020

Telegram