Հարցազրույց Աբել Սիմոնյանի հետ. Բիզնեսի զարգացման տեսլականը Հայաստանում հեղափոխությունից հետո

Քաղաքական մարքեթինգի մասնագետ Աբել Սիմոնյանի հետ զրուցել ենք տեղական բիզնեսի նկատմամբ նախորդ և հեղափոխական իշխանությունների վերաբերմունքի, նոր պայմաններում բիզնեսի առաջընթացի հնարավորությունների մասին:

Նկար՝ © Աբել Սիմոնյան

REGST. Ինչպե՞ս եք գնահատում նախորդ իշխանությունների վերաբերմունքը տեղական բիզնեսին։

Աբել Սիմոնյան. Մեր նախորդ իշխանությունները շատ լավ հասկանում էին՝ ինչ կարող է լինել, եթե թույլ տան բիզնեսին առանձնանալ պետությունից և զարգանալ անջատ։ Ես հավատում եմ, որ օլիգարխիայի ստեղծումը Հայաստանում նպատակադրված էր ոչ միայն բիզնեսը կառարավելի դարձնելու, այլև, առաջին հերթին, այն զարգացման որոշակի կետում թողնելու համար։ Այդ կետից անդին որոշ բիզնես խաղացողների ինքնուրույնությունն արդեն կարող էր խնդիրներ առաջացնել իշխանությունների համար, քանի որ մեր նախկին իշխանությունների ձգտումը մոնոլիտ ուղղաձիգ կառավարման համակարգի հաստատումն էր, որտեղ պետության կենսական ինստիտուտների խեղումը և ոչնչացումը կփոխարինվեր կառավարման մեկ կենտրոնով։

Մեր իշխանությունների համար ցավոտ օրինակ էր Սահակաշվիլի-Իվանիշվիլի հակամարտությունը 2012 թվականին։ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը հաշվվում է մոտ 4,9 միլիարդ դոլար, և նա համարվում է Վրաստանի ամենահարուստ մարդը։ 2012 թվականին նա իր ստեղծած կուսակցություններով և արբանյակ կուսակցություններով դուրս եկավ իշխող Միասնական ազգային շարժում կուսակցության դեմ՝ հաղթելով նրան։ Ի դեպ, Միասնական ազգային շարժում կուսակցությունը ստեղծվել էր Սահակաշվիլիի կողմից։

Նման «մինի» առճակատում Հայաստանում տեղի ունեցավ 2015 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը երկրում շարժում սկսեց սահմանադրական բարեփոխումներին հակազդելու համար։ Եթե Սահակաշվիլի-Իվանիշվիլի առճակատման արդյունքում մենք տեսանք ժողովրդավարական ընտրություններ, ապա Սերժիկ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան առճակատման արդյունքում մենք տեսանք խայտառակ ներկայացում երեք արարով, երբ առաջին արարում Ծառուկյանը ցուցաբերեց «բացառիկ հայրենասիրություն», քննադատեց իշխանություններին ու խոստացավ թեժ հանրահավաքներ, երկրորդ արարում Ս. Սարգսյանը հայտնի ելույթում բարբառեց, որ նա է «արգելել հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը», իսկ երրորդ արարում երկուսին «հաշտեցրեցին» և տեղի ունեցավ ավանդական բիզնես և քաղաքական քվոտաների վերաբաշխում։

Սա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր երկրում բիզնեսը մշտապես եղել է պետության կցորդը։ Այդ էր պատճառը, որ բիզնեսին վերաբերող խնդիրները դասակարգվում էին և լուծվում էին ըստ մեր պետության առջև ծառացած խնդիրների առաջնահերթության, քանի որ մինչև բիզնեսին հասնելը դեռ պետք էր իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար, նպաստել մարդու իրավունքների իրազեկելիության բարձրացմանը, պայքարել կանանց և երեխաների հանդեպ իրականացվող բռնության դեմ և այլն։

Բացի այդ, բիզնեսը մեր երկրում համարվել է արգելված թեմա։ Բիզնեսը լուսաբանող հիմնական թեմաները, որոնք շոշափվում էին Հայաստանում, վերաբերում էին բիզնեսների սեփականատերերին, նրանց անձին և մերձավորներին, հարկահավաքությանն և հարկային համակարգին, ինչպես նաև օր-օրի տեղի ունեցող սկանդալներին, որոնք հետագայում լռեցվում էին պետության կողմից։ Օրինակ՝ 2008-2009 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում մենք ունեցանք ՀՆԱ-ի մոտ 15% անկում։ Թե ով պատժվեց այդ խայտառակ կառավարման համար, պատմությունը լռում է։

Իսկ խորքային մակարդակում բիզնեսը երբեք չի լուսաբանվել։ Վաճառքները, մարկետինգը, HR-ը, մեր ձեռնարկությունների հիերարխիկ համակարգը, որոշումների կայացման ընթացակարգերը և այլն, շատ հազվագյուտ լուսաբանումներ են ունեցել։ Շատերին է այսօր հետաքրքրում, թե մեր ձեռնարկությունները ինչպես են դիմակայում մարտահրավերներին, ինչպես են արդիականցվում, ինչպես են անցնում գլոբալիզացիայի միջով։ Սա արժեքավոր տեղեկություն կարող է լինել մեր ստարթափերի համար։ Մեր ձեռնարկությունները կարող են ներշնչել մեր երիտասարդներին ու մղել գործողությունների։ Սակայն նման տեղեկատվական հոսք պարզապես գոյություն չունի։ Մեր ձեռնարկություններն ինչպես փակ էին, այդպես էլ փակ մնացել են։

Հետո էլ, մեր երկրում բիզնեսը երբեք չի համարվել գիտակարգ կամ զարգացող գիտություն։ Չկա կոնկրետ գրականություն։ Վերջին տարիներին փորձեր են ձեռնարկվում որոշ գրքեր թարգմանելու հայերեն։ Սակայն հիմնական դաշտը բաց է։ Միայն հիմա են սկսվել խորքային բիզնես հետազոտություններ։ Մեկ ուրիշ խնդիր է երիտասարդների իներտությունը։ Մի քանի օր առաջ ես հանդիպեցի երկու եղբայրների, ովքեր զրոյից բիզնես էին հիմնել ու կարողացել էին հասնել հաջողության ու ֆինանսական կայունության։ Իրենց աշխատանքային գործունեությունը նրանք սկսել էին «Գումի» հարակից շուկայից, որտեղ վաճառում էին բանջարեղեն։ Սակայն ռիսկի էին գնացել, ինքնակրթվել ու կարողացել էին հասնել հաջողության։ Եղբայրներից մեկը, ով ուներ ութամյա կրթություն, երեք տարում սովորել էր անգլերեն ու հոլանդերեն։

Եթե մեր երիտասարդները կարողանան նման կերպ իրենք իրենց ստիպել ու դուրս գալ հարմարավետության գոտուց, մենք կունենանք շղթայական արդյունք։ Ես հավատում եմ մեր երիտասարդների ներուժին, պարզապես պետք է այն ակտիվացնել։

REGST. Մի քանի օր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհներն ավելացել են հեղափոխությունից հետո։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Աբել Սիմոնյան. Ո՜վ՝ ո՜վ, Ռոբերտ Քոչարյանը իրավունք չունի խոսելու մենաշնորհներից։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ սկսվեց հայկական բիզնեսի խեղումը։ Ժամանակակից աշխարհում մենաշնորհներ կարող են ծագել նույնիսկ ժողովրդավարական երկրներում։ Եկեք հեռուն չգնանք։ Մի քանի օր առաջ ԱՄՆ Կոնգրեսի հակամենաշնորհային ենթակոմիտեն տեսակապի միջոցով լսումներ էր կազմակերպել Apple-ի, Amazon-ի, Google-ի և Facebook-ի հիմնադիրների և գործադիր տնօրենների՝ Թիմ Կուկի (Apple), Ջեֆ Բեզոսի(Amazon), Սունդար Պիչայի (Google) և Մարկ Ցուկենբերգի (Facebook) հետ՝ նրանց կողմից շուկայական մենիշխանության, մրցակիցներին ճնշելու և ոչնչացնելու, տվյալների հավաքագրման և այլնի համար։

Կոնգրեսականները տեխնոլոգիական հսկաներին մեղադրեցին փոքր բիզնեսներին կանիբալիզացնելու և դուրս մղելու, քաղաքացիների անձնական տվյալների պահպանության ռիսկերի, քաղաքական ցենզուրայի և այլնի մասին։ Կորոնավիրուսի պայմաններում այս ձեռնարկությունները մեկ եռամսյակի ընթացքում միասին ունեցել էին 28,6 միլիարդ դոլար շահույթ։ Օրինակ՝ Youtube-ի եկամուտները, չնայած գովազդների առաջմղման քանակների նվազմանը, անցած տարվա $3.6 միլիարդից աճել էին $3.8 միլիարդի։ Facebook-ի եկամուտները հիմնականում գալիս են գովազդից, ինչի շնորհիվ, նույնիսկ համավարակի պայմաններում աճել էին՝ հասնելով $18.7 միլիարդի։ Ամազոնը գրեթե կրկնապատկել է իր եկամուտները, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսել պատվիրել առաքումներ դեպի տուն. $5.2 միլիարդ՝ այս եռամսյակ, $2.6 միլիարդ՝ նախորդ տարի։ Նույնիսկ Apple-ը, որը ստիպված էր բազմաթիվ խանութներ փակել համավարակի պատճառով, աշխատել է $11.25 միլիարդ շահույթով։

Իսկ ինչ վերաբերում է ընդանուր ամերիկյան տնտեսությանը, ապա այն նախորդ եռամսյակում կրճատվել է 32%-ով։ Սա 70 տարվա ընթացքում գրանցած վատագույն արդյունքն է։ Այնուհանդերձ, ԱՄՆ-ն հանդիսանում է ժողովրդավարության ռահվիրաներից մեկը, որտեղ Կոնգրեսի մակարդակով պայքար է մղվում փոքր ու միջին բիզնեսին ինքնաարտահայտման հնարավորություն տալու համար։

Իսկ Քոչարյան Ռոբերտի Հայաստանում մենք տեսանք, թե ինչպես գլխատվեց հայկական բիզնեսը։ Ինչպիսի վերաբաշխումներ եղան։ Ինչպես «գույք պարտքի դիմաց» քաղաքականության շրջանակներում մեր ռազմավարական օբյեկտները նվիրաբերվեցին Ռուսաստանին։ Չմոռանանք շինարարական փուչիկի մասին։ Նույնիսկ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2007-2008 թվականներին Հայաստանում արձանագրված շինարարական բումը գնահատել էր որպես շինարարական փուչիկ:

Ես բիզնեսում եմ 2006 թվականից ու ականատես եմ եղել բիզնեսի լճացմանը։ Ես անցել եմ տոնավաճառների, մանրածախի ու մեծածախի, մարկետինգի և այլնի միջով, և կարող եմ ասել, որ մեր բիզնեսը թարմության և ներդրումների կարիք ունի։ Մենք ուշացել ենք 20 տարի, և մեր բիզնեսի միակ փրկությունը կլինի ամերիկյան ու եվրոպական ձեռնարկությունների և կորպորացիաների մուտքը Հայաստան։

Այն, որ այսօր շատ կազմակերպություններ չեն կարողանում արդիականացվել, բիզնեսում դեռևս տեսանելի է քրեական ենթամշակույթի տարրերի առկայությունը, մենեջմենթի և վերակառուցման ձևախեղումը և այլն, գալիս է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից։ Ինձ համար սա դասական կակիստոկրատիայի օրինակ է, երբ երկիրը կառավարվում է վատագույն կադրերի կողմից։

REGST. Իսկ ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո։

Աբել Սիմոնյան. Եթե փորձեմ փիլիսոփայորեն մոտենալ այս հարցին, ապա կարող եմ ասել, որ մարդիկ սկսել են ավելի բաց խոսել բիզնեսին վերաբերող խնդիրներից։ Հեղափոխությունը թույլ տվեց, որ մարդիկ հասնեն այն ընկալմանը, որ մեր երկրում բիզնեսը ոչ թե առասպելական տիրույթ է՝ շրջապատված բարձր պարսպով, որտեղ ընդամենը մի քանի հոգի են եղանակ ստեղծում, այլ մի վայր է, որտեղ կարելի է շարունակական աշխատանքի, նորամուծությունների ու նոր գիտելիքների շնորհիվ հասնել արդյունքի։

Ես այս մի տարվա ընթացքում այցելել եմ մոտ 60 ձեռնարկություն, և ինձ համար հաճելի բացահայտում էր այն, որ մի շարք կազմակերպություններում մենեջմենթի առանցքային դեմքերը չէին բարբառում պապենական խոսքերը, այն է՝ «բիզնեսը առաջ չի գնում, որովհետև ժողովրդի ձեռքը փող չկա», «ես ամեն ինչ գիտեմ», «ինչ ուզում ես արա, մեկա չի ստացվի», «մենք հայ ենք, մեր մտածելակերպը ուրիշ ա» և այլն։ Տեսանելի էր, որ կա հստակ ձգտում՝ բիզնեսին նորովի նայելու։ Որոշ ձեռնարկություններում սկսել էին ակտիվ վերապատրաստել աշխատակիցներին, փորձեր էին կատարվում վերազինել կազմակերպությունը՝ ստեղծելով ռելեվանտ կայքէջ, ուղղաձիգ կառավարման համակարգը փոխարինել հարթ կառավարման համակարգով, կիրառել անալիտիկ գործիքներ։

© Աբել Սիմոնյան

Ձեռնարկությունները սկսել են մեծ տեղ հատկացնել մարդու իրավունքների պաշտպանությանը։ Անգլերեն լեզվում կա mindset բառը, որը, եթե թարգմանենք հայերեն, կլինի անձի կամ խմբի կողմից ընդունված մոտեցումների ամբողջություն։ Մեր ձեռնարկություններից մի քանիսը ունեն ուժեղ «mindset», այսինքն կիզակետված են ապագայի վրա՝ կենտրոնանալով ներկա ժամանակում բարելավվելու վրա։ Ես հավատում եմ, որ ընթացքում մեր բազում կազմակերպություններ կկարողանան դուրս գալ թմբիրից և զարգանալ։

Ճիշտ է՝ Հայաստանում հունվար-մայիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 3,9%-ով, շինարարության ծավալները նվազել են 23,4%-ով, առևտրի ոլորտում անկումը կազմել է 10,8%, իսկ մատուցվող ծառայությունների ծավալը կրճատվել է 4,2%-ով։ Սակայն սրա հիմնական պատճառը կորոնավիրուսն է, և ես հուսով եմ, որ կառավարությունը կկարողանա ճկունություն դրսևորել ու դուրս գալ առկա վիճակից։ 3,9% անկումը այնքան էլ ողբերգական չէ, սակայն անկումը մնում է անկում։ Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է խթանի երիտասարդների ներգրավածությունը բիզնեսում և նպաստի նրան, որ մենք ազատվենք նախկին վարչակարգերի խայտառակ ժառանգությունից։

Կրկնում եմ, մենք պետք է ձգտենք ամերիկյան ու եվրոպական ձեռնարկություններին ու կորպորացիաներին բերել Հայաստան ամեն գնով, եթե ուզում ենք, որ մեր բիզնեսը մրցակցի ավելի հզոր խաղացողների հետ և սկսի զարգանալ։

Մեր բիզնեսը անցել է շատ զրկանքների  միջով, սակայն դեռևս շատ զրկանքներ առջևում են, եթե մենք չփոխենք մեր մտածելակերպը բիզնեսի վերաբերյալ։

Telegram

Advertisements