Հատուկ ջոկատայինների ժամանումից հետո Ախալքալաքում հանդարտ է

Ներքին գործերի նախարարությունը նոր ուժեր է կենտրոնացնում Ախալքալաքում: Տեղում են նաև հատուկ ջոկատայինները և քրեական ոստիկանությունը:

© JNEWS \ Անկարգություններ Ախալքալաքում

Փողոցային անկարգություններն Ախալքալաքում դադարեցվել են: Վերջին տվյալներով՝ 1 մարդ սպանված է, առնվազն մեկը հիվանդանոցում է:

Հաղորդվում է, որ բախումները քաղաքի տարբեր փողոցներում շարունակվել են հյուրանոցի սեփականատիրոջ և սպանված երիտասարդի կողմնակիցների միջև: Ենթադրվում է, որ հյուրանոցի սեփականատերը կապ ունի կուլիկամցի երիտասարդի սպանության հետ, այդ պատճառով նրանից վրեժ են լուծում:

Շրջանի ղեկավար Բեսիք Ամիրանաշվիլին հայտնել է, որ Ներքին գործերի նախարարությունը նոր ուժեր է կենտրոնացնում Ախալքալաքում: Տեղում են նաև հատուկ ջոկատայինները և քրեական ոստիկանությունը: Շրջղեկի խոսքով՝ անկարգությունները ծագել են «քրեական միջադեպի» պատճառով: Նա չի բացառել Արտսեկ հյուրանոցի տիրոջ մասնակցությունը կուլիկամցի երիտասարդի սպանությանը:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ քաղաքում սպանվել է Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակիչ, ինչից հետո երիտասարդների խումբը կոտրել է Արտսեկ հյուրանոցի դռներն ու պատուհանները, այրել են հյուրանոցը: Նրանք շարունակել են իրենց գործողությունները՝ այրելով նույն հյուրանոցի սեփականատիրոջ տունը և նրա անվան հետ կապվող այլ տներ՝ ընդհանուր՝ 4-ը: Վնասվել են նաև մեքենաներ:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «միտումնավոր սպանության» և «զենք-զինամթերքի անօրինական պահման-կիրառման» հոդվածներով:

Telegram

Advertisements