Օդապարիկ-լրտես, կիսահրացան-կիսագնդացիր, ավտոմեքենա-ուղղաթիռ, վերգետնյա ռազմական ռոբոտներ, քիմիական լազերով ինքնաթիռ և այլն. նախորդ դարի անավարտ մշակումները:
Տարեկան տասնյակ նախագծեր են մշակվում, որոնից շատերը կարելի է համարել առաջադեմ ու ամբիցիոզ: Սակայն նույնիսկ ամենախոստումնալից տեխնոլոգիաները, զենքի և ռազմատեխնիկայի մոդելները կարող են մնալ թղթի վրա և կյանքի չկոչվել տարբեր պատճառներով: Ներկայացնում ենք ռազմական 12 մշակումներ, որոնք կարող էին մեծ ապագա ունենալ, բայց այդպես էլ մնացել են անավարտ:
1. Օդապարիկ-լրտես
Թվում էր՝ օդապարիկների դարաշրջանը դիրիժաբլների հետ անցել է պատմության գիրկը դեռևս նախորդ դարի 30-ականներից: Սակայն վերջերս փորձ է արվել վերակենդանացնել այս թռչող հսկաներին, ընդ որում՝ ռազմական նպատակներով հարմարեցնելով: Այդպես ԱՄՆ-ում հայտնվել է օդապարիկ-լրտեսների ստեղծման ծրագիրը. դրանց շահագործումն ու սպասարկումն ավելի մատչելի է, քան նույնատիպ անօդաչուներինը:

Այդ ծրագրի շրջանակներում 2005թ. մեկնարկել էր միաժամանակ 3 նախագծի մշակում, որոնք պետք է բավարարեին ամերիկյան բանակի պահանջները: Դրանք բոլորը հանգեցին հետևյալին. մեծ չափի՝ ընդհուպ մինչև 100 մ երկարությամբ դիրիժաբլը պետք է գտնվի ռազմական գործողությունների տարածքում և բարձրորակ սարքավորումներով տեղեկատվություն հավաքի: Որոշվել էր առաջին փորձարկումը կատարել Աֆղանստանում: Սակայն նախատիպերի մոտ մի շարք կառուցվածքային անկատարությունները հանգեցրեցին 2013թ. ծրագրի դադարեցմանը:
2. XM29 OICW
20-րդ դարի 90-ականներին ամերիկյան Alliant Techsystems և գերմանական Heckler & Koch ընկերությունները սկսել են համատեղ ծրագիր մշակել նոր զինատեսակ: Պետք է ստացվեր կիսահրացան՝ 5,56 մմ տրամաչափով ստանդարտ փամփուշտներով, կիսով չափ գնդացիր՝ 20 մմ տրամաչափով հեռահար պայթեցմամբ բեկորային ռազմամթերքով:

1999թ. արտասովոր կոնցեպտի համար մշակվել է XM29 OICW մոդելով կառուցվածքը: Այն ժամանակ սա նման է եղել վիդեոխաղերի ֆուտուրիստական «թնդանոթի»: Սակայն իրականում կոնցեպտը չի արդարացրել պատվիրատուների սպասումները. այն քիչ արդյունավետ էր. նռնակի խոցելիության անբավարարություն, զենքի «անհամատեղելի քաշ»: Ծրագիրը դադարեցվեց 2004թ.:
3. Ավտոմեքենա-ուղղաթիռ
Երկրորդ համաշխարհայինից առաջ և դրա ընթացքում ինժեներները փորձել են ստեղծել այնպիսի զենք կամ ռազմատեխնիկա, որի ունակություններն ու բնութագիրը կարող էին այժմ էլ տպավորիչ լինել: Այդպիսի տարօրինակ նախագծերից մեկն ուղղաթիռի և ավտոմեքենայի համադրությունն էր:

Այդպիսի մեքենա որոշել են նախագծել բրիտանական բանակի ինժեներները: Արդյունքում ստացվել է ագրեգատ, որն իրենից ներկայացրել է ամենագնաց՝ պոչով և ուղղաթիռի պտուտակով: Մեքենան հաջողությամբ օդ է բարձրացել: Սակայն շուտով պարզ է դարձել, որ գործնականում ավելի հեշտ է վերգետնյա տեխնիկան տեղափոխել ինքնաթիռների միջոցով, քան տասնյակ և հարյուրավոր «հիբրիդներով»:
4. Վերգետնյա ռազմական ռոբոտներ
Երբ 1990-ականների վերջին և 2000-ականների առաջին կեսին անօդաչու թռչող սարքերն ապացուցեցին իրենց արդյունավետությունը Միջին Արևելքի ռազմական հակամարտություններում, դրանք դարձան ամերիկյան բանակի սպառազինության հիմնական տեսակներից: Վերգետնյա ռոբոտներն իրենց հերթին քիչ պահանջված էին:

Իրավիճակը փոխվեց 2007թ.՝ Իրաքի ռազմական գործողությունների ընթացքում: Այնտեղ ուղարկվել են վերգետնյա ռազմական ռոբոտներ՝ կրակելու համար համապատասխանեցված TALON ռոբոտները: Սակայն նրանց պատմությունն ավարտվեց դեռ չսկսված. իրական ռազմական գործողություններին դրանք այդպես էլ չմասնակցեցին: Պատճառն այն էր, որ ռոբոտները ձախողեցին փորձարկումները. կառավարումը կորցրեցին և շարքից դուրս եկան:
5. Boeing YAL-1
Boeing YAL-1-ը փորձարարական ռազմական ինքնաթիռի կոնցեպտ է, որը պետք է ոչնչացներ հակառակորդի օբյեկտները, այդ թվում՝ բալիստիկ հրթիռները՝ կիրառելով քիմիական հզոր լազեր: Այդպիսի ծրագրի մասին առաջին հիշատակումները թվագրվում են նախորդ դարի 80-ականներով, սակայն առաջին իրական արդյունքները ստացվել են 2002-ին, երբ հավաքվել է ինքնաթիռի փորձնական նմուշը:

Այդ համակարգի գլխավոր առավելությունն այն էր, որ կարող էր ոչնչացնել դեռևս թռիչքի մեկնարկային փուլում գտնվող, միջուկային մարտագլխիկով թևավոր և բալիստիկ հրթիռները: Սակայն նույնիսկ այդպիսի խոստումնալից տեխնոլոգիան, պարզվեց, անպաշտպան գտնվեց ԱՄՆ ռազմական բյուջեի կրճատման հանդեպ: Հենց այդ պատճառով էլ 2001թ. ծրագիրը փակվեց, իսկ երեք տարի անց միակ Boeing YAL-1-ն ուտիլիզացվեց:
6. «Ալմաստե գետաքար»
«Ալմաստե» կամ «Ադամանդե գետաքար» ծրագիրը մշակվել է Պաշտպանական ռազմավարական նախաձեռնության (ՊՌՆ) շրջանակներում, որը Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ի հակահրթիռային համաշխարհային ցանց էր: Ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր նախագահ Ռոնալդ Ռեյգանը՝ 1983թ. մարտի 23-ին: Այն բաղկացած էր տվյալ ուղղությամբ գիտահետազոտական գործունեությունից և փորձակոնստրուկտորական նախագծային աշխատանքներից:

Առկա տվյալների համաձայն՝ «Ալմաստե գետաքարն» առաջարկվել է դեռ 1986թ. և նախատեսել է 4 հազար ռազմական կինետիկ արբանյակ-որսիչներից բաղկացած ցանցի ստեղծում, որոնք պետք է ուղիղ բախմամբ կինետիկ հարվածով խոցեին խորհրդային հրթիռներին: Այդ համակարգը համարվել է ՊՌՆ-ի ծրագրերից ամենահեռանկարայինը, սակայն այն չիրականացվեց 1980-ականներին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո դրա անհրաժեշտությունն այլևս չկար. 1994թ. ծրագիրը դադարեցվեց:
7. «Tail-sitter»
Ուղղաձիգ բարձրացող թռչող սարքի կոնցեպցիան կյանքի կոչելու փորձերը ձեռնարկվել են ավիացիայի ստեղծումից շատ ուշ: Առաջին մշակումներից մեկը կատարվել է նախորդ դարի կեսերին:

«Թեյլսիթերի» ստեղծման ծրագիրը սկսվել է 1950-ականներից: Սրանք «պոչի վրա նստող» ինքնաթիռների առաջին օրինակն էին: Թեև փորձնական նմուշները լավ արդյունք են գրանցել, սակայն պարզվել է, որ ուղղաձիգ դիրքով օդ բարձրանալն ու վայրէջք կատարելն օդաչուներից մեծ զգուշություն ու վարպետություն է պահանջում: Կյանքին սպառնացող կառավարումն էլ ծրագրի փակման պատճառ է դարձել, թեև թեյլսիթերների կոնցեպցիայի հիմնական բաղադրիչները հետագայում կիրառվել են դրոնների ստեղծման համար:
8. «Gyrojet»
1960-ականների սկզբին MB Associates ընկերությունը սկիզբ է դրել հրթիռային յուրահատուկ ատրճանակների ու հրացանների ընտանիքի ստեղծմանը: Ընդհանուր առմամբ՝ դրանք այնքան էլ վատը չէին. արդյունավետ էին ու անաղմուկ:

Սակայն դրանց ստեղծման ընթացքը հաջողակ չէր: Գլխավոր հաջողությունը, թերևս լեգենդար գործակալ 007 Ջեյմս Բոնդի «Ապրում ես միայն կրկնակի» ֆիլմում հայտնվելն էր: Գործնական կիրառությունը ցույց տվեց, որ այն բավարար չափով նշանառու չէր, մոտ տարածություններում գնդակը քիչ արդյունավետ էր, հաճախ չէր կրակվում:
9. RAH-66 «Կոմանչ»
Այս նախագիծը կյանքի չկոչվածներից ամենաթանկն ու նշանավորն էր: RAH-66 «Կոմանչ» ինքնաթիռը նախատեսվում էր դարձնել նոր սերնդի ուղղաթիռ-հետախույզ, որը պետք է ունենար ստելս-տեխնոլոգիաներ և նորարարական թվային սարքավորումներ:

Այս նախագծի համար ծախսվել է շուրջ 7 մլրդ դոլար: Բայց դա չօգնեց. 2004թ. ծրագիրը դադարեցվեց: Ընդ որում՝ պատճառը ոչ թե ֆինանսավորման դադարումն էր, այլ մշակման ոչ նպատակահարմարությունը. 2000-ականների կեսերին արդեն ակնհայտ էր, որ տեղեկատվության հավաքման համար անօդաչու թռչող սարքերն ավելի արդյունավետ են:
10. VZ-1 Pawnee
Նախորդ դարի կեսերին սկսվել էր ռազմական մեկ այլ նախագծի մշակում, որը բավականին յուրօրինակ էր: VZ-1 Pawnee-ն թռչող հարթակ է: Այն մտադիր էին արտադրել Hiller Helicopter ընկերության մասնագետները:

Մշակումը սկսվել էր 1950-ականներից և մեկ մարդու համար թռիչքային հարթակ էր, որն օդ էր բարձրանում ներքևից ուղղաթիռային երկու պտուտակների օգնությամբ: Այն կառավարվում էր օդաչուի մարմնի հենման միջոցով: Թեև փորձարկումները հաջողություն են գրանցել, սակայն ռազմական պայմաններում կիրառման տեսանկյունից համարվեց դանդաղաշարժ և դյուրաբեկ:
11. Future Combat Systems (FCS)
Հետագա զարգացումից կարող է զրկվել ոչ միայն առանձին նախագիծ, այլ զանգվածային ռազմական ծրագիր: Այդպես է տեղի ունեցել Future Combat Systems-ի հետ: Այն կոնցեպտների համակարգ էր, որի նպատակն ամերիկյան բանակի նոր տեսակի ստորաբաժանման ստեղծումն էր: Ծրագիրը ներառում էր նոր ընդունիչներ, տանկեր, ՀՄՄ-ներ, ինչպես նաև կառավարման ենթահամակարգեր:

FCS-ի շրջանակներում պետք է կիրառվեր նոր տանկ՝ XM1202-ը: Այն ոչ մեծ, զորաշարժային զրահամեքենա էր՝ զինված 120 մմ-անոց թնդանոթով: Սակայն երբ հայտնի դարձավ, որ տանկը և մյուս կոնցեպտներն առավելություն չունեն ռազմատեխնիկայի մյուս նմուշների նկատմամբ, ծրագիրը համարվեց քիչ արդյունավետ և փակվեց:
12. Expeditionary Fighting Vehicle (EFV)
Եվս մեկ ամբիցիոզ գաղափար՝ Expeditionary Fighting Vehicle նախագիծը պետք է ԱՄՆ բանակի համար նորարարական ռազմական մեքենա հանդիսանար և բավարարեր ծովային հետևակի պահանջները: Այն պետք է ունենար ոչ փոքր ռազմական հզորություն, լավ պաշտպանություն և արդյունավետ արագություն:

Սակայն փորձարկումների փուլում ի հայտ եկան մի շարք անբավարարություններ, որոնք փաստացի կասեցրեցին EFV-ը արտադրությունը: Օրինակ՝ մեքենան ջրում չէր կարողանում հասնել առավելագույն արագության, ուժային կարգավորումը բարդ էր: Բացի այդ՝ այն արժեր 25 մլն դոլար: EFV-ն քննադատվեց նաև խոցելիության համար. հականավային միջոցներն այն ժամանակ բավականին արդյունավետ էին: