Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ աշնանը պացիենտների թվի ամենօրյա վիճակագրությունն աճելու է:
Նկարը՝ © EEAS
Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ աշնանը Վրաստանում սպասվում է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ, մասնավորապես՝ պացիենտների քանակի ավելացում օրական կտրվածքով:
Տիկարաձեի խոսքով՝ Covid-19-ով վարակվածների թվի աճ սպասվում է ոչ միայն Վրաստանում, այլև աշխարհի այլ երկրներում: Նախարարը նշել է, որ կանխատեսվում է երկրորդ ալիք և վիճակագրության աճ: Նրա խոսքով՝ տեղեկատվությունը հանրությունից չի թաքցվում և կոչ է արվում պահպանել հակահամաճարակային կանոնները, քանի որ դեռևս տևական ժամանակ ստիպված են լինելու ապրել կորոնավիրուսի հետ:
Վրաստանում մինչ օրս լաբորատոր հետազոտության արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել 1264 մարդու մոտ: Առողջացել են 1054-ը: Covid-19-ի բարդացումից մահացել է 17 մարդ: 7068 քաղաքացի մեկուսացված է, 242-ը բժիշկների հսկողության ներքո են:
Նախօրեին Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում էր կայացրել Մեստիայի շրջանը կարանտինային գոտի հայտարարելու մասի, որտեղ օգոստոսի 10-ին վարակվածության 17 դեպք էր հաստատվել: Հայտնի է դարձել, որ բոլոր վարակվածները նույն ընտանիքի անդամներ են, ովքեր վարակվել են հյուրից: